Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքցի փախստականից 800000 դրամ են պահանջում

Հուլիս 13,2012 13:44

Գերազանցությամբ մագիստրատուրան ավարտած երիտասարդը ուսման վարձի պատճառով ասպիրանտուրայում սովորելու խնդիր ունի:

Սեւան Վարդանյանը Իրաքում է ծնվել, հայտնի դեպքերի պատճառով 2005-ին տեղափոխվել է Հայաստան եւ այժմ ունի փախստականի կարգավիճակ: Այստեղ նա ընդունվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետ: Սեւանն ասում է, որ ուսման վարձը շատ բարձր էր՝ 800000 դրամ, եւ չնայած փախստականի կարգավիճակին, իրենից այն գանձվում էր այնպես, ինչպես արտասահմանի քաղաքացիների դեպքում: Եվ սա այն պարագայում, երբ Իրաքում պատերազմ էր, տեղի հայերը ցրվել են աշխարհով մեկ: «Այնպիսի վիճակ էր, որ չգիտեիր՝ տանից դուրս գաս՝ ողջ կմնա՞ս, թե՞ ոչ»,- հիշում է Սեւանը, որ Իրաքում արդեն ընդունվել էր տեղի համալսարանի նույն ֆակուլտետը ու հետո տեղափոխվել հայրենիք:

Պատմում է, որ սկզբում շատ դժվար է եղել ընտանիքի համար, ծանոթներից մեկը ժամանակավորապես իր կոմիտասյան բնակարանն է տրամադրել, հայրն էլ ստիպված է եղել կրկին Իրաք վերադառնալ ընտանիքի կեցության եւ որդու ուսման վարձը հոգալու համար: «Հայրս բառացիորեն զոհվում էր Իրաքում, աշխատում վտանգավոր պայմաններում, բայց ուրիշ ճար չունեինք, եղել է շրջան, որ մայրս, քույրս, ես ու եղբայրս երկու տարով հորս չենք տեսել»,- պատմում է երիտասարդը: Հետո, նրա ասելով, օգնության ձեռք է մեկնել «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը, որի շնորհիվ ուսման վարձը 200000 դրամով զեղչվել է, բայց 600000-ն էլ փոքր թիվ չի եղել իրենց ընտանիքի համար: Ընդ որում՝ 600000 դրամ հաշվարկվում է ԱՊՀ քաղաքացիների համար:

Սեւանն ասում է, որ նույն կազմակերպության միջոցով տեղեկացել է DAFI ուսումնական գրանտների ծրագրի մասին, որը ԳԴՀ կողմից ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին նվիրատվության կարգով տրամադրվող կամավորական հիմնադրամ է, նպատակն էլ օգնելն է ֆինանսական աջակցության կարիք ունեցող այն փախստականներին, որոնք համապատասխանում են իրենց ապաստան տրամադրող երկրի ակադեմիական կրթության չափանիշներին:

Ընգրկվելով DAFI ծրագրում, Սեւանը կարմիր դիպլոմով ավարտում է ոչ միայն բուհը, այլեւ նույն բուհի մագիստրատուրան, որի վարձը 900 հազար էր եւ որը վճարում էր ծրագիրը:

«Հիմա ցանկանում եմ ընդունվել ասպիրանտուրա, դեկանները, ամբիոնների վարիչները ինձ սիրում-հարգում են, ուզում են, որ համալսարանում դասավանդեմ, տեղ ունենամ, բայց այդ ամենը չեմ կարող իրականացնել, եթե ասպիրանտուրայում ուսումս չշարունակեմ, չէ՞ որ դասախոսելու համար PHD աստիճան է պետք: Չնայած գերազանց եմ ավարտել մագիստրատուրան, բայց ասում են՝ պետք է վճարովի սովորեմ, վարձն էլ 800000 է: Դիմել եմ, ասել եմ, որ Հայաստանի քաղաքացի չեմ, բայց գերազանց եմ ավարտել, չէ՞, առայժմ պատասխան չկա»,- նշում է Սեւանը: Նա հույս ունի, որ ՀՀ կրթության նախարարությունը ինչ-որ բան կմտածի այս ուղղությամբ՝ հաշվի առնելով իր գերազանց առաջադիմությունը եւ գիտելիքները: Նա նաեւ շատ է ցանկանում կրկին արժանանալ DAFI ծրագրի աջակցությանը: Երիտասարդն իր ապագան պատկերացնում է Հայաստանում եւ բնավ ցանկություն չունի այլ երկիր տեղափոխվելու, ասում է՝ երեխա ժամանակվանից երազել է գալ-հաստատվել հայրենիքում:

«Առավոտը» Սեւան Վարդանյանի մասին տեղեկացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Նա օրերս ոչ պաշտոնական զրույցում խոստացավ, որ նախարարությունը որեւէ լուծում կգտնի:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031