«Այն հնարավորությունները, որ տրվեցին Փաստահավաք խմբի միջոցով, ամբողջությամբ օգտագործեցինք: Ուրիշ ի՞նչ եք առաջարկում: Ուրիշ ի՞նչ կարող ենք անել, որ չենք անում: Թող մեկը ձեւակերպի, եթե կարող է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով հնչող հարցերին, թե ինչո՞ւ են թուլացրել մարտի 1-ի բացահայտման համար մղվող պայքարը: «Եթե առաջարկում են Ազատության հրապարակում թատրոն եւ ժողովրդական դատարան կազմակերպել, կներեք, ինձ համար դա ծիծաղելի գաղափար է: Եվ այն մարդիկ, ովքեր դա ուզում են անել, ես իրենց առաջարկում եմ դա անել: Իրենք դա չեն անում, որովհետեւ հոգու խորքում հասկանում են, թե ինչքան ծիծաղելի գաղափար է: Մենք իրական արդարադատության կողմնակից ենք»,- ավելացրել է նա: Նշենք, որ նման առաջարկի մասին նախօրեին հարցազրույցներից մեկում խոսել էր Փաստահավաք խմբի եւ ՀԱԿ-ի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը:
«168ԺԱՄ»