Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեվորգ Պողոսյանի հետ
-Պարոն Պողոսյան, վերջին տարիներին մեզանում աննախադեպ ակտիվացել են տարբեր առիթներով ստեղծվող նախաձեռնող խմբեր: Ինչի՞ մասին է դա վկայում:
-Գիտական, քաղաքագիտական միջավայրում հասարակական նախաձեռնող խմբերի երեւույթը կոչվում է մասնակցային ժողովրդավարություն: Մեր երկրի, ինչպես նաեւ հետխորհրդային գրեթե բոլոր պետությունների հասարակությունները այսօր դեռ ֆորմալ ժողովրդավարության փուլում են: Մեր ժողովուրդը, քաղաքացին, լինի կուսակցական կամ անկուսակցական, քաղաքական կյանքին մասնակցում է միայն ընտրությունների ժամանակ եւ ընտրությունից ընտրություն:
90-ականների ավարտին մասնակցային ժողովրդավարությունն ուսումնասիրելու նպատակով հատուկ մեծ ծավալի հետազոտություն իրականացվեց, որին արեւմտաեվրոպական, արեւելաեվրոպական ու հետխորհրդային ավելի քան 45 պետությունների հետ մասնակցեցինք նաեւ մենք: Այդ հետազոտությունը բացահայտեց, որ հետխորհրդային բոլոր երկրներում, բացի Մերձբալթյան պետություններից, ժողովրդավարությունն ընկալվում էր հենց միայն ընտրություններին մասնակցելու ձեւով:
Մինչդեռ Արեւմտյան Եվրոպայում ժողովրդավարություն ասելով հասկանում են մասնակցություն ոչ միայն պետությանը, այլեւ իրենց քաղաքին, գյուղին, շրջանին առնչվող հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելուն: Մասնակցության ձեւերն էլ են տարբեր՝ հանրաքվե, պիկետ, հարցում: Այսինքն՝ Արեւմուտքում քաղաքացին ոչ միայն ընտրության ժամանակ է քվեարկում, այլեւ մինչեւ հաջորդ ընտրություն հարյուր կամ հազար անգամ էլ տարբեր ձեւերով իր կարծիքն է հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ:
Այս կերպ նրանք մասնակցում են երկրի ղեկավարմանը, քաղաքականություն մշակելուն: Մեր ժողովուրդն այսօր այս ամենից օտարված է, ժողովրդին ոչ մեկը չի էլ հարցնում, թե ինչ է մտածում իր կյանքի այս ու այն կողմի մասին: Մեզանում առաջացող այս հասարակական ու նախաձեռնող խմբերի գոյությունը պետք է ողջունել, քանի որ սա ժողովրդավարության նոր փուլն է:
-Ի՞նչ հիմքեր ունի այդ մասնակցային ժողովրդավարությունը, ի՞նչ խնդիր է լուծում:
-Այստեղ երկու կողմ կա: Նախ՝ պետք է գիտակցենք, որ այսօրվա մեր երիտասարդությունը ծնվել կամ իր ողջ գիտակից կյանքն ապրել է անկախ Հայաստանում: Նրանք հոկտեմբերիկ, պիոներ, կոմերիտական չեն եղել, խորհրդային համակարգը նրանց խորթ է: Այս սերունդը չի համակերպվում արատներին ու սխալներին, այլ բողոքում, ընդվզում է: Մենք հիմա քաղում ենք մեր քսանամյա անկախության առաջին պտուղները:
Մենք պետք է գիտակցենք նաեւ ինտերնետ ռեալությունը եւ ֆեյսբուքի, ֆլեշ-մոբի երեւույթը, որ եկավ Արեւմուտքից՝ իր հետ բերելով ազատության քամին: Հիմա յուրաքանչյուրը ֆեյսբուքում իր կարծիքը ամեն ինչի մասին ինչ ձեւով ու բառերով ուզի՝ կարող է արտահայտել: Չկա որեւէ սահմանափակում, գրաքննություն:
Այս ազատությունը կարող է նաեւ զայրացնել, բայց միաժամանակ ազատ մեկը մյուսին այս կերպ զսպում է: Ստացվում է, որ անարխիան կարգուկանոնի մայրն է: Ստացվում է, որ անկախ Հայաստանի առաջին ազատ սերունդը ստացել է մի տիրույթ, որտեղ կարող է ազատորեն արտահայտվել, ու իրեն լսեն հարյուր հազարավորները:
Բայց կա այս ամենի երկրորդ երեսը, որը միայն մեզ մոտ չէ, այլ ամենուր է: Այս հասարակական շարժումները, նախաձեռնող խմբերը մենք տեսանք ե՛ւ Լատինական Ամերիկայում, ե՛ւ Միացյալ նահանգներում, ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ արաբական աշխարհում: Այս ամենը կապի մեջ է, նույն ալիքն է, դարաշրջանի ոգին է: Աշխարհի բոլոր երկրներում կուսակցությունները հնացել են, քաղաքական շարժումները բոլորին ձանձրացրել են: Քաղաքացին, մարդն իրեն վանում է այս ամենից:
Հիմա առավել հետաքրքիր են դառնում անբռնազբոս քաղաքացիական նախաձեռնությունները, քանի որ այս շարժումները իշխանության չեն ձգտում, այլ ուղղակի ուզում են իրենց կյանքը կարգավորել, մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը: Սա միանգամայն նոր իրականություն է, թեեւ կուսակցական ու քաղաքական համակարգերը դեռ պահպանվում են: Մենք հիմա նոր փուլի շեմին ենք:
-Ստացվում է, որ ընտրություններում 80 կամ 100 հազար քվե ստացած կուսակցությունը իր նվազագույն ներկայությամբ խորհրդարանում ոչինչ չի կարողանում անել, իսկ 80 կամ 100 հոգիանոց նախաձեռնող խումբը խնդիր է լուծում: Բա ո՞ւր մնաց ժողովրդավարությունը:
-Այո, նույնիսկ 8 կամ 10 հոգով նախաձեռնող խումբը կարողանում է անել ավելին, քան քաղաքական կուսակցությունը: Բայց պետք է հասկանալ, թե ինչու է այդպես: Երբ կուսակցությունը հարց է բարձրացնում, ելնում է իր կուսակցական շահերից, ինչը երբեմն համընկնում է հասարակության այս կամ այն խմբի շահերին, բայց ավելի հաճախ չի համընկնում: Իսկ այն խնդիրը, որ հետապնդում են այդ 8 կամ 10 հոգին, հենց հասարակության ներսից ծնված պահանջով են առաջանում եւ հասարակության մեծ մասի աջակցությունն են ստանում:
Գուցե այդ տասնյակ մարդկանց նախաձեռնող խմբին շատերը չմիանան, բայց հարյուր հազարները կարող են սատարել իրենց տանը նստած: Այդ շարժումները, քանի որ կուսակցական չեն, նաեւ իշխանություն դառնալու նպատակ չեն հետապնդում, սեփական խնդիրներ չեն լուծում, այլ հասարակական խնդիր են փորձում լուծել: Այս հասարակական նախաձեռնությունները ստեղծվում են, որ բնությունը չապականվի, որ քաղաքի կանաչ տարածքը բիզնեսը չզավթի, որ օրինականություն լինի: Իսկ դա բոլորիս շահն է:
-Իսկ մտավախություն չի՞ առաջանում, երբ, գոնե մեր երկրում, այդ հասարակական նախաձեռնությունները քաղաքականացվում են, կուսակցականացվում են եւ հենց իշխանափոխության խնդիր են առաջադրում:
-Այդ մտավախությունը ես էլ ունեմ: Իրոք, այս շարժումները շատ արագ իշխանության են ձգտում: Իրոք, գործող կուսակցությունները այս շարժումները ձգտում են օգտագործել իրենց քաղաքական շահերի համար: Արտաքին շատ ուժեր եւս պատրաստ են խրախուսել, ֆինանսավորել այս հասարակական շարժումները, որ հետո հեծնեն, ուղղորդեն, օգտագործեն: Իրոք, շարժումը ծնվում է հասարակական պահանջից, բայց շատ երկար անմեղ չի մնում: Ինչպես անարատ աղբյուրը, որ մինչեւ դաշտ է հասնում՝ հսկայական տիղմ ու աղբ է բերում:
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց Աշխարհ»