(Երբ չես ուզում ապրել, չի նշանակում, թե ուզում ես մեռնել)
Կամո Վարդանյանը հոգեբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, զբաղվում է սուիցիդի (ինքնասպանությունների) պրոբլեմով, մանկավարժական համալսարանի գիտահետազոտական կենտրոնի տնօրենն է, դասավանդում է մի շարք ուսումնական հաստատություններում, 60-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է: Նրա դոկտորական ատենախոսությունը` «Անձի հոգեբանական առանձնահատկությունների դերը սուիցիդալ վարքի պատճառականության շղթայում», ինքնասպանությունների պատճառականությանն ու կանխարգելմանն է վերաբերում: Կ. Վարդանյանի հետ «Ազգի» զրույցը բազմաթիվ խնդիրների առնչվեց, հրապարակում ենք որոշ հատվածներ միայն, որոնք վերաբերում են ինքնասպանի վարքին, ինքնասպանությունների կանխարգելման անհրաժեշտությանն ու հնարավորությանը, լրատվամիջոցների վարքագծին` ինքնասպանությունների վերաբերյալ լրատվությունը հրապարակելիս:
Մարդուն տրված է կյանք, սակայն երբեմն աստծո տված այդ պարգեւից մարդը հրաժարվում է ինքնակամ: «Ինչո՞ւ» հարցի պատասխանը բազմաշերտ է, կախված բազմաթիվ գործոններից: Դրդապատճառներից մեկ-երկուսի մասին խոսելը մասնագետները սովորաբար սխալ են համարում` ինքնասպանության պատճառահետեւանքային կապերի մեջ են գենետիկ հակվածությունը (առնվազն վեց գեներ կան, որ կանխորոշում են մարդու նախատրամադրվածությունը, այսինքնՙ գենետիկ հետազոտությունները որոշ առումով կարող են հարցին պատասխանել), ցածր ինքնագնահատականը, սեփական ուժերի նկատմամբ տարբեր պատճառներով վստահության պակասը, սոցիալական միջավայրը, անձնական դժբախտությունները եւ այլն: Սուիցիդենտին բնորոշ են դեզադապտացիան` չհարմարվողականությունը, կյանքի պրոբլեմներում կողմնորոշվելու անկարողությունը, հիվանդագին վախը, սեփական անօգնականության գիտակցումը, աուտոագրեսիան, իրականության աղճատված ընկալումը, հոռետեսությունը եւ այլն:
«Ինչո՞ւ» հարցին այժմ պատասխան է որոնվում ոչ միայն գենետիկ եւ սոցիալական հարթություններում, այլեւ մոլեկուլյար ուսումնասիրությունների մակարդակով, որպես հոգեբանության նյութ: Կ. Վարդանյանն ասում է, որ այսօր հոգեբանությունն ուսումնասիրում են մոլեկուլի մակարդակով. պարզաբանված է, որ ինքնասպանության հակվածություն առաջանում է, երբ ուղեղում գտնվող միջբջջային նյութերը, ասենքՙ սերոտոնինի քանակը, պակասում են: Քիմիական նյութի պակասը մարդուն բերում է ընկճախտի (դեպրեսիայի) եւ նախասուիցիդալ շրջանի:
Կարդացեք նաև
Մարդիկ ինքնակամ հեռանում են կյանքից, երբ այլեւս ելք չեն գտնում անտանելի իրավիճակից կամ այնքան դժբախտ են զգում իրենց, որ կյանքը նրանց աչքում ոչինչ չի արժենում այլեւս: Այս երեւացող պատճառների հենքը կարող է, ուրեմն, առավել խորքային լինել ու տասնյակ ենթապատճառներով ականապատված, քանի որ մարդկանց մի մասը ծայր աղքատության մեջ եւ նույն պատճառահետեւանքային կապերի առկայությամբ ինքնասպանություն չի գործում, ուրիշները գործում են: Աշխարհում տարեկան ինքնասպանություն է կատարում մոտ 1 մլն մարդ, ինքնասպանությունների փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներովՙ 2020 թ 1, 53 մլն մարդ ինքնասպան կլինի, ինքնասպանության փորձ անելու հակվածների թիվը տասնյակ անգամ ավելի մեծ կլինի: Այսինքն` երբ աշխարհն ավելի զարգանա, բարձր տեխնոլոգիաների եւ կյանքի ընդհանուր զարգացման ֆոնին, միջին հաշվով յուրաքանչյուր քսան րոպեն մեկ մարդ ինքնասպանություն կգործի, եւ յուրաքանչյուր 1-2 վայրկյանը մեկ սուիցիդալ փորձ կկատարվի: Սա կարելի է համեմատել համաշխարհային պատերազմների զոհերի թվերի հետ միայն:
Հարցին պատասխան որոնելը հատկապես հայերիս համար կարեւոր է, քանի որ Հայաստանում այժմ առկա վիճակագրությամբ ինքնասպանությունը անհանգստացնող չափերի է հասնում, այն երիտասարդանում է, եւ, սակավամարդ ազգ լինելով, մենք պետք է մտածենք ինքնասպանությունները կանխարգելելու ու, ինչպես հոգեբաններն են ասում, հայից սթրեսակայուն անհատ ձուլելու մասին: Որեւէ իքնասպանության դեպքում առիթը, պատճառն ու պայմաններն անպայման պետք է զուգակցվեն, այդ պարագայում միայն մարդու ինքնասպանության ձգտումն իրականություն կդառնա: Սովորաբար ինքնասպանությունն ունենում է իր նախասուիցիդալ շրջանը: Տարբեր մարդկանց մեջ տարբեր է այդ շրջանը, օրինակ` աֆեկտիվ սուիցիդների ժամանակ դա կարող է կարճ լինել, սակայն սովորաբար դա երկար է տեղի ունենում` մինչեւ անգամ տարիուկես կարող է այդ շրջանը ձգվել: Ինքնասպանությունն անհատական ներքին որոշում է, թեեւ փոխանցման միջոցով եւս կարող է կայացվել` անձի ներհոգեկանում կատարվող գործընթացների արդյունքում նախ, ապա եւ` հնարավոր տարբերակ է ոչ կառուցողական (դեստրուկտիվ) ինֆորմացիայի ազդեցությամբ կատարվող ինքնասպանությունը: Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպսը փորձարարական ճանապարհով ապացուցել է, որ դեստրուկտիվ ինֆորմացիան ֆիքսվելու հատկություն ունի, այդ է պատճառը, որ ինքնասպանությունների վերաբերյալ փաստերը հանրությանը մանրամասն նկարագրել չի կարելի: Երեւույյթը վերլուծելու եւ մեկնաբանելու իրավունքն ունեն միայն մասնագետները, ովքեր գիտեն եւ օգտագործում են տեխնոլոգիաներ, որպեսզի հանրության մեջ բացասական դիրքորոշում առաջանա երեւույթի հանդեպ, ու եւ ինքնասպանություն կատարելու ձգտում չառաջանա: Հետեւապես, այո, հնարավոր է նաեւ չմտածված ձեւով եթերը, ինտերնետը լցնել այնպիսի տեղեկություններով, որոնք անձի վրա ունենան դեստրուկտիվ ազդեցություն եւ մղեն նրան ինքնասպանության: Ինքնասպանությունների կանխարգելման ուղղություններից մեկը հենց դեստրուկտիվ ինֆորմացիայի հոսքի կանխումն է: Կ. Վարդանյանը, երեւույթին նայելով պետությունների անվտանգության հայեցակարգերի տեսակետից` գոնե տեղեկատվությունը մատուցելու մոտեցման ձեւ մշակելու խնդրի մասին է մտահոգվում: Մանավանդ` որոշակի հասարակական շերտեր, պետություններ կարող են շահագրգռություններ ունենալ` այս կամ այն երկրի հասարակությունները ջարդելու իրենց ծրագրերն իրագործելու համար: Այն լրատվամիջոցում, որ պրոֆեսիոնալ է եւ տեղադրում է հասարակության լայն շրջանին իրական հետաքրքրող ինֆորմացիա, այնքան տեղեկատվություն կգտնես, որ ինքնասպանության մասին հետաքրքրական էլ չի լինի կարդալը:
Հայացք ինքնասպանությանը` մասնագիտորեն
Ընդհանուր առմամբ` ինքնասպանություն երեւույթը ագրեսիա է, ագրեսիվ վարք սեփական անձի հանդեպ` աուտոագրեսիա. «Ամեն մի ինքնասպանության դեպքի հետ կապված մենք պետք է ունենանք յուրահատուկ մոտեցում, քանի որ ամեն ինքնասպանության դեպք պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, հատկապես որ վերջին քսան տարում Հայաստանում ինքնասպանությունների դինամիկան աճել է, եւ օրական միջին հաշվով 1,5,-2 ինքասպանություն է տեղի ունենում», ասում է Կ. Վարդանյանը (ինքնասպանությունների մասին Հայաստանի վերաբերյալ վիճակագրությունը տես «Ազգի» հունիսի 29-ի համարում): Վերանշենք նաեւ, որ 100 հազար բնակչին ընկնող ինքնասպանությունների ցուցանիշը ամենաբարձրը Վայքում, Երեւանում եւ Շիրակում է, որտեղ 100 հազար բնակչին 18-20 ինքնասպան է ընկնում (Շիրակում ամենաբարձրն է): Էլի հիշեցնենք, որ եթե 100 հազար բնակչին մինչեւ 10 ինքնասպան է բաժին հասնում, ուրեմն հասարակությունը կոմֆորտային վիճակում է, եթե 10-ից 20 ինքնասպանություն է տեղի ունենաում 100 հազ. բնակչի հաշվով, ուրեմն կա պրոբլեմ, իսկ 20-ից բարձրը ճգնաժամի մասին է վկայում: Այս իմաստով` Հայաստանում թեեւ առայժմ ճգնաժամ չէ, բայց աճի դինամիկա կա, եւ մտահոգվել պետք է: Ընդ որումՙ հետաքրքրական է, որ բարեկեցիկ Շվեդիայում, Շվեյցարիայում 100 հազար մարդուն մինչեւ 42 ինքնասպանության շատ բարձր թվեր են բաժին ընկնում: «Ես չեմ ուզում սոցիալական վիճակով պայմանավորվածության հարցը ժխտել, որոշակի տոկոս կարող է սոցալական վիճակի հետեւանք լինել», ասում է Կամո Վարդանյանը` աշխարհում առկա վիճակագրական տվյալները համեմատելով: Դե իսկ մենք, վերջին շրջանի ինքնասպանությունների վերաբերյալ տեղեկատվությունը քրքրելով, նկատում ենք, այո, գործուն, ծաղկուն տարիքի մարդկանց ինքնասպանությունները գերակշռում են: Եվ նույնիսկ անում ենք այն, ինչ խորհուրդ չի տալիս Կ. Վարդանյանը, այն է` մակերեսում երեւացող պատճառները զննել. զննում ու նկատում ենք շատ ինքնասպանների պարագայում վատ սոցիալական պայմաններ, պարտքի առկայություն, արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքի անդամի բացակայության հետեւանքով լքվածություն, անձնական դժբախտություն, բայց գոնե մակերեսի վրա ամենից տարածված պատճառը վատ սոցիալական վիճակն ու աղքատությունն է: Հատկապես հայ տղամարդ-ինքնասպանները մեծ պարտքից ու մեծ խայտառակությունից փախչում են այս ձեւով:
Սուիցիդի մոդելները
Սուիցիդն ուսումնասիրողները նշում են այս երեւույթի հոգեբանական մոդելավորման մասին, սովորաբար որեւէ ինքնասպանություն իր մեջ իմաստ ունի. դիմացինին պատժելու միջոց, իրադրությունից ելք, ուշադրություն գրավելու ձեւ, բազմաթիվ այլ մոտիվացիաներ կարող են բերել սուիցիդի: Ու վտանգավորն այն է, որ մոդելները կարող են ընդօրինակվել: Օրինակ, եթե ինքնասպանը հայտնի մարդ է` նրա պրոբլեմն ունեցող երկրպագուի համար կարող է նրա վարքը ընդօրինակելի լինել: Գյոթեն գրեց «Երիտասարդ Վերթերի տառապանքները», երկու տարի հետո գիրքը սկսեցին հավաքել տներից, որովհետեւ Վերթերի վիճակում գտնվող երիտասարդներն ընդօրինակում էին Վերթերի վարքը եւ դիմում էին ինքնասպանության: Այսինքն` վարքը իմիտացիա էր արվում, եւ դա կոչվեց Վերթերի Էֆեկտ: Եթե ընտանիքում ինքնասպանություն կա` այդ ընտանիքը ռիսկի խմբում է: Սա մի ավելորդ անգամ հաստատում է, որ ինքնասպանությունների վերաբերյալ ինֆորմացիայի` մատուցումից առաջ մշակումը շատ կարեւոր նշանակություն ունի:
Ինքնասպանի նախասուիցիդալ վարքը հնարավոր է նկատել: Դեստրուկտիվ վարք` ինքնամփոփություն, ծանր ֆիլմեր նայելու հակում, ինքնամեկուսացում, սեփական արժեքավոր իրերի նվիրում, կյանքից զզված լինելու վերաբերյալ հաճախակի հիշատակում. այս կարգի վարքագիծ նկատելիս ընտանիքը (որ ռեֆերանտային խումբ է), շրջապատը, պետք ուշադրություն դարձնեն ու իրենց համարժեք պահվածքով դուրս բերեն պոտենցիալ ինքնասպանին նախասուիցիդալ վիճակից: Յուրաքանչյուր ինքնասպանություն ունի իր իմաստը. կա հոգեբանական տեսություն` մարդն ապրում է` կյանքի համար ունենալով որոշակի իմաստ: Վերցրու նրանից իմաստը, եւ նրա ապրելու ձգտումը դադարում է. «Մենք ունենք ինքնասպանների երեք հոգեվիճակ` հոգեպես առողջ անձանց ինքնասպանություններ, սահմանային հոգեվիճակում գտնվող անձանց ինքնասպանություններ, ախտաբանական ինքնասպանություններ (այսինքն հիվանդ մարդկանց): Թվում է` ավելի շատ հիվանդ մարդիկ կարող են ինքնասպանություն գործել, բայց առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները ցույց են տալիս` վերը նշված հոգեվիճակներ կրողների ինքնասպանությունների համապատասխանաբար 1,6 եւ 1,5 հարաբերակցություն: Այսինքն` հիմնականում սահմանային հոգեվիճակում գտնվողներն են ավելի շատ ինքնասպանություն գործում (6-ը)»:
Կանխարգելող աշխատանքներ
Կ. Վարդանյանը ինքնասպանությունները կանխարգելու համար նախ կարեւորում է մասնագետներ ունենալու եւ նրանց կարծիքը հաշվի առնելու հարցը: Բոլորին չպետք է թվա, թե իրենք հոգեբան են, ամեն մարդ չպետք է վեր կենա ու խոսի ինքնասպանություններից. հոգեբանությունը շատ խոր զարգացել է եւ շատ ճշգրիտ գիտություն է, այդ թվումՙ սուիցիդալ հոգեբանությունը: Հետեւապես ամեն մեկը չէ, որ կարող է խոսել երեւույթի մասին: Պատահական մարդը վիրաբուժությունից կամ ֆիզիկայից չի խոսում, բայց չգիտես ինչու բոլորը հոգեբանությունից են խոսում, վրդովվում է հոգեբանը: Մինչեւ անգամ էզոթերիկ տեսություններ ներկայացնողներն են խոսում դրանից, եւ դա անում են ոչ թե սոսկ իրենց համար, այլ եթերից. «Ինձ թվում էՙ ժամանակն է, որ եթերը պրոֆեսիոնալ լինի, լրատվամիջոցները պրոֆեսիոնալ լինեն գոնե ինքնասպանությունները լուսաբանելիս: Այն ինֆորմացիան տպագրվի (հատկապես գիտական առումով վտանգավորության տեսակետից) որտեղ գիտականության սկզբունքը պահպանված է: Եվ այդ ակտիվ համագործակցության պայմաններում մենք կարող ենք ինչ-որ խնդիրներ հաղթահարել», ասում է Կ. Վարդանյանը` նշելով, թե կանխարգելումը հենվում է այն մեխանիզմի վրա, թե ինչպես անձի սահմանային հոգեվիճակները հանգեցնել նորմայի, այդ դեպքում ինքնասպանությունները կպակասեն»:
Կ. Վարդանյանն ասում է, որ հասարակության մեջ առաջացել է մի խավ, որը գիտական առումով տիրապետում է երեւույթին, սրանք բավական ստվարաթիվ մասնագետներն են տարբեր բուհերում, եւ մի խավ էլ առաջանում է, որն իրազեկված է: Այն անձնավորությունը, որն օբյեկտիվ իրազեկված է, նա ապահովագրված է: Ճիշտ իրազեկումից շատ բան է կախված կանխարգելման համար:
Հետաքրքրական տեղեկատվություն
Բացի բուդդիզմից եւ հինդուիզմից` մյուս կրոնները ինքնասպանության երեւույթը մերժում են, Աստվածաշունչը քննադատում է ինքնասպանությունները` աստծո դեմ գործողություն որակելով դրանք: Ընդ որում` քրիստոնեության մեջ առավել շատ ինքնասպանությունն է քննադատվում, քան սպանությունը, քանի որ սպանություն կատարողը ապաշխարելու հնարավորություն ունի, իսկ ինքնասպանություն կատարողը` ոչ: Բուդդիզմ ու հինդուիզմ կրոններում ինքնասպանությունները ծիսական նշանակություն ունեն: Նայած ինչ գաղափարախոսություններ ունեն նաեւ Հայաստան մուտք գործած տարբեր կրոնական ուղղությունները` այդ տեսակետից էլ պետք է նայենք դրանց ազդեցության տիրույթը ինքնասպանության հետ կապված, հնարավոր է, որ այս կամ այն աղանդում ինքնասպանության երեւույթները դրսեւորվեն:
Հետաքրքրական է, թե հասարակության ո՞ր շերտերի ներկայացուցիչներն են առավել հակված ինքնասպանության` կրթված, ինտելեկտուալ մարդի՞կ, թե՞ միջին կամ ավելի նվազ կրթվածության շերտերի ներկայացուցիչները: Կամո Վարդանյանը մեջբերում է Քամյուի խոսքերը. «Կա մի լուրջ պրոբլեմ` ինքնասպանությունը, նա ուրվական է` չի ճանաչում ոչ ցենզ, ոչ տարիք, ոչ մասնագիտություն, ոչ կրթություն, նա կարող է բոլորի ընտանիքները ներխուժել»: Երբեմն լինում է այնպես, որ չես ուզում ապրել: Բայց դա չի նշանակում, թե դու ուզում ես մեռնել, ինքնասպանն այս հոգեվիճակի արդյունքն է»:
Պետությունն ի՞նչ պետք է անի
Ինքնասպաններին խորհրդանիշիներից զրկելը, ասենք` Կիեւյան կամուրջը ցանցապատելը, ի՞նչ նշանակություն կարող է ունենալ: Գուցե կարող է նշանակություն ունենալ, բայց միայն տեղային, չնայած դա եւս չի կարելի անտեսել: Կամո Վարդանյանն ասում է, որ մարդը սովորել է ինքնասպանություն գործել մինչեւ անիվի հայտնաբերումն ու կրակի գյուտը: Առաջին ինքնասպանությունները, որքան էլ տարօրինակ թվա, պրագմատիկ ենթատեքստ են ունեցել եւ ուղղված են եղել ցեղի պահպանությանը. սովի տարիներին ծերերը եւ երեխաները չեն սնվել, սնունդը տրվել է ռեպրոդուկտիվ խավին, որ նրանք սերունդ տան: Հետո եղել են ավանդույթային ինքնասպանությունները: Խորենացին գրել է, թե Արտաշեսի մահից հետո նրա ծառաները դիմեցին ինքնասպանության, եւ դա բնորոշում է` Արտաշեսին թաղեցին քաղաքակիրթ ազգերի ձեւով: Ինքնասպանությունը քաղաքակրթության նշան է եղել փաստորեն, ու արմատացել-հասել է մեր օրերը, այսօր խարակիրին, օրինակ, կիրառվում է դեռ Հեռավոր Արեւելքում, որպես ավանդույթային ինքնասպանություն: Պետական մոտեցման ձեւերից մեկը կարող է լինել մի կառույցի ստեղծումը, որը երեւույթը խորությամբ կուսումնասիրի: Այդ կառույցում կարելի է վերապատրաստել մասնագետներ, աշխատանք տանել հասարակության լայն շերտերի հետ: Առաջին մարդը, որ փորձել է ինքնասպանությունները նվազեցնել, եղել է քահանա, ստեղծել է վստահության հեռախոս, որը զանգողի հետ զրուցել է` ելնելով այն կանխադրույթից, որ ոչ մի ինքնասպանություն կատարող, հոգեպես առողջ թե սահմանային իրավիճակում գտնվող, չի ուզում ինքնասպանություն գործել: Մարդը մինչեւ վերջին ակնթարթը սպասում է, որը մեկը թույլ չտա դա անել: Այսինքն` չի ուզում մեռնել, բայց ուրիշ ճար չունի: Հետեւապես` պետք է տարբեր տեսակի ծրագրեր լինեն: Հանրության հետ աշխատողներին` հյուրանոցների, հանրային այլ ծառայությունների, ոստիկանության, առողջապահության ոլորտի աշխատակիցներին պետք է սովորեցնել սուիցիդի նշանները, քանի որ ինքնասպանության գնացող մարդկանց վարքագիծն էականորեն փոխվում է: Բուհերում պետք է ժամեր մտցվեն` հատկապես սուիցիդը կանխելու վրա շեշտ դնելով: Ի դեպ, Եվրոպայում այս կարգի բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Իսկ ընդհանրապես` պետական կառույցները, տեղական ինքնակառավարման մարմինները իրենց աշխատանքը պետք է ավելի մարդակենտրոն դարձնեն: Հասարակության մեջ առկա հոռի երեւույթները, իրավական նիհիլիզմը, սոցիալական ծանր վիճակը, հեռանկարի բացակայությունը` սրանք եւս պարարտ հող են ինքնասպանությունների համար` սրանց մասին պետական կառույցները պետք է մտածեն: Երբ լսում ենք, որ Վահե Ավետյանին ծեծելով սպանել են, եւ հասարակության մեջ անպատժելի մարդկանց շերտ կա, դա ազդակ է, որ մարդու մեջ ավելացնի անհուսության գիրկն ընկնելու դոզան: Արդարությունը կաղում է, մարդիկ դեմ են առնում անարդարության պատին ու ելք չեն գտնում, դա անհուսության չափաբաժին է ավելացնում մարդկանց մեջ: Սպանությունների եւ դաժանությունների ամենօրյա ցուցադրումը եթերով ավելացնում է մարդու դատապարտվածության զգացումը:
Ինքնասպանի բնութագիրը
Ահա այն նշանները, որոնք պետք է իմանան հանրության լայն շերտերի հետ շփվող մարդիկ, սրանք վերցրել ենք Կամո Վարդանյանի գրառումներից. ուշադիր պետք է լինել այն դժգոհող մարդկանց նկատմամբ, ովքեր ասում են, թե հոգնել են, ավելի լավ է մեռնել, քան այս կերպ ապրել, եւ այս կարգի այլ մտքեր, քանի որ պոտենցիալ ինքնասպանների 70-75 տոկոսը արտահայտվելու հնարավորություն է փնտրում: Ինքնասպանության նախապատրաստվողն աշխատում է ավարտել իր գործերը, արժեքավոր անձնական իրերը նվիրում է սիրելի մարդկանց. ընդ որում` այս նշաններին պետք է արագ արձագանքել, քանի որ այս նշանները վկայում են, որ որոշումն արդեն կայացվել է, եւ ամեն ինչ շատ արագ կարող է կատարվել: Ստույգ նշան է անցյալում կատարված ինքնասպանության փորձը` փորձ կատարողների 12 տոկոսը հետագա երկու տարում կրկնում է փորձը: Կանխման աշխատանքն աշխատատար է, մասնագետները պետք է մտածեն շուրջօրյա հեռախոսակապ ստեղծելու, բնակչության եւ հանրության հետ շփվող շերտերի համար ուսումնական ծրագրեր մշակելու ու ինքնասպանի նկարագրի վերաբերյալ նվազագույն գիտելիքներ փոխանցելու մասին` ստեղծելով հոգեբանական ծառայություններ :
Ընդհանուր առմամբ եթե փորձենք մի քանի բառով նկարագրել պոտենցիալ ինքնասպանին ուղղված հոգեբանական օգնությունը, ապա դա կարելի է անել հետեւյալ բառաշարով` ուշադիր եղեք ձեր շուրջը եղած մարդկանց հանդեպ, կասկածի դեպքում հոգատարություն դրսեւորեք, մի վիճեք նրանց հետ, տվեք բազմաթիվ հարցեր, հուսադրեք, մի թողեք միայնակ, մասնագետների ներգրավեք նրան օգնելիս եւ այլն: Պետք է ընդունել այն փաստը, որ երեւույթն ինքնին առեղծվածային է եւ վերջին խոսքը պատկանում է մահը կամ կյանքն ընտրողին, համոզված է հոգեբանը` նշելով, թե այս համամարդկային խնդիրը հնարավոր չէ վերացնել, բայց կանխել հնարավոր է:
Մարիետա Խաչատրյան
«ԱԶԳ»