Անցյալ տարի երիտասարդ գիտնականներն իրենց մտահոգություններով հանդիպել էին ՀՀ նախագահին եւ 100 մլն դրամ տրամադրելու մասին խոստում ստացել երկրի ղեկավարից: Ներկայումս գիտության աջակցության ծրագիրն ընթացքի մեջ է, ձեւավորվել է համապատասխան աշխատանքային խումբ, որը նախագահում է ԿԳ նախարարը: Ծրագրի արդյունքում երիտասարդ գիտնականներին կտրամադրվեն դրամաշնորհներ, կապահովվի նրանց մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, տեղում եւս կկազմակերպվեն միջազգային գիտաժողովներ եւ գիտական մրցանակաբաշխություններ:
Տրամադրվելիք ֆինանսական միջոցները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ենթակայության ներքո են, այս հարցում համագործակցություն կլինի նաեւ «Լույս» հիմնադրամի հետ: Այսօր «Հայացք» ակումբում ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի եւ ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահները ասացին, որ տեղյակ չեն, թե խոստացված գումարից այս պահին որքանն է փոխանցվել, բայց վստահ էին, որ ծրագիրն արդյունավետ կլինի իրենց համար:
«Ծրագրի նպատակը մինչեւ 35 տարեկան՝ գիտությամբ զբաղվող երիտասարդներին խրախուսելն է, որպեսզի Հայաստանից չհեռանան: Երիտասարդ գիտնականների մեջ կան մարդիկ, ովքեր պատրաստ են հրաժարվել արտերկրում աշխատելու գայթակղիչ առաջարկներից, եթե Հայաստանում գոնե որոշակի պայմաններ լինեն»,- ասաց ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Կառլեն Խաչատրյանը: Նա գտնում է, որ հայաստանցի երիտասարդ գիտնականն ամեն ամիս գոնե 200.000 դրամ աշխատավարձ պետք է ստանա:
ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանն էլ նշեց, որ թափանցիկ են աշխատելու, օրինակ ֆեյսբուքյան՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի էջում տեղադրվել են բոլոր հայտատուների անուններն ու ներկայացված աշխատանքներն ու մրցույթների արդյունքները:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ