Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյան. «ԲՀԿ-ի մեջ էլ կան հանցագործությունների հետ առնչված անձինք, ինչպե՞ս կարող են ստորագրել» (Տեսանյութ)

Հուլիս 13,2012 17:32

Այս նախաձեռնությամբ կարո՞ղ ենք ասել, թե ԲՀԿ-ն իրականում որ դաշտում է գործում: Aravot.am-ի այս հարցին այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես շատ եմ ցավում, որ միայն անդրադառնում եք այս նախաձեռնությանը: ԲՀԿ-ն օրեր առաջ քվեարկեց կողմ Սեւանա լճից ջրի բաց թողնմանը, դա մեծ տնտեսական խնդիր էր: Եթե ԲՀԿ-ն իրապես դեմ էր կառավարությանը, սա կառավարության ապաշնորհ ծրագրի եւ ապաշնորհ կառավարման հետեւանք էր, երբ Սեւանա լճից նորից  ջուր են ցանկանում բաց թողնել: Հետեւաբար, եթե նրանք կողմ են քվեարկում, ապա ամեն ինչ մեզ համար պարզ է:

Ես մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ այո’, ԲՀԿ-ի մեջ էլ կան անձինք, ովքեր առնչություն են ունեցել հանցագործությունների հետ, որով վտանգել են մարդու կյանքը եւ առողջությունը, հետեւաբար այդ մարդիկ  ինչպե՞ս կարող են գալ եւ իրենց համաձայնությունը տալ: Բայց սա միայն ԲՀԿ-ի խնդիրը չէ, սա համակարգային խնդիր է, եւ այս նախաձեռնությունը, որը շրջանառության մեջ է դրվել, պետք է զորակցություն ստանա ոչ թե ԲՀԿ խմբակցությունից, այլ բոլոր մարդիկ, ովքեր  ներկայացնում են մեր հասարակությանը ԱԺ-ում` լինեն ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական կամ այլ կուսակցությունների անդամներ, նրանք պետք է  իրենց քաղաքացիական պարտքը հայտնելով` գային եւ միանային այս նախաձեռնությանը: Իրենք լինեին նախաձեռնող:

Այդ խնդիրն է, որ մենք այսօր ունենք հասարակական պահանջ` գնահատական տալու այսպիսի արատավոր երեւույթների, որի նախադեպը մենք ԱԺ-ում չենք ունեցել: Սա ենք ցանկանում իրականացնե: Գնահատականը պետք է լինի ոչ միայն իրավական, ցավոք, չկարողացանք ստեղծել արդար դատական համակարգ, որտեղ իրավական գնահատական կտային  բոլոր հարցերին եւ չէինք ունենա այս արատավոր դեպքերի շարունակությունը: Այսօր Վահե Ավետյանի հետ կատարված դժբախտությունը, կարծում եմ, այս արատավոր երեւույթների շղթայի մի մասն է: Վահե Ավետյանի սպանության փաստը դա ծառի մի ճյուղն է, իսկ ծառի արմատները, արմատացումը տեղի ունեցավ 2001-ին Պողոս Պողոսյանի սպանությունից հետո: Այդ անպատժելիության եւ ամենաթողության մթնոլորտը հենց առավել արմատացավ այդ շրջանից սկսած: Դրանից հետո մենք եղանք ականատեսը բազմաթիվ նման արտառոց երեւույթների եւ անպատժելիության»:

Երեկ հրավիրած ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանն ասում էր, թե ինչու այդ նույն քաղաքական ուժերը, որոնք այսօր Վահե Ավետյանի համար ակցիաներ են կազմակերպում, ինչու Պողոս Պողոսյանի սպանության ժամանակ մոխիր չէին լցնում իրենց գլխին: Զարուհի Փոստանջյանը մեր այս հարցին պատասխանեց, որ այն  ժամանակ հասարակությունը այսքան տեղեկացված չէր, չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել Պողոս Պողոսյանի հետ. «Ես ինքս այդ ժամանակ փաստաբան էի եւ նոր էի ծավալում փաստաբանական գործունեությունս, ինձ համար հետաքրքիր էր, թե ինչպես է այդ դեպքը տեղի ունեցել ե’ւ որպես քաղաքացի, նաեւ իմ գործընկերները կային, որոնք հետաքրքրված էին, իմ հետաքրքրությունների շրջանակներում այդ գործը կար եւ գիտեմ գործի մանրամասներից, բայց լայն հասարակայնությունն այս գործի մասին տեղեկացված չէր, որովհետեւ չկային այնպիսի  գործիքներ, ինչպիսին այսօր է: Այսօր մենք ինտերնետի միջոցով,  էլեկտրոնային լրատվամիջոցների շնորհիվ հնարավորություն ունենք արագ ստանալ տեղեկատվություն, արագ նաեւ նշանակել հանդիպման վայր կամ բողոքի միջոցառում կազմակերպել, սա է ամբողջ խնդիրը: Եվ խոսել, որ ինչու այն ժամանակ չի եղել` այն ժամանակ չի եղել, որովհետեւ մենք ունեցել ենք տեղեկատվության լուրջ խոչընդոտներ:

Բացի այդ, հասարակությունը նաեւ հասկանում է, որ այլեւս եթե հանդուրժելու է այս ամենը, անպատժելիության եւ բարձիթողության մթնոլորտը եթե հանդուրժելու է, ապա նաեւ ինքը` որպես հասարակություն այստեղ` այս հողատարածքում նաեւ չի կարողանալու ապրել: Չէ՞ որ Վահե Ավետյանը մեր հասարակության մի մասնիկն է, որն այսօր դաժանաբար ծեծի հետեւանքով մահացել է: Ցանկացած  մարդ կարող է լինել նրա տեղում, ցանկացած մարդու հետ կարող է դա պատահել եւ ցանկացած մարդու տուժելուց հետո կարող է այնպիսի բան գրանցվի, որ նրա գործն այլեւս չբացահայտվի, չէ՞ որ մենք տեսել ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031