Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ ապավինեն սիրիահայերը. «Երբ պետք էր՝ օգնեցինք, այս իրավիճակում, մի քիչ ալ Հայաստանը պիտ օգնէ իր համայնքին»

Հուլիս 13,2012 20:42

Հալեպաբնակ Կարո Քզիրյանն արդեն երկու շաբաթ է տեղափոխվել է Երեւան, նա ասում է, որ փորձելու է իր կյանքը շարունակել Հայաստանում, թեեւ անորոշությունը, անտարբերությունը նրան առանձնապես հույսեր չեն ներշնչում:

Մինչ ՀՀ կառավարությունը բարձրագոչ հայտարարություններ է անում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մասին, իսկ ՀՀ Սփյուռքի նախարարությունը գունագեղ միջոցառումներ կազմակերպում այս կամ այն էկզոտիկ երկրում, իրական վտանգի առաջ կանգնած սիրիահայերը չգիտեն ո՞ւմ ապավինեն, եւ ինչ ակնկալիքներ ունենան հայրենի կառավարությունից:

«Այն ժամանակ, երբ Սպիտակի երկրաշարժը եղած էր, սիրիահայերը շատ օգնած կըլլային այստեղ հայերուն, դրա համար ասում են, որ հիմա այս իրավիճակում մի քիչ ալ Հայաստանը օգնէ իր համայնքին: Պետք է մի քիչ հեշտություն մտցնի համալսարան ընդունվելուն, աշխատանք գտնելուն մեջ»,- ասում է սիրիահայ Շաղիկ Ռասթկելէնեանը եւ հավելում, որ այս ընթացքում Սփյուռքի նախարարությունից կամ նախագահի կողմից ոչ մի այցելություն չի եղել Սիրիա:

Այս տարվա փետրվարին Հալեպում քաղաքական պայքարի արդյունքում պայթունից մահացած առաջին հայ զինվորը՝ 25-ամյա Վահե Հայրապետյանը, Շաղիկի ընկերն էր:

«Մենք 5 տարի ընկերություն կանեինք ու առաջին անգամ ծանոթացանք Հայաստանում: Նրա ծառայության վերջին ամիսը կըլլար (2 տարի), երբ այդ դեպքը պատահեց: Դրանից հետո ալ Դամասկոսում, Հոմսում հայ զինվորների մահվան 4-5 դեպք եղած է»,- պատմում է 20-ամյա Շաղիկը:

Վերջին մեկ տարում, Սիրիայում իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը եւ ստեղծված լարված իրավիճակը տեղի հայկական մեծ համայնքի շատ բնակիչների ստիպել են մտածել արտագաղթի, Հայաստանում հիմնվելու մասին:

«Ես հուսով եմ, որ անկարող ընտանիքներուն Հայաստան գալուց օգնություն կտան, բնակարանով կապահովին, ուսումով ու ֆինանսական հարցերը կլուծին: Ու ակընքալիքներ կան բոլորին մոտ, բայց հիմա ամեն մարդ իր միջոցով կգա, թեեւ ամեն մարդ ալ չի, որ կըրնա գալ, քանի որ տոմսերն ալ թանկացրին մոտ 200 դոլարով»,- ասում է Քզիրյանը:

21-ամյա երիտասարդ սիրիահայը Դամասկոսի եւ Հոմսի միջեւ գտնվող Քալամոն համալսարանում դեղագործություն է սովորել մինչեւ երրորդ կուրս, որտեղ քաղաքական ներքին լարվածության հետեւանքով անընդհատ խնդիրներ են եղել, ուստի որոշել է բռնել Հայաստանի ճանապարհը:

Նա նշում է, որ իր ծնողների համար դժվար է թողնել Հալեպը եւ գալ Հայաստան, քանի որ հիմնական աշխատանք ունեն եւ մի քանի տարվա հիմնած բիզնես:

«Այս քաղաքական լարված վիճակը սկսվավ Հոմս, Իտլեպ, Դարա քաղաքներեն: Հիմա արդեն Հալեպում ալ կսկսվի: Այս իրարանցումին մեջը բենզինի, հոսանքի եւ գազին հետ կապված խնդիրներ կառաջանան: Հիմա ալ անապահով սոցիալական պայմաններ սկսված են»,- ասում է Քզիրյանը, ով ծնողներից բացի ունի Հալեպում բնակվող մեկ քույր եւ մեկ եղբայր:

Սիրիայում այսօր բնակվում է շուրջ 60 հազար հայ, որից 45 հազարը միայն Հալեպում: Քզիրյանը նշում է, որ իր հալեպցի ընկերնեից շատերը նույնպես հեռացել են Սիրիայից, ոմանք Դուբայ, ոմանք Լիբանան, ԱՄՆ կամ Կանադա:

«Շատ սիրիահայեր կուզեն գալ Հայաստան, բայց մեծ մասը չեն կըրնալ, քանզի ֆինանսական միջոցներ չունին, շատերն ալ տարիներով իրենց գործը հիմնած են, հիմա չեն կըրնալ ձգել գալ: Նրանք, ովքեր հնարավորություն ունին կամ գաղթում են Հայաստան կամ ավելի լավ երկրներ, որտեղ ապրելուն համար պայմաններն ավելի լավ են ու վիզայի հետ խնդիր ալ չունին»,- ասում է Քզիրյանը, ով իր միջոցներով է եկել Հայաստան եւ ապրում Երեւանում:

Նա նշում է, որ շատ է կարոտում ու սիրում Սիրիան. «Բոլոր սիրիահայերն ալ կսիրեն: Ուրախ ու հանգիստ կապրեինք այնտեղ, մինչ այս խնդիրներու առաջ գալը»:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031