Վերջին օրերին Սյունիքում շարունակ տեղացող անձրեւները խանգարում են գյուղացիներին խոտհնձի եւ խոտհավաքի աշխատանքները նորմալ իրականացնել: Մարզի տարածաշրջաններում գրեթե ամեն օր անձրեւ է տեղում, ինչը խոչընդոտում է խոտհավաքին եւ անձրեւի տակ մնացած խոտի որակն էլ ընկնում է: Գյուղացիներին հաջողվում է խոտհարքներից խոտը տուն բերել միայն օրվա այն ժամերին, երբ անձրեւ չի գալիս:
«Օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ հազիվ է հաջողվում խոտ հավաքեն բնակիչները: Գրեթե ամեն օր անձրեւ է գալիս: Մոտ 10 օրվա աշխատանք է մնացել, եղանակները բարենպաստ լինեն՝ մարզի Կապանի, Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններում ավարտին կհասցվեն խոտի հավաքման աշխատանքները: Անձրեւներից, նույնիսկ տեղ-տեղ, մոտ 20-30 տոկոսի չափով խոտը որակազրկվել է», – ասում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը: Զրուցակցիս խոսքով` շարունակ տեղացող անձրեւները, բարեբախտաբար, վնաս չեն հասցրել Սիսիանի տարածաշրջանի բարձրադիր գոտիների խոտհարքներին, քանի որ այնտեղ դեռ խոտհավաքման աշխատանքները չեն սկսվել` ի տարբերություն մարզի ցածրադիր գոտիների:
Ներկա դրությամբ մարզում խոտի կուտակումը կատարվել է նախատեսվածի ընդամենը 30 տոկոսի չափով, բաց ինչպես հավաստիացնում են պատասխանատուները, այս տարի անասնակերի բավարար պաշար կլինի մարզում: Անբարենպաստ եղանակից տուժում է նաեւ մարզի ցածրադիր գոտիներում սկսված հացահատիկային կուլտուրաների հունձը: Մասնագետները թեեւ հացահատիկի լավ բերք են ակնկալում եւ կարկուտից չտուժած համայնքներում 1 հա-ից սպասում են 20-22 ցենտներ բերք:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ