Նախկինում տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի որոշ բնակիչները գաղթակղվելով կոնյակներ եւ ոսկե զարդեր մաքսանենգ կերպով Վրաստան անցկացնելու եւ այնտեղ շահավետ վաճառելու վրացի «գործընկերների» առաջարկով` հայտնվում են Վրաստանի բանտերում: Սահմանամերձ Բերդավանի գյուղից 2 երիտասարդներ 20 օր առաջ են դուրս եկել վրացական բանտից, ուր գտնվել են շուրջ մեկ ամիս:
Մեր տեղեկություններով`երիտասարդներից մեկը նախկինում մաքսանենգ ձեւով տարբեր ապրանքներ է անցկացրել Վրաստան, առանց իմանալու, որ իր բիզնես գործընկերը…ոստիկան է: Ծպտյալ ոստիկանի առաջարկով, նա մաքսանենգ կերպով Վրաստան է տեղափոխել հայկական արտադրության թանկարժեք 20 կոնյակ:
Այս անգամ բերդավանցու գործընկերը եղել է իր համագյուղացին` Ալավերդու հարկային տեսչության աշխատակիցը: Վրացական դատարանի վճռով բերդավանցի երիտասարդները մեծ տուգանքներ են մուծել, այլապես կենթարկվեին ազատազրկման: Հարկային տեսչության աշխատակիցը նաեւ կորցրել է աշխատանքը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ