Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են ուզում երիտասարդ փախստականները

Հուլիս 13,2012 13:51

Հայաստանի Հանրապետությունում փախստականի ապաստան ստացած մինչեւ 27 տարեկան երիտասարդների նկատմամբ կիրառվել է վարչական վարույթ՝ կարգավիճակը դադարեցնելու մասին: Նշված հանգամանքից ելնելով՝ թվով 30 տղա կարգավիճակը վերականգնելու մասին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Դեռ վերջնական վճիռ չի կայացվել, սակայն վարչական դատարանում դեռ չկա հայցը բավարարող որոշում: Թվով 104-ը տղաներ են, իսկ այդ թվից դուրս կան նաեւ աղջիկներ: Կարգավիճակը դադարեցնելու մասին վարչական վարույթ նախաձեռնելիս երիտասարդներից ոչ ոք պատշաճ տեղեկացված չի եղել, մինչդեռ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձեւով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչեւ վարչական ակտն ընդունելու միջեւ ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է: Նույնաբովանդակ պահանջ է ներառում նաեւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով ամրագրված՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

Կարգավիճակը դադարեցնող որոշումների հիմքերը տարբեր են: Հիմնականում հիմք է հանդիսացել երիտասարդների ծնողների ՀՀ քաղաքացի լինելը: 1999 թվականի մարտի 3-ի՝ «Փախստականի մասին» գործող օրենքում կատարվել են որոշակի փոփոխություններ, որի 2004 թվականի մարտի 3-ի խմբագրությամբ ասվում էր՝ «Փախստական երեխաները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե օրենքով սահմանված կարգով ծնողները ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն»: Նշեմ, որ նշված հանգամանքը կիրառվել է միայն 2012 թվականին, երբ արդեն այդ օրենքն ուժը կորցրած է համարվել, մինչդեռ տարիներ շարունակ երիտասարդները ստացել են փախստականների համար նախատեսված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը վավեր է աշխարհի բոլոր երկրներում՝ բացի Ադրբեջանից: Հարց է առաջանում, եթե 2004 թվականին օրենքի խմբագրումով կատարվել են որոշակի փոփոխություններ, ապա ինչպե՞ս են փախստականները տարիներ շարունակ ստացել ճանապարհորդական փաստաթուղթ, որը ՀՀ տարածքում հանդիսանում է փախստականի անձը հաստատող միակ փաստաթուղթը: 1999թ. օրենքի խմբագրումը 2004թ. մարտի 3-ին ոչ մի կերպ չէր կարող անդրադառնալ փախստականների վրա, քանի որ իրավահարաբերությունները ծագել են մինչ օրենքի խմբագրումը: ՀՀ ՏԿՆ ՄՊԾ կայացրած որոշումը դադարեցնում է փախստականների՝ ՀՀ-ում տեղ գտած կարգավիճակը եւ ամրագրում. «Տրված փախստականի վկայականը (Ճամփորդական փաստաթուղթը) ճանաչել անվավեր»:

ՀՀ անձնագիր տրամադրելու մասին մենաշնորհը տրված է Անձնագրային եւ վիզաների վարչությանը: ՀՀ ՏԿՆ ՄՊԾ ոչ մի կերպ չէր կարող այդօրինակ պահանջ ներկայացնել, որի հիման վրա էլ փախստականները զրկվել էին իրավաբանական նորմերից: Տղաներից շատերը կորցրեցին իրենց աշխատանքը, սակայն դա ԱՎՎ-ի կողմից շտկվեց: Այժմ փաստականներին ԱՎՎ-ի կողմից տրամադրվել է որոշում, որի հիմամբ էլ ստացել են իրենց անձնագրերը՝ պայմանով, եթե դատարանի կողմից հայցադիմումը մերժվի, ապա կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կկորցնի վավերականությունը՝ դատական ակտն ուժի մեջ մտնելուց մեկ շաբաթ հետո:

ԱՎՎ-ի փախստականներին տրամադրված որոշման հիմքում ընկած է հետեւյալը. «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը, որի նկատմամբ սկսվել է հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգը, շարունակում է ունենալ ճամփորդական փաստաթուղթ՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, եւ մինչեւ նրա գործի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կայացումն ամբողջությամբ օգտվում է ՀՀ տարածքում ապաստանի իրավունքից»: Ավելին, քան պարզ է, որ ՄՊԾ կայացրած որոշումն ամբողջապես կատարվել է օրենքի սահմաններից դուրս: Այդ դեպքում անձնագիրն ուժը կորցրած է համարվում, եթե ՄՊԾ կայացրած որոշման դեմ փախստականը վերը նշված օրենքի 3-րդ մասի համաձայն՝ նշված ժամկետում բողոք չի ներկայացրել վարչական դատարանում, որի իրավունքն ունենում է կայացրած որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ 30 օր:

ՄՊԾ եւս մեկ գրության հետեւանքով, որն ուղղված է պաշտպանության նախարարին, նշվում է, որ երիտասարդ փախստականներն այլեւս ՀՀ տարածքում չունեն փախստականի կարգավիճակ, որից էլ հետեւություն՝ փախստականներն այլեւս պարտադիր զինծառայության ենթակա են: Հարկ է նշել՝ զինծառայության վերաբերյալ տեղեկատվությունը պատկանում է զինկոմիսարիատներին, սակայն այն դեպքում, երբ դեռ որոշումը բողոքարկվում է ՀՀ վարչական դատարանում, ուղարկվում են անստորագիր, չկնքված ծանուցագրեր զինծառայության անցնելու մասին: Փախստականի կարգավիճակը դադարեցվել է, սակայն փախստականը դեռեւս չունի քաղաքացիություն, իսկ օրենքով սահմանված կարգով զինծառայության ենթակա են ՀՀ քաղաքացիները: Փախստականների համար անբարենպաստ ակտ կայացնելով՝ մենք նրանց դարձնում ենք փախստականներ այլ երկրներում: Երիտասարդ փախստականները պահանջում են կայացնել բարենպաստ ակտ եւ վերադարձնել իրենց կարգավիճակն օրենքի սահմաններում:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031