Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի օդանավակայանի հարցը չպետք է քաղաքականացվի

Հուլիս 13,2012 19:16

«Ստեփանակաերտի օդանավակայանի գործարկումը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փոխելու նպատակով»,- այսօր հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք կոչ են արել կողմերին՝ գործել միջազգային օրենքին եւ տարածքում թռիչքների ներկայիս պրակտիկային համապատասխան։

Նրանք հայտնել են, որ կողմերն իրենց եւս մեկ անգամ վստահեցրել են, որ մերժում են ցանկացած սպառնալիք կամ ուժ քաղաքացիական ավիացիայի նկատմամբ եւ զերծ են մնում հարցը քաղաքականացնելուց:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, այսօր Երեւանում ազդարարելով տարածաշրջանային այցի ավարտը, հանդես են եկել հայտարարությամբ։ Հուլիսի 10-13-ը նրանք այցելել են Բաքու, Լեռնային Ղարաբաղ եւ Ստեփանակերտ։

Ըստ հայտարարության՝ իրենց բոլոր հանդիպումներում համանախագահները վերահաստատել են իրենց երկրների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը խաղաղ եղանակով լուծելու այն դիրքորոշումը, ինչը համանախագահող երեք երկրների ղեկավարները շեշտել են Լոս Կաբոսի՝ հունիսի 18-ին հայտարարությամբ։

Համանախագահներն արտահայտել են նաեւ խորը մտահոգություն՝ հրադադարի խախտումների եւ ռազմատենչ հռետորաբանության առիթով։

Համանախագահները նախատեսում են առաջիկայում առանձին հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ նախապատրաստելու համար նրանց համատեղ հանդիպումը սեպտեմբերին։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել