Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական գործընկերները «քցում են» հայ բիզնեսմեններին` նրանց անտեղյակության պատճառով

Հուլիս 13,2012 14:42

Հայկական 25 ապրանքների տեսականիները, որոնք արտահանվում են այլ երկրներ, տարիներ շարունակ նույնն են մնում, իսկ սա նշանակում է՝ այդ ոլորտներում էական զարգացումներ չեն լինում: Այս մասին այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով, արտահանման ոլորտում հիմնականում աշխատում են խոշոր ընկերությունները, այտահանման մեջ փոքր ու միջին ձեռնարկություններին կարելի է մատների վրա հաշվել: Ըստ պարոն Մակարյանի, վերլուծելով այլ երկրների արտահանման ոլորտը, տնտեսագետը Հայաստանը նմանեցրեց Ուզբեկստանին, Ղազախստանին եւ Ղրղզստանին, որտեղ եւս արտահանման դիվերսիֆիկացիա չկա:

Չնայած մեր Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի զարգանա եւ ընդլայնվի մեր ՓՄՁ-ների ապրանքների արտահանումը, սակայն դրանց աշխատանքի էֆֆեկտիվությունը, ըստ պարոն Մակարյանի, 1 %-ից էլ ցածր է: Որպես օրինակ մասնագետը բերեց «ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը» եւ «Զարգացման հայկական գործակալությունը»:

Արտահանման ոլորտի մի շարք խնդիրներից, պարոն Մակարյանն առանձնացրեց մի քանիսը. Օրինակ`ըստ նրա, այսօր պետությունը չունի ձեւավորված հատուկ վարկեր, որոնք կուղղվեն հենց արտահանմանը, այսինքն բանկերի միջոցով կտրամադրվեն ձեռնարկություններին, որոնք էլ դրանք կուղղեն արտահանմանը. «Բանկերն իրենք են որոշում` թե ինչ մեխանիզմներով կարող են վարկավորել: Օրինակ` ֆակտորինգի մեխանիզմը, եթե ձեռնարկությունը պայմանագիր է կնքում արտասահմանյան գործընկերոջ հետ, բանկը կարող է գործընկերոջն ուսումնասիրել եւ հավաստիանալ, որ վճարունակ է, ռիսկը վերցնի իր վրա, որոշակի տոկոս վերցնի ծառայությունների համար եւ ձեր արտահանումը 100% -ով ֆինանսավորի, հետո գործընկերոջից ստանա գումարը: Բայց այստեղ էլ` ձեռնարկությունների մեծ մասը մտածում է ծառայությունների համար՝ ինչո՞ւ էդ 20 %-ը վճարի եւ ինքնուրույն են անում այդ գործը ու հաճախ հայտնվում են խաբված վիճակում»:

Շատ հաճախ, ըստ մասնագետի, նույնիսկ եվրոպական գործընկեր-ձեռնարկությունները հայերին «քցում են»` տեսնելով, որ այդ ձեռնարկությունները չեն տիրապետում միջազգային պայմանագրերին կամ էլ, լավագույն դեպքում, մաս-մաս են վճարում: Մյուս խնդիրը՝ արտահանման ոլորտի, Գագիկ Մակարյանի ներկայացմամբ, դա այն է, որ գործարարները չեն տիրապետում միջազգային շուկաների պահանջներին. «Եվ չկա պետական համակարգ, որը ձեռնարկություններին տեղեկություններ կտրամադրի այդ մասին»: Պարոն Մակարյանի հավաստմամբ` խնդիր կա նաեւ ծագման եւ որակի սերտիֆիկատների, եվրոկոդ սերտիֆիկատների մասով. «Այսօր արտադրողն էլ չի կարողանում իր երկրում լաբորատոր փորձաքննության ենթարկել իր ապրանքը եւ հավաստի իմանալ իր արտադրանքի պարամետրերը: Եղած լաբորատորիաները չունեն միջազգային չափանիշներ, նման պայմաններում մեր արտադրողին միջազգային շուկա դուրս գալը խնդիր է»: Մասնագետի խոսքերով, վերջերս կառավարությունը որոշակի քայլեր անում է գոնե այդ խնդիրը լուծելու ուղղությամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031