Լրահոս
Օրվա լրահոսը

Ածիլվելու ապարատներ տաքսիստներին… 2 մլն դոլարով

Հուլիս 13,2012 13:49

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

«Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի՝ Օրենսդրության կարգավորման Ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը լավատեղյակ է ծրագրի իրականացման թափանցիկության ապահովման՝ միջազգային դոնորների պահանջների հետեւողականությանը: Այդ իսկ պատճառով նա որոշեց մի թեթեւ ասուլիս տալ եւ բարձրաձայն խորհրդակցել ծրագրի ազնիվ եւ ժողովրդահաճո նպատակների մասին: Եվ բնական է, որ ԾԻԳ-ի ղեկավարի պաշտոնակատարը թեթեւակի նեղսրտել է իր աշխատավարձի չափի մասին լրագրողի հարցից: Ի վերջո՝ Եղիազարյանի հայրենանվեր գործունեության արդյունքում նման հարց ինչո՞ւ  պիտի առաջանար: Ասացինք՝ թափանցիկություն, չասացինք՝ աներեսություն: Ձե՞զ  ինչ, թե պրն Եղիազարյանը որքան աշխատավարձ է ստանում: Համենայն դեպս, դրանք «սարսափելի բարձր չեն», ինքը, համենայն դեպս, հաշվելիս թվերը չի շփոթում՝ ոչ այն պատճառով, որ հմուտ տնտեսագետ է, այլ որ այդ աշխատավարձերը սարսափելի բարձր չեն: Համենայն դեպս, Եղիազարյանի աշխատավարձը վճարող Ավստրիայի Զարգացման գործակալությունը ակնարկ անգամ չի արել, թե նրա եւ Կենտրոնի աշխատավարձերը սարսափելի բարձր են: Աշխատավարձի չափն այդպես էլ մնացել է համաշխարհային գաղտնի կառավարության պես անհայտ եւ խորհրդավոր: Իսկ ե՞րբ են մարդիկ լռում իրենց աշխատավարձերի մասին՝ կամ երբ դրանք շատ ցածր են, կամ երբ սարսափելի բարձր են: Մինչդեռ ԱՄՆ-ում հանրամատչելի տեղեկագրքեր են հրատարակվում, ուր ներկայացված են ԱՄՆ նախկին եւ ներկա պաշտոնյաների աշխատավարձերը: Սա ի՜նչ վտանգավոր գաղտնապահություն է: Փաստորեն, Եզիազարյանի բարեկեցիկ ներկան ապահովվում է իմ դստեր, իմ ապագա թոռների ապագայի հաշվին, ովքեր պիտի վճարեն նրա աշխատավարձը սպասարկող ՀՀ արտաքին պարտքը: Եթե լրագրողները մի քիչ նեղեին, ապա հավանաբար հետաքրքիր բան կպարզվեր. այն, թե որքա՞ն է կազմում «սարսափելի բարձր աշխատավարձն» ըստ Եղիազարյանի: Իսկ նրա աշխատավարձը իրականում 9999 եվրո է ամսական կտրվածքով: Թող նախկին նախարարը հերքում պահանջի, այդ ժամանակ գոնե դատարանում կպարզվի ԾԻԳ-ի ղեկավարի աշխատավարձի իրական չափը:

«Կարգավորիչ գիլյոտին»-ի ԾԻԳ-ի ղեկավարի պաշտոնակատար, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանն այդպես էլ չպատասխանեց «Գիլյոտին. Ազատ մրցակցության համար» վերտառությամբ իմ հոդվածի հարցադրումներին, մտահոգություններին, վերլուծությանը: Պատասխաններ չեղան ոչ հոդվածի՝ լրատվական մի շարք կայքերում տեղադրելուց հետո, ոչ էլ ասուլիսի ընթացքում:

Եղիազարյանը տարին մեկ-երկու բարձրաձայն խորհրդածություններ կանի ասուլիսի անվան տակ եւ վերջ: Թող կորչեն հրապարակայնությունն ու թափանցիկությունը: Հակառակ դեպքում, մեկ էլ տեսար, լրագրողներից մեկը հարց տար, զորօրինակ. «Պրն Եղիազարյան, չար լեզուներն ասում են, որ դեռեւս էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ՝ 1993-1995թթ. դուք հայաստանցի մի գործարարից 2000 ԱՄՆ դոլար ամսական աշխատավարձ եք ստացել. կարո՞ղ եք հերքել կամ հաստատել այդ լուրերը»: Եղիազարյանը թերեւս կպատասխաներ՝ համենայն դեպս, դա սարսափելի բարձր աշխատավարձ չէր: Եվ վերջ: Բայց սա դեռ վերջը չէ:

Հուլիսի 11-ի ասուլիսում ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատարը այլ ուշագրավ մտքեր էլ է արտահայտել: Եղիազարյանը նկատեց, որ մեր երկրում եւ՛ օրենքներն են վատը, եւ՛ դրանք չեն գործում. «Լավ օրենքի հետ լավ մտադրություն պետք է լինի, որ կատարվի: Տանգո է: Երկուսն են պետք» (www.1in.am): Տանգո, այ դա ուրիշ երաժշտություն է: Փաստորեն, մեր իշխանությունները եվրոպական պարեր լավ չեն պարում, եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում օրենսդրական նախաձեռնությունների առյուծի բաժինը պատկանում է կառավարությանը, ապա եւ՝ ԱԺ-ին: Եվ հիմա կառավարությունն այնքան է օրենսխեղդ արել հասարակական հարաբերությունների կարգավորման դաշտը, որ պետք է 26.000 օրենքներն ու նորմատիվ ակտերը 30 տոկոսով կրճատվեն: Եվ այդ ամենն արժե ընդամենը 2 մլն դոլար:

Հանրության տեղեկատվական քաղցը հագեցվել է, եւ «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի դոնորները հանգիստ կարող են շունչ քաշել՝ թափանցիկության ապահովման այս տարվա ծրագիրը կատարված է:

Բայց սա էլ դեռ վերջը չէ: «Լուրջ մտած ենք տաքսիների կարգավորման ոլորտ ու պետք է որոշել՝ տաքսու վարորդները պե՞տք է լինեն համազգեստով, սափրված, եւ պե՞տք է գործի որոշ տարիքային սահմանափակում, թե՞ պետք է դաշտն ազատ թողնել»,- ըստ www.1in.am-ի՝ ասել է Եղիազարյանը: Երկու միլիոն դոլարը բնավ էլ սարսափելի բարձր գումար չէ այս կնճռոտ թնջուկը լուծելու համար: Փա՜ռք Ավստրիայի կառավարությանը, որ 2 մլն դոլար գտավ բազմաչարչար հայ ժողովրդի օրենսդրության կարգավորման կենտրոնի համար այդ բարդ խնդիրը լուծելու: Եվ ընդամենը 22 աշխատակիցներով, ընդամենը 2 տարվա ընթացքում: Կհասցնե՞ն: Այսինքն՝ մինչեւ այդ հարցը լուծում ստանա, մենք չենք կարող իմանալ, լա՞վ է, որ տաքսիստները համազգեստով լինեն, թե՞ ոչ, լա՞վ է, որ ածիլված լինեն, թե՞ ոչ, կառավարությո՞ւնն ածիլվելու ապարատ գնի, թե՞ թողնեն տաքսիստների ընտանեկան բյուջեի վրա:

Արմեն Եղիազարյանը դեռ Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար է, նա հույս ունի, որ մրցույթը կհաղթահարի եւ տնօրեն կդառնա: Ես երկու ձեռքով կողմ եմ, որ նա լիաթոք վայելի այդ պաշտոնը իր ոչ սարսափելի բարձր աշխատավարձով, եթե պատասխանի հետեւյալ հարցին. «Շատ փողն ավելի լավ բան չէ, քան քիչ փողը, որովհետեւ ամբողջ համակարգը փլվեց նրանից, որ հսկայական քանակությամբ փող էին վերցնում, եւ ռիսկերն ավելացան» (www.hetq.

am): Այս տողերի հեղինակը դո՞ւք եք, պրն Եղիազարյան:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031