«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները երեկ երեկոյան հանդիպում էին կազմակերպել ռուս անվանի կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի հետ, ում նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ հանձնվեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը:
«Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց նաեւ վարպետի վերջին՝ «Ֆաուստ» ֆիլմը, որը Երեւան էր հասել ոչ այն ֆորմատով ու որակով, որ ինքն էր ուզում, դրա համար էլ երեկ բավականին նեղված էր: Նա ներողություն խնդրեց հայաստանցի հանդիսատեսից տեխնիկական խնդիրների համար. «Ֆիլմը երկու ժամ 15 րոպե է, դրա համար էլ կներեք, նաեւ գերմաներեն է»:
Խոսելով Գյոթեի «Ֆաուստի» մասին՝ Սոկուրովն այն որակեց համաշխարհային երեւույթ, իսկ լեզուն՝ մշակույթի անբաժան մասը: «Պետք է միմյանց հասկանանք զգացմունքներով, կա մարդկությունը, մշակույթը, օբյեկտիվ արժեքներ, եւ դա արդեն ամեն ինչ է»,-ասաց ռեժիսորը: Նաեւ հավելեց, որ «Ֆաուստ» ֆիլմի ստեղծման համար մեծ աշխատանք է տարվել. «Մենակ չեմ եղել, կոմպոզիտորներ, օպերատորներ, բազմազգ նկարահանող խումբ, որ Կանադայից մինչեւ Իսլանդիա է հասնում: Մեր առաջ գեղագիտական եւ տեխնիկական բարձր խնդիրներ ենք դրել, նկարում համարյա չկան համակարգչային հնարքներ ու տեխնոլոգիաներ, բայց օգտագործված է նոր, հզոր օպտիկա»:
Կինոյի վարպետը կարծում է, որ գրականությունը պետք է թողնել այն տեղում, որտեղ որ կա. «Պիտի մարդ լինենք միմյանց հանդեպ: Ոչ թե իրար հոշոտող, այլ միմյանց հանդուրժող հասարակություն կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ գրականության ընթերցող ենք, միայն գրականության միջոցով է հնարավոր ճանաչել աշխարհը եւ իրական արժեքները, պատահական չէ, որ, օրինակ, Տոլստոյը 20-րդ դարում 23-րդ դարն էր տեսնում»:
Կարդացեք նաև
Սոկուրովն ասում է, որ ոչ մի թարգմանություն չի կարող փոխանցել այն, ինչ ցանկացել է ասել գրական գործի հեղինակը՝ տվյալ պարագայում՝ Գյոթեն. «Անգամ, եթե խոսքի վարպետ է թարգմանել «Ֆաուստը», եւ դա եք կարդացել, ուրեմն ոչինչ չեք կարդացել, դեռ չի նշանակում, թե կարող եք հասկանալ գործի իրական գեղագիտությունը: Թարգմանությունն ընդամենը հրաշալի իլյուզիա է, քաղցր թեյ…Դրա համար էլ առաջարկում եմ ֆիլմը դիտել հենց Գյոթեի լեզվով»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ