Հայաստանի իշխանությունների համար ցմահ դատապարտվածների հարցը տաբու է: Այսօր Գրողների միությունում իր մտահոգությունները ներկայացրեց
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը. «Կարծես թե չեն ուզում անդրադառնալ դատական որեւէ սխալի, այդպես համառ ձեւով ցմահ բանտարկվածների խնդրին չեն ցանկանում անդրադառնալ»:
Ըստ պարոն Ավետիքյանի, Հայաստանում ցմահ դատապարտվածների հարցը տաբու է նաեւ հասարակության համար. «Դրա մասին խոսելը հարմար չեն գտնում, պնդում են, որ ազատազրկվածների պայմանները վատ լինեն կամ թե այդ հանցագործները սրիկաներ են: Այստեղ հարց է ծագում, այդ նույն մարդիկ արդյոք այդքան վստահո՞ւմ են մեր դատաիրավական համակարգին կամ գիտեն ով ինչի համար է նստած: Մեր դատաիրավական համակարգը բոլորին է հայտնի՝ ինչ վիճակում է ու ինչ դատավճիռներ կարող են լինել»:
Կարդացեք նաև
Պարոն Իշխանյանն ասաց, որ ինքը հաճախ է շփվում ցմահ դատապարտյալների հետ ու կան դեպքեր, որոնց ցմահ դատապարտելու որոշումը իրեն զարմացնում է.
«Կան քաղաքական ենթատեքստով դատավճիռներ, որոնց անգամ փաստաբաններն են դժվարությամբ ցանկանում առնչվել: Դրանց չեն ուզում անդրադառնալ: Հարցը շատ լուրջ է, կան վարորդներ, որոնք տարբեր հանցագործությունների օժանդակության մեղադրանքով են ցմահ դատապարտվել: Ցմահ դատապարտված երիտասարդներ էլ կան, որոնց գիտակցությունը դեռեւս գուցե չի հասել հանցագործություն կատարելիս , խոսքը գնում է հիմնականում զինվորական հանցագործությունների մասին: Մենք պայքարում ենք զինվորական հանցագործությունների դեմ բանակում, բայց դա չի նշանակում , որ 18-20 տարեկան երիտասարդներին այդ հանցագործությունների համար դաժան պատիժ տան՝ մինչեւ ցմահ դատապարտություն»:
Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանն էլ դժգոհեց, որ դատապարտվածների գործերը վերանայելու դիմումներով մի քանի անգամ դիմել են ՀՀ նախագահին, բայց ոչ մի արձագանք չեն ստացել:
Դատապարտյալների թեմայով քննարկումը Հելսինկյան կոմիտեն կազմակերպել էր Գրողների միությունում՝ գրողների հետ քննարկելու համար, բայց հատուկենտ գրողներ էին ներկայացել: Զ. Մուրադյանն էլ կարծիք հայտնեց՝ քննարկմանը գրողների չներկայանալը ցույց է տալիս հասարակության անտարբերության պատկերը :
Քննարկման ընթացքում նաեւ տեղի ունեցավ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի՝ «Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ» գրքի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ Մ. Ենոքյանը դատապարտվել է 1996-ին՝ համակուրսեցու սպանության մեղադրանքով: Բայց ոչ դատարանում, ոչ էլ մինչ օրս, իրեն մեղավոր չի ճանաչել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ