Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճվել է մայիսի 6-ին լրագրողի դեմ կատարված բռնարարքի գործը

Հուլիս 13,2012 20:00

Ոստիկանությունը կարճել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Մայիսի 6-ի Ազգային ժողովի ընտրությունների լուսաբանման ընթացքում լրագրողի ձեռքից փորձել էին հափշտակել տեսախցիկն ու կոտրել հիշողության սարքը՝ այդ ընթացքում երկու անգամ հարվածելով նրա ձեռքին:

«Հիմնական փաստարկներն այն են, որ տեսանյութում չի երեւում, որ ինձ խփում են, եւ որ ինձ վրա ոչ մի բեյջ չի եղել, հետեւաբար այդ տղան չի իմացել, որ լրագրող եմ: Բայց ես ընտրատեղամասի ներսում չէի, որ բեյսջս վրաս լիներ: Բացի այդ՝ ոստիկանությունը տեսանյութի որեւէ այլ մասնակից չի գտել եւ չի հարցաքննել, այդ թվում՝ նաեւ երիտասարդի հետ կանգնածներին»,- ասում է Էլինա Չիլինգարյանը:

Գործը կարճելու մասին որոշման մեջ նշվում է. «Էլինա Չիլինգարյանը տեսանկարահանումներ կատարելիս չի ներկայացել որպես լրագրող, լրագրողին հատուկ տարբերիչ նշան չի կրել, նրա օգտագործած տեսախցիկը նույնպես տարբերանշան չի ունեցել:

Նման պայմաններում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն իրենց համակցության մեջ գնահատելով՝ հիմնավորված պետք է համարել, որ Հ.Համբարձումյանը չի գիտակցել եւ պարտավոր չէր գիտակցել, որ Էլինա Չիլինգարյանը լրագրող է եւ իրականացնում է մասնագիտական գործունեություն:

Հ.Համբարձումյանի դիտավորությունն ուղղված չի եղել Չիլինգարյանին ծեծելուն, մարմնական վնասվածք կամ ֆիզիկական ցավ պատճառելուն: Նկարահանվելուց խուսափելու նպատակով նա հարվածել է նկարահանողի ձեռքին, որի հետեւանքով տեսախցիկն ընկել է գետնին:

Երկրորդ անձի կողմից ձեռքին հարվածելու վերաբերյալ ցուցմունք է տվել միայն Էլինա Չիլինգարյանը: Այդ դրվագով այլ ապացույց ձեռք չի բերվել, այսինքն՝ չի հաստատվել հանցագործության դեպքը»:

Լրագրողը չի պատրաստվում բողոքարկել ոստիկանության որոշումը:

«Եթե գոնե մի փոքր հույս ունենայի, որ բողոքարկելս արդյունք կտա եւ մի բան կփոխվի, կանեի: Ես վստահ եմ, որ որեւէ փոփոխություն չի լինի: Նպատակս էլ այն չէ, որ այդ տղան գնա մի քանի տարի անցկացնի բանտում»,- ասում է Էլինա Չիլինգարյանը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի կարծիքով՝ ոստիկանությունը կարող էր շարունակել հետաքննությունը, քանի որ երիտասարդը ակնհայտորեն խախտել է օրենքը:

«Այդ երիտասարդը խոչընդոտել է լրագրողի աշխատանքը: Եվ դա որեւէ իրավական հետեւանք պետք է ունենար, երիտասարդը գոնե ինչ-որ վարչական տույժի պետք է ենթարկվեր: Բայց գուցե ոստիկանությունն ավելին գիտի, քան մենք»,- ասում է նա:

Հրայր Թամրազյանը նույնպես բողոքարկելուց փոփոխություն չի ակնկալում:

«Մենք կարող ենք բողոքարկել, բայց կարծում ենք՝ նույն արդյունքը կլինի: Բացի այդ՝ դատական գործընթացները եւ՛ ժամանակ են խլում, եւ՛ էներգիա: Այնպես որ չենք ուզում ներքաշվել դատական քաշքշուկների մեջ: Ամեն դեպքում հույս ունեմ, որ հաջորդ ընտրություններին նման միջադեպեր չեն կրկնվի»,- ասում է Թամրազյանը:

Ազգային ժողովի ընտրությունների օրը լուսաբանելու ընթացքում խոչընդոտվել է եւս մի քանի լրագրողների մասնագիտական գործունեությունը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու 4 դեպք, որից երկուսը՝ ֆիզիկական բռնության զուգորդմամբ:

Աննա Բարսեղյան

Media.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031