Հուլիսի 12-ին և 13-ին կայացավ «Երիտասարդներ հանուն ապագայի» կազմակերպություն կողմից կազմակերպված «Քո Կարիերայի» օրը խորագրով երկօրյա սեմինարը: Այն իրականացվեց «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» աջակցությամբ:
ԲՈՒՀ-երի բարձր կուրսերում սովորող շուրջ 50 երիտասարդ, ծանոթացան CV-ի գրելու, հայտադիմում լրացնելու նրբություններին և գործատուի մոտ հարցազրույցին ճիշտ ներկայանալու կանոններին: Կազմակերպվեց նաև աշխատանքային ցուցահանդես, համապատասխան տաղավարներում շուրջ 10 կազմակերպություն ներկայացրին իրենց թափուր աշխատատեղերը, և այսպիսով մասնակիցները հնարավորություն ստացան հենց տեղում շփվել գործատուի հետ:
«Երիտասրդներ հանուն ապագայի»-ի անդամները նշում են, որ սա զուտ տեսական դասընթաց չէ, մեր հիմնական նպատակն է ուսանողների անմիջական շփումը գործատուի հետ և գործնական գիտելիքների ձեռքբերումը, հենց այդ նպատակով էլ հրավիրվել են տարբեր խոշոր ընկերությունների HR մասնագետներ, ովքեր ներկայացրին իրենց ընկերություններում աշխատանքի ընդունվելու հնարավորությունները: Ինտերակտիվ հարց ու պատասխանի արդյունքում ուսանողները,ստացան իրենց հուզող հարցերի պատասխաններն անմիջականորեն կադրերի հարցերով զբազվող պատասխանատուներից:
Ծրագրին մասնակցեցին ինչպես պետական կառույցների, այնպես էլ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատակիցները ներկայացրին աշխատանք գտնելու ուղիները Հայաստանում, իսկ «Արարատ բանկ»-ի ռազմավարության և բիզնեսի զարգացման պետի տեղակալը ներկայացրեց բանկային համակարգում աշխատելու նրբությունները:
Կամավորության դերի կարևորությունը կարիերայի ստեղծման ճանապարհին ներկայացրին AIESEC Հայաստանի նախագահը և «Կարմիր Խաչ»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:
«Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ի
հասարակայնության հետ կապերի
հանձնաժողով