Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրաբիզնեսի դեմ պայքարը թողած՝ գաղտնալսել են հետախուզվողին

Հուլիս 13,2012 19:24

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր ավարտվեց խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու եւ հոգեմետ դեղամիջոց պահելու համար մեղադրվող Տիգրան Հակոբյանի եւ իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության օպեր աշխատակից Մուրադ Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:

Դատավոր Արթուր Մկրտչյանի կայացրած դատավճռով 6 տարվա ազատազրկման դատապարտվեց Տիգրան Հակոբյանը եւ 9 ամսվա ազատազրկման՝ Մուրադ Բաղդասարյանը:

Մուրադ Բաղդասարյանը հանդես եկավ պաշտպանական ճառով, հրաժարվելով վերջին խոսքի իրավունքից: Նա ասաց, որ աշխատել է ոստիկանության համակարգի օպերատիվ ստորաբաժանումում մոտ 18 տարի, ձեռք բերել վերլուծություն կատարելու մեծ մեխանիզմ եւ «գերազանց տիրապետում եմ պատճառա-հետեւանքային կապին, թե ինչպես ստացվեց, որ ես հայտնվեցի այս կարգավիճակում»:

Նա անդրադարձավ 6-րդ վարչության՝ թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչության բարձրաստիճան սպաների գործունեությանը: «6-րդ վարչության թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչության բարձրաստիճան սպաները սեփական աչքերի մեջ մխրճված գերանը քողարկելու նպատակով՝ հրապարակավ մատնացույց արեցին իմ աչքի փուշը: Ինձ համար զարմանալի եղավ այն հանգամանքը, որ այդ բարձրաստիճան սպաները իրենց իսկ ֆունկցիոնալ պարտականությունները, այսինքն՝ թմրաբիզնեսի դեմ պայքարը ավարտված համարելով, իրականացրել են մի շարքային հետախուզվողի գաղտնալսում, այն դեպքում, երբ Տիգրան Հակոբյանը երբեք իր հեռախոսը չի ունեցել, օգտվել է սրա-նրա, իր ծանոթների հեռախոսից: Իսկ Տիգրան Հակոբյանին ձերբակալելուց հետո անհապաղ նախաքննական մարմնին են ուղարկել գաղտնալսման ամփոփագրերը: Ի՞նչ է, նախաքննական մարմինը շա՞տ էր շահագրգռված իմանալու, թե ինչպես է ձերբակալվել Հակոբյանը: Ես մտածում եմ՝ իհարկե ոչ»,- ասաց նա:

Իր պաշտպանական ճառում Մ. Բաղդասարյանը հաստատեց, որ Տիգրան Հակոբյանը իր ընկերն է եւ շատ հարցերում ինքն օգնել է նրան: «Հարգելի դատարան, ավելի մանրամասներ թույլ տվեք չարտահայտել, քանի որ դահլիճում կա լրագրող (միայն Aravot.am-ն է լուսաբանել ողջ դատաքննության ընթացքը), ով առանց վերլուծության վաղվա մամուլում կհրապարակի մի հոդված՝ «Թե ինչ էր ասում «Շեստոյի» Մուրադը» վերնագրով, առանց մտածելու, որ Տիգրան Հակոբյանը պատիժը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ անգործության մատնված կալանավորները շատ կցանկանան պարզել, թե ինչպես կարող է նա հանդիսանալ 6-րդ վարչության աշխատակցի ընկերը»,- ասաց նա:

Այնուհետեւ Մ. Բաղդասարյանը անդրադարձավ նախաքննության մարմնի կողմից կատարված գաղտնալսման ամփոփագրերին: Ըստ նրա, ամփոփագրերից բացակայել են այն թերթերը, որոնց մեջ բազմիցս Մ. Բաղդասարյանը Տիգրանի հետ տարել է բացատրական աշխատանքներ, որպեսզի նա ինքնակամ ներկայանա իրավապահ մարմիններին. «Ես համոզվեցի նաեւ, որ եթե աշխատանքաիյն գործունեության ընթացքում հետապնդում ես որեւէ վտանգավոր հանցագործի կամ շտապում ես ինչ-որ ծանր հանցագործության բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների համար ու այդ ընթացքում պատահաբար անցնում ես կարմիր լույսի տակով, ապա քո անմիջական ղեկավարները իմանալով, որ եթե բռնվի այդ հանցագործը կամ բացահայտվի այդ հանցագործության դեպքը, որն էլ ստվեր կգցի իրենց կարիերային կամ ակնհայտ կդառնան իրենց մոտ կապերը, ուստի նրանք իմանշանակ քեզ կպատժեն ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար»:

Մ. Բաղդասարյանը երախտագիտության խոսք ուղղեց ներկայիս ոստիկանապետին, ասելով, որ ոստիկանությունը նրա շնորհիվ մաքրվել է իր ճառում նշած՝ բարձրաստիճան թափթփուկներից: Իհարկե, ճառն ավարտեց վատատեսական տրամադրությամբ, կանխատեսելով, թե «այդ թափթփուկները» նորից կհայտնվեն ոստիկանությունում, իսկ հանրությանն էլ կհայտարարեն, թե պայքարում են կազմակերպված հանցավորության դեմ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Դատաքննության այլ մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031