«Սկզբում կարծես թե չկար այդ ստորագրահավաքի միտումը, հիմա հայտնվել է, չգիտեմ՝ ով ինչ շահ է հետապնդում . դա իմ խնդիրը չէ, բայց ես այդ երեւույթում ունեմ իմ խնդիրը, տեսնել՝ ավարտն ինչպիսին կլինի, ի վերջո, ով է ընդդիմություն, ով է խաղում, ով ինչ խնդիր է առաջ տանում»,- մինչ ստորագրահավաքի համար սահմանված ժամկետի ավարտը՝ Aravot.am-ի հետ կայացած զրույցում ասաց գրող Կարինե Խոդիկյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե կհավաքվի՞ պահանջվող 44 ստորագրությունը` «Հարսնաքարի» դեպքով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու եւ հատուկ հանձնաժողով ստեղծելու համար:
Նա ասաց, որ այս հարցի վերաբերյալ կուսակցությունների դիրքորոշումից ինքը կճշգրտի իր կարծիքը. «Վաղը, մյուս օրը ընտրություններ են, ամեն տեսակի հարցեր կան»:
Կարինե Խոդիկյանը նկատեց, որ չնայած յուրաքանչյուր կուսակցության գործունեությունից շատ բան է կախված, բայց առավել շատ բան կախված է իշխող մեծամասնությունից. «Եթե իշխող մեծամասնությունը իսկապես ուզում է հասարակության գոնե ինչ-որ տոկոսն իրեն հավատա, պետք է քայլ անի: Գուցե սա այն քայլերից մեկն է, որը կդառնա դեպի իշխող մեծամասնություն տանող հավատի նեղլիկ, առայժմ երկար արահետ»:
Տիկին Խոդիկյանը համոզված է, որ շատ հանրապետականներ են բացասաբար վերաբերվում «Հարսնաքարում» սպանված ռազմական բժշկի դեպքին, բայց այն, որ չեն դատապարտում՝ խոսում է ներքին կարգապահության կամ վերեւից հրահանգ ստանալու մասին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ