Մեր զրուցակիցը ԼՂՀ նախագահի մամուլի պատասխանատու, քաղաքագետ Դավիթ Բաբայանն է
-Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը։ Ի՞նչ նոր շեշտադրումներ եղան ԼՂՀ նախագահի հետ միջնորդների հանդիպման ընթացքում։
-Իհարկե, բեկումնային որեւէ երեւույթ չի արձանագրվել։ Համանախագահները կրկին խոսել են կայունության եւ խաղաղության պահպանման անհրաժեշտության մասին, այդ տեսանկյունից բարձր են գնահատել մեր հավասարակշիռ կեցվածքը. որ հակառակորդի ապակառուցողական քայլերին ապակառուցողական պատասխան չենք տալիս։
Կարող եմ ասել, որ հանդիպումն ընդհանուր առմամբ կառուցողական մթնոլորտում է անցել. հիմնական շեշտադրումն այն էր, որ կարեւոր է պահպանել կայունությունը հակամարտության գոտում, ձեռնպահ մնալ հրադադարի ռեժիմի խախտումներից եւ փորձել գտնել քաղաքական կարգավորման ավելի նպաստավոր ինչ-որ եղանակներ։
Նախագահ Բակո Սահակյանը եւս մեկ անգամ ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, ընդգծել, որ հենց Ադրբեջանի պահվածքն է խնդրի հանգուցալուծման ամենամեծ խոչընդոտը, եւ ինչքան շուտ վերականգնվի բանակցային ձեւաչափը, այնքան լավ։
-Ռուսաստանցի համանախագահն ասել է՝ երբ կողմերը ձեռնամուխ լինեն խաղաղության համաձայնագրի մշակմանը, այն ժամանակ էլ, ըստ ամենայնի, Արցախը կմիանա բանակցային գործընթացին։ Սա չի՞ նշանակում, որ կարգավորման հիմնարար սկզբունքները, այնուամենայնիվ, փորձ է արվում համաձայնեցնել առանց ԼՂՀ մասնակցության։
-Մենք բազմիցս հայտարարել ենք, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում, լինի դա տարբեր փաստաթղթերի նախապատրաստման, կոնկրետ առաջարկությունների քննարկման, թե համաձայնությունները կյանքի կոչելու փուլում։ Սա պարզ է։
Բայց նաեւ պետք է հասկանալ, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի։ Այս իռացիոնալ ձեւաչափը, երբ Ղարաբաղն անմիջականորեն ներգրավված չէ բանակցային գործընթացում, իհարկե լավագույն տարբերակը չէ, բայց գերադասելի է բանակցությունների սառեցումից։
Համանախագահները, նաեւ իրենց պետությունների հետաքրքրություններից ելնելով, շահագրգռված են, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն պահպանվի, բայց սրանից իհարկե չի հետեւում, թե այս իռացիոնալ ձեւաչափով հնարավոր է հասնել խնդրի վերջնական կարգավորման։ Դրա համար էլ ասում են՝ երբ պահը կգա, ԼՂՀ-ն կվերականգնի իր մասնակցությունը։ Մենք հասկանում ենք, որ դա երկարատեւ աշխատանք եւ ջանքեր է պահանջում՝ հատկապես հաշվի առնելով ադրբեջանական կողմի ապակառուցողական, հայատյաց քաղաքականությունը։
-ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը Երեւանում, ըստ էության, առաջին անգամ ի լուր աշխարհի բարձրաձայնեց, որ այսօրվա դրությամբ չարյաց փոքրագույնը ստատուս քվոյի պահպանումն է։ Կարելի՞ է ասել, որ հայկական կողմի դիրքորշումն ավելի ընկալելի է դարձել միջազգային հանրության համար։
-Միջազգային հանրության համար ավելի ընկալելի է դարձել ե՛ւ հայկական կողմի դիրքորոշումը, ե՛ւ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը։ Նրանք տեսնում են, որ Բաքուն որեւէ ձեւով չի ուզում գնալ որեւէ կառուցողական քայլի։
ԼՂՀ-ն այսօր փաստացի անկախ պետություն է եւ ի վիճակի է պաշտպանել իր անկախությունը։ Ստատուս քվոն գործում է արդեն 20 տարի, եւ հիմա փնտրել այլ տարբերակներ՝ չիմանալով, թե ինչի կարող է դա հանգեցնել, նշանակում է մտնել մի ավանտյուրայի մեջ, որի հետեւանքները որեւէ մեկը չի կարող կանխատեսել։ Քանի դեռ չկա ռեալ գործող տարբերակ, որը այս կամ այն չափով ընդունելի է հակամարտության բոլոր կողմերի համար, լավագույն լուծումը գոյություն ունեցող իրավիճակը պահպանելն է։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիեւի հայտարարությունը, թե կարիք չկա պատեպատ զարկվել՝ ընդամենը պետք է զինվել համբերությամբ եւ սպասել Հայաստանի «փլուզմանը», որից հետո «Խանքենդին» վերցնելը տեխնիկայի խնդիր կլինի։
-Սա թեկուզ տարօրինակ, բայց հետաքրքիր հայտարարություն է։ Փաստորեն, Ալիեւը հասկացել է, որ զինված ագրեսիայի միջոցով չի կարող հաղթել Հայաստանին ու Ղարաբաղին, եւ գիտակցում է, թե ռազմական նոր ավանտյուրան ինչով կարող է վերջանալ։
Սա նաեւ նշանակում է, որ միջազգային հանրության, համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունները, մասնավորապես Լոս Կաբոսում ընդունված հայտարարությունը, որտեղ նրանք խստորեն զգուշացնում են կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից, ինչ-որ ձեւով սթափեցրել են Ադրբեջանին։
Մյուս կողմից՝ Ալիեւը բացեիբաց հայտարարում է, որ Ադրբեջանը հավակնություններ ունի ոչ միայն Արցախի Հանրապետության, այլեւ Հայաստանի տարածքների նկատմամբ, որովհետեւ եթե Հայաստանը «փլուզվում» է, դադարում է որպես պետություն գոյություն ունենալուց, բնականաբար Ադրբեջանը, ինչպես հավանաբար կարծում է Ադրբեջանի նախագահը, կարող է գրավել այդ պետությունը։ Սա քաղաքական ֆաշիզմի, շիզոֆրենայի դրսեւորում է։
Ինչի՞ մասին կարելի է խոսել այդպիսի մարդու եւ այդպիսի պետության հետ։ Առավել եւս, որ այդ պետությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, թեկուզեւ ժամանակավոր, անդամ է։ Դա ուղղակի աբսուրդ է՝ բացահայտ արհամարհանք միջազգային իրավունքի եւ միջազգային այդ հեղինակավոր կազմակերպության հանդեպ։ Կարծում եմ, Ադրբեջանն իր հիստերիկ պահվածքով կամաց-կամաց ցույց է տալիս իր դեմքը, եւ ավելի ու ավելի շատ պետություններ արդեն սկսում են հասկանալ՝ ում կամ ինչի հետ գործ ունեն։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ»
Կարդացեք նաև