«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային վավերագրական մրցույթի մասնակիցներից է չուկոտկացի ռեժիսոր Ալեքսեյ Վախրուշեւի «Տունդրայի գիրքը. Պատմվածք Վուկվուկայի` փոքր քարի մասին» ֆիլմը:
«Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ ռեժիսորը պատմեց, որ Չուկոտկայի տունդրայում մոլեգին քամիներ են եւ 37 աստիճան ցուրտ: Ֆիլմում 72-ամյա նահապետ Վուկվուկան, իր բնիկ չուկչայական ընտանիքի հետ, Ալյասկայից Բեյրինգի նեղուցով առաջնորդում է 14.000 գլուխ եղջերուների հոտը. «Ֆիլմը հնարավորություն է ընձեռում թափանցել Չուկոտկայի մեկուսացած, բայց հազվագյուտ աշխարհը: Մարդիկ կախված են եղնիկներից եւ ապրում են նրանց պես: Հերոսներիս հնարավորություն եմ տվել արտահայտել իրենց մտահոգությունները` ներկայի եւ ապագայի մասին: Հուսով եմ, որ դա կօգնի ինչ որ կերպ փոխել իրենց կյանքը»:
Վախրուշեւի մանկությունն անցել է Չուկոտկայում. Նա նաեւ գիտնական է` թեկնածուական է պաշտպանել Չուկոտկայի բնիկների` չուկչաների եւ յուպիկների` ծովային կաթնասունների որսի վերաբերյալ: Ֆիլմեր է նկարահանել նաեւ Չուկոտկայում բնակվող էսկիմոսների մասին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ