ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ
Գլուխ տասնութերորդ
Կարդացեք նաև
ՄԵՆՔ
Եվ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դե լավ. կերեւաս՝ կխոսանք», եւ ես հարցրի՝ «հիմի ոսկու շուկա ե՞ս գնում», եւ Ջավախյանն ասաց՝ «ի՞նչ ոսկու շուկա. հիմի գրողների միություն եմ գնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էթամ՝ դիմումս ու գրողական տոմսս իրանց շպրտեմ», եւ ես հարցրի՝ «հաստատ ե՞ս որոշել», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ ես հարցրի՝ «որ հաստատ ես որոշել, էլ ինչի՞ ես ինձնից խորհուրդ հարցնում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուզում էի համոզվեմ, որ ճիշտ եմ անում», եւ ես ասացի՝ «քո տարիքում ինքնուրույն են որոշումներ կայացնում», եւ Ջավախյանն ասաց՝ «արդեն կայացրել եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «վիրավորանքից սաղ գիշեր չեմ քնել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ վիրավորանք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «գիտե՞ս՝ գրողների միության էս տարվա մրցանակներն ում են տվել», եւ ես ասացի՝ «չէ», եւ Ջավախյանն ասաց՝ «որ իմանաս՝ մազերդ բիզ-բիզ կկայնեն», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ են տվել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կգաս՝ կխոսանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մոռանում ես, որ տանս հեռախոսն էլ ա փողով», եւ հիմա, երբ իմ ու Ջավախյանի էս հեռախոսազրույցը գրի եմ առնում, էդ հեռախոսազրույցից արդեն երկու օր է անցել, եւ արդեն «Հրապարակը» տպագրել է Ջավախյանի՝ գրողների միությունից դուրս գալու հայտարարությունը՝ հայտարարության հեղինակի մեծադիր լուսանկարով հանդերձ, եւ քիչ առաջ ինքը զանգեց ու ասաց, որ արդեն «Ազատությանն» էլ է հարցազրույց տվել եւ ուրախ ավելացրեց՝ «մի քիչ առաջ էլ «Կենտրոնի» Պետրոսը զանգեց ու հարցազրույցի կանչեց», եւ ես ասացի՝ «փաստորեն, գոհ ես», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ինչի՞ց», եւ ես ժպտալով ասացի՝ «ամեն ինչից», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, գրողների միությունից դուս գալս շատ ճիշտ էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատ գոհ եմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էնքան գոհ ես, որ սոտըվիիդ փողերն էլ չես խնայում», եւ Ջավախյանը ձայնը ցածրացնելով ասաց՝ «Վարոյի սոտըվիով եմ խոսում» եւ շշնջալով ավելացրեց՝ «ինքը տուալետ ա գնացել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Պետրոսի հետ ազնվությունից ես չէ՞ խոսալու», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով հարցրեց՝ «Վարոյի սոտըվիի հաշվով ե՞ս ասում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Պետրոսին որ հարցազրույց տամ, Անանյան Լեւոնին շշպռել տեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «գրողների միությունից էս դուս գալս իրա վրա շատ թանկ ա նստելու», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ինձ թվում ա՝ Վարոյի վրա ավելի թանկ ա նստելու» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «իմ վրա էլ ա թանկ նստելու», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «քո վրա՞ ինչի ա թանկ նստելու», եւ ես ասացի՝ «ամեն օր էս ժամին զանգում՝ խանգարում ես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու մեղավոր տոնով ասաց՝ «մոռանում եմ, որ էս ժամերին ես գրում» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «հիմի՞ ինչի մասին ես գրում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «քո մասին եմ գրում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մոռացել էի, որ գրելու ուրիշ թեմա չունես» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «իմ մասին ի՞նչ ես գրում», եւ ես ասացի՝ «գրում եմ՝ ոնց ես գրողների միությունից դուս գալի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քանի Վարոն չի հայտնվել, մի բան էլ ասեմ», եւ ես ասացի՝ «ասա», եւ Ջավախյանն ասաց՝ «պարզվում ա՝ գրելը սուտ բան ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էսքան վախտ պատմվածք էի գրում, ոչ մեկի վեջը չէր, բայց հենց հայտարարեցի, որ գրողների միությունից դուս եմ գալի, աջուձախից զանգում ու հարցազրույցի են կանչում», եւ ես ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Ջավախյանը շնչակտուր ասաց՝ «Վարոյի քաչալն էրեւաց» եւ շնչակտուր ավելացրեց՝ «կգաս՝ մարդավարի կխոսանք», եւ ես, իհարկե, գնացի, եւ Ջավախյանի հետ մարդավարի խոսեցինք, բայց հիմա ժամանակավորապես Ջավախյանից վազն անցնելով՝ ուզում եմ կրկին վերադառնալ Սեմերջյան Մանուկին, ավելի ճիշտ՝ Սեմերջյան Մանուկի մասին էդ օրվա մեր խոսքուզրույցին, որովհետեւ, եթե հիշում եք, ես Սեմերջյան Մանուկի մասին «Տրիումֆի» մեր խոսակցությունը կիսատ թողնելով՝ հանկարծակի անցում կատարեցի Ջավախյանի՝ գրողների միությունից դուրս գալու պատմությանը, իսկ դրանից առաջ էլ Ջանիբեկյան Կարենի հերթական երջանկության պատմությունը կիսատ թողնելով՝ անցում կատարեցի Հարությունյան Հայկունու քսանբալանոց սիստեմին ու Սեմերջյան Մանուկի պատմությանը, ավելի ճիշտ՝ Սեմերջյան Մանուկի հետ կապված Մանուկյան Ջոնի պատմությանը, բայց, որ ամենակարեւորն է, պիտի անընդհատ հիշեմ ու ձեզ էլ հիշեցնեմ, որ էս վեպս հիմնականում ինքնակենսագրական վեպ է, եւ ես իմ ու իմ ժամանակի մասին պատմելով՝ ընդամենը հասել եմ անցյալ դարի յոթանասունականների վերջերը, երբ Շառոյան Ռոլանդի հետ «Ծիծեռնակ» մանկական ամսագրում էինք աշխատում, եւ հիշելով հասել էի Վիլյամ Սարոյանի հետ հանդիպմանը, եւ շուտ թե ուշ պիտի վերադառնամ ու հենց էդ տեղից շարունակեմ, որովհետեւ «Ծիծեռնակում» աշխատածս տարիներին հետաքրքիր ու հիշարժան ուրիշ բաներ էլ կատարվեցին ու տեղին ունեցան, բայց, նախքան դրանց անդրադառնալը, ես նախ Ջոնի ու Սեմերջյան Մանուկի պատմությանը կվերադառնամ, իսկ այնուհետեւ՝ Ջանիբեկյան Կարենի հերթական երջանկության պատմությանը, որի սկիզբը ծայրեծայր հորինելով՝ հիմա, փաստորեն, ժամանակ եմ շահում, որպեսզի վերջապես հանդիպեմ Ջանիբեկյան Կարենին ու ճշտեմ թե՝ իմ բստրածն իսկականի հետ ինչքանո՞վ է ճիշտ, իսկ ինչ վերաբերում է Ջավախյանին ու գրողների միությունից նրա դուրս գալուն, ուզեմ թե չուզեմ՝ մի քիչ էլ եմ անդրադառնալու, եւ, բացի այդ, Ջավախյանին նաեւ Սեմերջյան Մանուկի ու Ջոնի գծով եմ անդրադառնալու, որովհետեւ մեր ամենավերջին՝ «Տրիումֆի» բանավեճին Ջավախյանը սկզբից մինչեւ վերջ ներկա էր եւ բավական ակտիվ էլ մասնակցում էր, եւ քանի որ Ջավախյանին ճանաչողների մտքով չի անցնի, որ Ջավախյանը ֆուտբոլից բավական տեղյակ է, պիտի հավաստիացնեմ, որ Ջավախյանը ֆուտբոլ ոչ միայն սիրում է, այլեւ հասկանում էլ է, եւ ճիշտ էդպես էլ՝ Ջավախյանին մոտիկից չճանաչողներն առաջին անգամ իրեն տեսնելով ու հետը մի քանի բառ խոսելով՝ թյուրիմացաբար կարծում են թե՝ ինքը կյանքում մի գիրք անգամ կարդացած չի լինի, մինչդեռ եթե ինքը միայն իր ու իմ գրածներն էլ կարդացած լիներ, էլի իրավունք կունենայինք իրեն կարդացած անձնավորություն համարել, իսկ որ իր գրածները նույնիսկ տպվելուց հետո է կարդում, էդ արդեն աչքովս եմ տեսել Վերնիսաժում ու ոսկու շուկայում, իսկ որ ինքն իմ գրածներն էլ է կարդում, էդ գործի վրա էլ եմ իրեն մի քանի անգամ բռնացրել նույն Ոսկու շուկայում ու Վերնիսաժում, եւ եթե աչքովս տեսած չլինեի էլ, էլի պիտի համոզված լինեի, որ գրածներս լավ էլ կարդում է. իրեն վերաբերող էս հատվածներս հաստատ է կարդում, որովհետեւ Ջավախյանը մեզանից շատ տարբեր լինելով՝ շատ հարցերում լավ էլ նման է սովորական ու հասարակ մահկանացուներիս, եւ հասարակ ու սովորական մահկանացուներիս պես ինքն էլ է աչքի անցկացնում արժեքավոր ու անարժեք բոլոր էն գրվածքները, որոնք այս կամ այն չափով իրեն են առնչվում, եւ եթե Ջավախյանը միայն իրեն վերաբերող էս հատվածներս էլ կարդար, էլի կարող էր կարդացած մարդ համարվել, բայց սեփական աչքովս մի քանի անգամ Վերնիսաժում ու Ոսկու շուկայում տեսել եմ, որ իր գրածներն էլ է աչքի պոչով կարդում, եւ չնայած իր գրածներն իր մասին պատմող իմ էս հատվածներին մանավանդ ծավալի առումով էապես են զիջում, այդուհանդերձ, առաջին հերթին իր գրածների շնորհիվ է ինքը գրական ճանաչման հասել, հետո նոր՝ իմոնց, եւ չնայած ինքն էլ է ժպտալով համաձայնվում, որ ես իր մասին ավելի լավ եմ գրում, քան՝ ինքը, իրականում ու հոգու խորքում ճիշտ հակառակն է մտածում. իրականում նաեւ մտածում է, որ ինքը Թումանյանի ու Հրանտ Մաթեւոսյանի գործի ամենաարժանի շարունակողն է, եւ Պետրոսի հետ հարցազրույցի ժամանակ հենց էդպես էլ ասաց՝ չմոռանալով նշել, որ, ցավոք սրտի, իրեն ու Մաթեւոսյանին մեր ջահելությունը քիչ է կարդում, եւ Ջավախյանի ու գրողների միությունից նրա դուրս գալու թեման ավելի հարմար պահի հետաձգելով՝ ուզում եմ նշել ու շեշտել, որ Ջավախյանի համար համաշխարհային գրականությունը Լոռվա ձորերից սկսվելով՝ Լոռվա ձորերով էլ ավարտվում է, եւ չնայած ինքը մանավանդ վերջերս համաշխարհային գրականության այլեւայլ նմուշներին էլ է ակտիվորեն առնչվում ու հաղորդակցվում, այդուհանդերձ, նախընտրում է Թումանյանի ու մանավանդ Մաթեւոսյանի հետ համեմատվել եւ իրեն էդ երկուսի արժանի ու հիմնական իրավահաջորդը համարել, մոռանալով, որ Լոռվա գրականությունը Թումանյանով սկսվելով ու Մաթեւոսյանով շարունակվելով՝ արանքում նաեւ Ստեփան Զորյան է տվել, եւ էսպիսի պատեհ առիթով Վանո Սիրադեղյանին ու Վանոյի գրականությունը չհիշելն առնվազն անամոթություն է, մանավանդ որ՝ Վանոյի գրածներն էսօր լավ էլ կարդում են ու, համոզված եմ, վաղն էլ են կարդալու, մինչդեռ Վանոյին ոչ միայն Ջավախյանն է պարբերաբար մոռանում, այլեւ՝ շատ ու շատ ուրիշներ էլ, եւ հատկապես գրական մամուլի վերլուծական հոդվածներում է Վանոյի անունը հետեւողականորեն մոռացվում, եւ միայն էս փաստը հերիք է, որ Ջավախյանը դուռը շրխկացնելով՝ հեռանար գրողների միությունից, բայց Ջավախյանն էդ պատճառով չէր կարող գրողների միության դուռը շրխկացնել, որովհետեւ երբ ինքը գրողների միության շարքերն ընդունվեց, Վանոյին որպես գրող մոռացության մատնելու գործընթացն արդեն սկսվել ու բավական առաջացել էր, եւ եթե ձեր խոնարհ ծառան առ էսօր գրողների միության շարքերը չի լքել, դրա պատճառներից մեկն էլ էն է, որ Վանոն ինքն էլ է դեռեւս գրողների միության անդամ, եւ քանի դեռ ինքն էլ է գրողների միության անդամ, էդ գրողների միության շարքերում մնալն ինձ համար պատիվ է, որովհետեւ նույնիսկ էմվեդեի մինիստրի պաշտոնից հետո Վանոն «Ափսոս էր երեխան» եւ մի քանի ուրիշ շատ ուժեղ պատմվածքներ է գրել, եւ իր էդ գրածները որեւէ մեկիս գրածի հետ չես համեմատի, եւ իր էդ մի քանի գործերը համոզիչ կերպով վկայում են, որ անկախության շրջանում էլ ենք լուրջ գրականություն ստեղծել, եւ էս ասածներս գրողներն ու գրականագետները չեն ասում, որովհետեւ Վանոն Էմվեդեի մինիստր աշխատած տարիներին շատ ու շատ գրողների ու գրականագետների էնքան լավություններ արեց, որ էդ լավության տակ մնացածները ճգնում են չնկատել Վանոյի էս նոր գրածներն ու ընդհանրապես մոռանալ Վանոյին, որպեսզի իրենց պարտքի տակ գտնվելն էլ մոռացության մատնվի, իսկ մյուսները՝ ում Վանոն չհասցրեց լավություններ անել, բնականաբար չեն գնահատում Վանոյին ու նրա գրածները՝ համարելով, որ Վանոն էդքան մեծամեծ պաշտոններ զբաղեցնելով՝ իրենց որեւէ նշանակալի լավություն չարեց, ու էդպես մտածելով՝ նաեւ մտածում են, որ Վանոն իրենց պարտք մնաց, եւ Վանոյին ու իր գրածները ժամանակ առ ժամանակ մտովի կամ էսպես գրավոր հիշելով՝ երբեւէ չեմ մտածում թե՝ ինքը որեւէ մեկիս պարտք է. ավելին. ես համարում եմ, որ մենք՝ գրողներս ենք Վանոյին էապես պարտք, որովհետեւ եթե որեւէ մեկը գրողներիս փորձի մեղադրել թե՝ անկախության շրջանում որեւէ էական ու արժեքավոր բան չենք ստեղծել, անմիջապես իր գրած էդ «Ափսոս էր երեխան» եմ դեմ անելու, ինչպես նաեւ՝ «Սալոնիկի դեսանտն» ու մյուսները, եւ, որ ամենակարեւորն է, ես, ի տարբերություն ուրիշների, մշտապես մտածում ու պատկերացնում եմ, որ եթե գրողներիցս այլ մեկը թեկուզ մի քանի օր Էմվեդեի նախարար աշխատեր, դրանից հետո ոչ միայն գրական որեւէ արժեքավոր բան չէր ստեղծի, այլեւ Մեսրոպյան տառերն էլ կմոռանար, եւ էս ու մյուս ասածներս դուք պարտավոր եք առնվազն ի գիտություն ընդունել, որովհետեւ էս բաները ձեզ ասում է մեկը, որն անկախության էս քսան ու ավելի տարիներին բոլորի փոխարեն գրել ու էդ ոգով էլ շարունակում է, եւ որ Վանոյի ուղղությամբ ավելի ու ավելի եմ մտածում, սկսում եմ հասկանալ, որ իսկական գրականությունը փախուստի ու ինքնամեկուսացման պայմաններում միայն կարող է առաջանալ, եւ եթե էս վեպիս որոշ հատվածներ հաջող են ստացվել, էդ նրանից է, որ ժամանակ առ ժամանակ ինձ էլ է հաջողվել փախչել ձեզանից եւ ինձ ու ձեզ շրջապատող էս ամենից, եւ Վանոյի օրինակն էլ է գալիս հաստատելու, որ գրականությունը չափազանց բարդ ու անիմանալի երեւույթ է, եւ գրականությանն առնչվող մարդիկ էլ են չափազանց բարդ ու անիմանալի, եւ գրողների միությունից Ջավախյանի հեռանալն էլ է էդ վկայում, եւ նկատած կլինեք, որ էս վերջին հատվածներիս մեջ, ի տարբերություն նախորդ հատվածներիս, գրողների միություն բառակապակցությունը ոչ թե մեծատառով եմ գրում, այլ՝ միայն փոքրատառով, եւ դրա պատճառը ոչ թե գրողների միությունից Ջավախյանի դուրս գալն է, այլ այն, որ միշտ էլ «Առավոտի» սրբագրիչներն են փոքրատառս մեծատառ դարձրել, եւ իրենց էլ մեղադրելու չի, որովհետեւ ուղղագրական բոլոր օրենքներով էդ բառակապակցության առաջին բառը մեծատառով է գրվում, եւ սովետական ժամանակներից է էդպես, եւ դա էլ է հասկանալի, որովհետեւ մեծատառով Գրողների միությունը բուն սովետական երեւույթ ու կառույց էր, ընդ որում՝ չափազանց հզոր երեւույթ ու կառույց, եւ էդ կառույցից ինքս էլ ժամանակին հասցրի լիուլի օգտվել՝ արձակուրդներս Պերեդելկինոյում, Յալթայում, Պիցունդայում ու վատագույն դեպքում Ծաղկաձորում անցկացնելով:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: