«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային վավերագրական մրցույթի մասնակից «Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» ֆիլմը ներկայացնում է կուբական Սիերրա Մաեստրայի բնակիչների ճակատագիրը` Կուբայի հեղափոխության 52-րդ տարեդարձի օրը: «Գոլդեն Թուլիպ» հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ սերբ ռեժիսոր Գորան Ռադովանովիչը նշեց, որ տարեդարձի հաջորդ օրն իսկ հասարակությունն ապրում է իր առօրյա ռիթմով, իսկ փողոցների բարձրախոսները շարունակում են 52 տարվա վաղեմության կարգախոսներ հնչեցնել:
Ռադովանովիչն առաջին անգամ է ցուցադրում միջազգային ֆորմատի ֆիլմեր, քանի որ Սերբիայում առկա են քաղաքական խնդիրներ. «Այդ պատճառով արեւմտյան երկրներում առավել հեշտ է ֆիլմ ներկայացնել: Առաջին խաղարկայինս ավարտելուց հետո հնարավորություն ունեցա մեկնել Կուբա` որպես դասախոս, այդ ընթացքում էլ իրականացվեցին նկարահանման աշխատանքները: Արդյունքում համագործակցեցի նաեւ տարբեր ռեժիսորների հետ»:
Համեմատելով Կուբայի եւ Սերբիայի հասարակությունները` ռեժիսորը վերլուծել է կուբացիների ամենացավոտ խնդիրները. «Առաջնահերթ, տեղաշարժվելու անհրաժեշտություն կա. մարդիկ չեն փոխում իրենց տներն ու աշխատավայրերը, եթե, իհարկե, գիտնականներ չեն: Բացի այդ, տոտալիտար ռեժիմի ազդեցությամբ ամեն ինչ պետք է ընդհանուր լինի, մինչդեռ գաղափարախոսությունը չի համընկնում իրականության հետ»:
Կարդացեք նաև
Ռադովանովիչը միաժամանակ ասաց, որ կուբացիներն ամեն ինչում փորձում են լավը տեսնել. «Մարդկանց մի մասը շաքարախտով էր հիվանդ. մշտապես ուտում էին կարտոֆիլ, բրինձ, լոբի, իսկ միս` ամիսը մեկ: Առհասարակ, նրանք ատում են այն եվրոպացիներին, ովքեր տեսախցիկով մտնում են Կուբա եւ սկսում նկարել: Բայց իմ ֆիլմին դրական են արձագանքել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ