Յասեր Արաֆաթի մահը վրա է հասել ուղեղի արյան զեղման արդյունքում: Այդ մասին գրված է ֆրանսիական ռազմական Պերսի հոսպիտալի բժիշկների եզրակացության մեջ: Հենց այդ հոսպիտալում էլ 2004 թվականին մահացել էր Պաղեստինի առաջնորդը:
Փաստաթղթերը, որոնցում գրանցված է Պաղեստինի ազգային վարչակարգի առաջնորդի մահվան ճշգրիտ պատճառը, հրապարակվել են «Յասեր Արաֆաթի հիմնադրամի» կայքում (Yasser Arafat Foundation): Բժիշկները նշել են, որ Արաֆաթը տառապում էր նաեւ մարսողական համակարգի հիվանդություններով, բացի այդ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են հիվանդություն, որի պատճառները դեռ պարզ չեն: Այդ հիվանդությունն ազդել է նրա նյարդային համակարգի վրա, իսկ կոմայի մեջ ընկնելուց առաջ նրա մոտ նկատվել են նաեւ քարացման ախտանշաններ:
Իրենց եզրակացության մեջ ֆրանսիացի բժիշկները գրում են, որ տարբեր մասնագետների հետ են խորհրդակցել, սակայն այդպես էլ չեն կարողացել գտնել Արաֆաթի հիվանդության սկզբնական պատճառը:
Կայքում նաեւ հրապարակված է մեկ այլ փաստաթուղթ` պաղեստինյան բժիշկների հաշվետվությունն այն մասին, որ 2004 թվականի հոկտեմբերի 12-ին Պաղեստինի առաջնորդը հոսպիտալացվել էր «վիրուսային գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ (ստամոքսի եւ բարակ աղու հիվանդություն): Այն մասին, որ Արաֆաթը մահացել է վիրուսային գաստրոէնտերիտի արդյունքում` The Daily Telegraph-ին հղում անելով այսօր հայտարարեցին շատ ԶԼՄ-ներ: Սակայն բրիտանական այդ թերթը հրապարակել էր Հիմնադրամի կայքում տեղադրված երկու փորձագիտական եզրակացություններից միայն մեկը:
Հիշեցնենք, որ այս եզրակացությունները հրապարակելու կարիքը եղավ այն բանից հետո, երբ հուլիսի 3 -ին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնեց, որ շվեյցարական փորձագետները Պաղեստինի հանգուցյալ առաջնորդի հագուստի եւ անձնական իրերի վրա հայտնաբերել են ռադիոակտիվ պոլոնիում-210 նյութի հետքեր: Դրանից հետո Արաֆաթի ազգական Նասեր Ալ Կիդվան մեղադրեց Իսրայելի իշխանություններին` իր քեռուն ռադիոակտիվ նյութով թունավորելու մեջ:
Հաջորդ օրը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը թույլ տվեց, որ Յասեր Արաֆաթի մնացորդներն արտաշիրիմվեն, եւ իրականացվեն ոսկորների եւ գերեզմանի հողի փորձաքննություն: Եթե այդ անալիզները ցույց տային պոլոնիումի մեծ պարունակություն, հնարավոր կլիներ համոզված պնդել, որ Արաֆաթը թունավորվել է: Իսրայելական հետախուզության «Մոսսադ» կազմակերպության ներկայացուցիչների կողմից Արաֆաթի թունավորման լուրերը տարածվել էին դեռ 2004-ին, երբ նրա առողջությունը կտրուկ վատթարացել էր: