Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը անակնկալի է բերել Ռուբեն Հակոբյանին (Տեսանյութ)

Հուլիս 13,2012 16:13

 

Այսօր ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց, որ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը 4 խմբակցություններինն է, եւ այնպես չէ, որ իրենք միացել են նախաձեռնությանը. «Մեր բոլոր պատգամավորները կստորագրեն, այս պահին տեխնիկական հարց կա միայն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված: Այս պահին ինքը Երեւանում չէ, եթե կհասցնի վերադառնալ կամ կարողանալ շուտ տեղ հասցնել, փաստաթուղթը` կլինի, բոլոր դեպքերում դեռ մինչեւ ժամը 6-ը ժամանակ ունի եւ ժամը 6-ին կերեւա, թե ովքեր են ստորագրել»: Ռուբեն Հակոբյանը գտնում է, որ էլեկտրոնային ստորագրություն չեն կարող պատգամավորները դնել` ըստ օրենքի:

Երեկ Նաիրա Զոհրաբյանը վստահեցրել էր, որ դա ՀԱԿ-ի նախաձեռնությունն է, եւ ԲՀԿ-ի հետ էլ որեւէ խորհրդակցություն չի եղել:  Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց այլ բան. «Մասնակցել են իրենք մեր քննարկումներին: Մասնակցել է խմբակցության քարտուղարը»:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի ասուլիսը անակնկալի է բերել Ռուբեն Հակոբյանին. «Ասուլիսից մենք տեղյակ չէինք, երբ ՀԱԿ-ը մեզ ներկայացրեց փաստաթուղթը, ասացինք, որ մենք ունենք առաջարկություններ, եւ դրանից մի քիչ հետո լսեցինք, որ ՀԱԿ-ը ասուլիս է անցկացնում: Ասուլիսը մեզ համար անակնկալ էր»:

Թե ինչու միասին հայտարարությամբ հանդես չեկան խմբակցությունները, եթե միասին խորհրդակցություն էին արել եւ միասին էլ նախաձեռնել` Ռուբեն Հակոբյանն այսպես բացատրեց. «Ասեմ, ասեմ, չեք թողնում ոչ մի գաղտնիք մնա: Խոսքն այն մասին է, որ «Ժառանգությունը» որոշակի առաջարկությամբ ուզում էր, որ այս փաստաթուղթն ավելի համակողմանի լինի, հարց ենք բարձրացրել, որտեղ հիմնական առանցքն այն էր, որ այս առիթն օգտագործելով` փաստաթուղթ պետք է լինի, որը պետք է համակողմանի ընդգրկի այս անպատժելիության մթնոլորտում տեղի ունեցած դեպքերը: Բազմաթիվ դեպքեր են եղել, որոնք մնացել են անուշադրության կենտրոնում, կամ քաղաքացիական հասարակությունը, որն այսօր կարողացավ պարտադրել, որպեսզի սա լուրջ քաղաքական եւ քաղաքացիական հնչեղություն ունենա, այդ ժամանակ չի կարողացել դա անել: Եվ մեր մոտեցումն այն էր, որ այս առիթը պետք է օգտագործել եւ անդրադառնալ բոլոր այդ դեպքերին: Կապ չունի, թե ովքեր են այդ դեպքերին մասնակցել, եւ հասկանալի է, որ հիմնականում իշխանության ներկայացուցիչներն են եղել դեպքերի կամ հեղինակները, կա’մ նրանց թիկնապահները: Մենք գտնում էինք, որ այս փաստաթուղթը կարելի էր ներկայացնել սեպտեմբերին, երբ որեւէ պատճառաբանություն չէր լինի: Այսօր պատճառաբանում են, թե իբր արձակուրդ է: Ցանկության դեպքում որեւէ արձակուրդ չի կարող ազդել սրա վրա, եթե ցանկություն կա, քաղաքական կամք կա՝ այս փաստաթղթին միս ու արյուն տալ, չի կարող որեւէ պատճառաբանություն լինել պատգամավորի համար: Մենք դիտում էինք, որ իսկապես կարելի էր հասունացնել սեպտեմբերին, որտեղ շատ ավելի հստակ կլիներ եւ կեցվածքները եւ ավելի ռեալ կլիներ, որ կկարողանային հասցնել 44 ստորագրություն հավաքել: Ես չեմ կարծում, որ խորհրդարանում որեւէ մեկը կա, որ կարող է կարծել` 44 ստորագրություն կլինի: Բայց մյուս կողմից էլ այս հարցը շատ կոնկրետ դրված է, եւ քաղաքական ուժերը պետք է արտահայտեն իրենց մոտեցումները»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» հարցաշարի պատասխանները ստանալուց հետո ֆորում է կազմակերպելու, որը կանդրադառնա ընդհանրապես մեր երկրում տիրող անպատժելիության մթնոլորտին . «Մենք գտնում ենք, որ սա միանգամյա ակցիա չպիտի լինի: Ճիշտ է, բոլորս էլ հասկանում ենք, որ 44 ստորագրություն չի լինի, բայց մյուս կողմից ժողովուրդը նաեւ պետք է իմանա, որ խորհրդարանում իսկապես կան ուժեր, կան քաղաքական գործիչներ, որոնք ամեն ինչ անելու են, որ պետության մեջ հակաօրինական գործունեությունները, որ կատարում են, նաեւ կարող են հասցնել դժբախտության, կան նաեւ ուժեր, որոնք կանգնած են ժողովրդի կողքին, եւ նրանց կաջակցեն»:

Տեսակետներ ու մտահոգություներ կան, որ Ռուբեն Հայրապետյանը կարող է մանդատը վայր չդնել: Հարցին` դուք դա հնարավոր համարո՞ւմ եք` Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ամենատարբեր մոտեցումները կան, բայց ձեզ ասեմ` ես չէի ուզենա, որ ամբողջությամբ այս դեպքը վերագրեի միայն Ռուբեն Հայրապետյանին: Ռուբեն Հայրապետյանն այն  տասնյակների մեջ է մտնում, որոնք մինչեւ այսօր արել են: Եվ եթե մինչեւ այսօր խորհրդարանը արտահերթ նիստ հրավիրեր նրա համար, որ զրկեին մանդատից` չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կարող էր այսօր առաջանալ: Այսօր ցանկացած  մտահոգություն կարելի է կիսել, որովհետեւ մեր իրականությունն այնպիսին է, որ քաղաքական դաշտը ինչ-որ տեղ, մեղմ ասեմ, սկզբունքային դիրքորոշումներ երբեմն չի ցուցաբերում, եւ գումարած դրան նաեւ գիտենք, որ մի քիչ կարող է  օրվա մի կեսին մի քաղաքական ուժ լինել ընդդիմադիր դաշտում, օրվա երկրորդ կեսին կարողանա միանգամից մտնել  իշխանական դաշտ: Այնպես որ` այդ մտահոգությունները կարելի է կիսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031