Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորին գտել են բենզինի բաքի մեջ մահացած

Հուլիս 13,2012 13:40

Նարեկի հարազատները համոզված են, որ դա սպանություն է

Ընդամենը 20 օր էր մնացել, որ հայոց բանակի զինվոր Նարեկ Գալստյանը Ագարակի զորամասում ծառայությունն ավարտեր ու վերադառնար հայրենի Ալավերդի քաղաք: Սակայն 2008 թվականի մայիսի 9-ին՝ հաղթանակի օրը, զանգել են ծնողներին ու գուժել, որ որդին մահացել է: Զինվորական գրքույկը գրպանում՝ Նարեկի դին բերել-հանձնել են ծնողներին: Երեկ «Առավոտի» խմբագրություն այցելած Նարեկի հորաքույրը, որ 4 տարի է՝ պետական դռներն ընկած արդարություն է որոնում, քանի որ համոզված է, որ Նարեկին սպանել են, այլ ոչ թե թունավորվել է, եւս մեկ անգամ դիմեց ՀՀ նախագահին, պաշտպանության նախարարին ու գլխավոր դատախազին՝ պահանջելով Նարեկի գործը բացել:

Հորաքույրը՝ Սուսաննա Գալստյանը, որը Նարեկի մահվանից ի վեր քուն ու դադարը կորցրել է, պատմեց. «2006-ին Նարեկը զորակոչվեց բանակ եւ գալուց ընդամենը 20 օր առաջ նրա «գլուխը կերան»: Ծնողների ու գերդաստանի միակ արու զավակն էր: Հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, մայրն էլ այժմ հոգեմետ դեղերով է ապրում: Նա պետք է վերադառնար, որ հորը, մորն ու քրոջը տիրություն աներ»:

Հարազատները համոզված են, որ սպանություն է, քանի որ մահվանից մի քանի ժամ առաջ՝ կեսգիշերին, Նարեկը զանգել է քրոջն ու հայտնել, որ ծառայակից ընկերոջ՝ Վլադիկ Ալավերդյանի հեռախոսից է զանգում, երբ քույրը անհանգստացած հարցրել է, թե ինչո՞ւ այդ ուշ ժամին քնած չէ, Նարեկն ասել է, որ մեքենայի մեջ Վլադիկի հետ նստած՝ զրուցում են: Սակայն, հորաքրոջ պատմելով, քույրը Նարեկին ասել է, թե հայրիկին արթնացնում է, քանի որ շատ է անհանգստանում, բայց Նարեկը թույլ չի տվել՝ հորդորելով, որ եթե կես ժամից էլ զանգի՝ այդ ժամանակ նոր արթնացնի: Նարեկն այլեւս չի զանգել: «Նշանակում է՝ նա ինչ-որ խնդիր է ունեցել: Առավոտյան հայտնել են, որ նա մահացած է, դիակը գտել են դատարկ բենզինի բաքի մեջ՝ շնչահեղձ եղած»,- ասաց տիկին Սուսաննան: Նրա խոսքերով, դիահերձման եզրակացությունում նշվել է, որ բենզինի արտադրած գազերի թունավորումից է Նարեկը մահացել. «Հարց է առաջանում, նախ՝ ինչ գործ ուներ Նարեկն այդ ժամին բենզինի բաքի մեջ, այդ բաքը գտնվում է խիստ պահպանվող տարածքում: Եվ եթե անգամ մտել է բաքի մեջ ու զգացել, որ խեղդվում է, ինչու դուրս չի եկել: 12 տարի սպորտով զբաղված, կարատե պարապած տղան մի՞թե չէր կարող 2 ու կես մետր բաքից դուրս գալ, հատկապես, որ մեջն աստիճաններ են եղել: Ի՞նչ է նա չէր հասկանում, որ այնտեղ մտնել չէր կարելի, Նարեկը զորամասում վարորդ է եղել, մանկավարժի ընտանիքի զավակ»:

Հորաքույրը պատմեց, որ բանակում Նարեկի հետ կոնֆլիկտ է ունեցել սպա Բախտիկ Ստեփանյանը, որը Նարեկին վերջին ամիսների ընթացքում ստորացրել է, ապտակել է. «Մի անգամ ճաշարանում է ապտակել, թե որ տեսնում ես՝ ես գալիս եմ, ինչու ոտքի չես կանգնում: Այս մասին Նարեկը պատմել է հորը: Անգամ կեսգիշերին Նարեկի պապը, քեռին մեքենա են վերցրել ու Ալավերդիից հասել Մեղրի՝ Ագարակի զորամաս: Պապիկը հաշվի առնելով իր տարիքը՝ մի ապտակ է հասցրել սպային, որ նա էլ ցավ զգա, ինչ որ իր թոռնիկն է զգացել: Վզից բռնած ուզեցել է տանի հրամանատարի մոտ, բայց սպան խնդրել է պապիկին, որ չտանի եւ ներողություն է խնդրել, ու էսօր մենք գտնում ենք, որ ամենամեծ մեղքը հենց այդ սպայինն է, որ նրա մատն է խառը այդ ամենի մեջ: Բախտիկը հրամանատարի բարեկամն էր»:

Զինվորի մահվան գործով դատավարությունն առանց հարազատների է տեղի ունեցել: Ըստ Ս. Գալստյանի, իրենց ոչ մի ծանուցագիր չեն ուղարկել եւ դատի մասին հարազատներին տեղյակ չեն պահել. «Երբ Կապանի առաջին ատյանի դատարանից պահանջեցինք գործը, մեզնից 76 հազար դրամ գումար են պահանջել: Քրեական գործը փակել են, անգամ այդ մասին չենք իմացել: Բողոքարկում ենք, ոչ ոք հաշվի չի առնում: Քրեական 3 հատոր գործը ծայրից ծայր կեղծել են: Այսօր Նարեկի մայրը հոգեմետ դեղերով է ապրում: Ամենավատն այն է, որ մեր արժանապատվությունը տրորում են՝ ասելով, թե իբր Նարեկը գնացել է բենզին գողանալու: Իր հետ ծառայած տղաները ծառայությունը վերջացնելուց հետո ասում էին, որ դա սպանություն է եղել եւ ուղղակի սարքում են Նարեկի գլխին»:

Տիկին Սուսաննան պատմեց, որ տարիներ հետո մի շատ պատահական զուգադիպությամբ, երբ արդեն զորացրվում է Նարեկի ծառայակից ընկերը՝ Վլադ Ալավերդյանը, ու տաքսի է վարձել տուն գնալու համար, տաքսու վարորդին պատմել է Նարեկի դեպքը եւ ասել, որ շատ վատ է զգում իր ընկեր Նարեկի մահվան համար: Պատմել է նաեւ, որ իրեն էլ Նարեկի հետ տարել են բենզինի բաքը մաքրելու, բայց ինքը կարողացել է դուրս գա, Նարեկը՝ ոչ: Այդ նույն տաքսին շատ պատահական նստել են Նարեկի ծնողները, եւ երբ խոսել են իրենց որդու մասին, տաքսու վարորդը արձագանքել է, թե ծանոթ է այդ պատմությանը եւ փոխանցել Վլադի պատմածները:

Ըստ մեր զրուցակցի. «Գործը քննող մարմիններին հայտնել եմ այս մասին, պնդեցի, որ այդ տաքսու վարորդին բերեն՝ քննեն, ինձ ասում են՝ դու գնա վարորդին բեր:

Ես ո՞վ եմ, որ վարորդին բերեմ, նրանց տվել եմ հեռախոսահամարը, ավտոմեքենայի գույնն եմ նշել, վարորդի տեղն եմ ասել, որտեղ է աշխատում, բայց ոչ ոք տեղից չի շարժվում: Մինչ օրս չկա Նարեկի զինվորական հագուստը, ոչ մի անձնական իր չեն տվել մեզ, գործի քննության ժամանակ ասում էին՝ փաթեթավորված դրված է, կտանք, բայց մինչ օրս տղայի հագուստը չեն տրամադրում»:

Հորաքրոջ պատմելով, Նարեկը որոշել էր բանակից վերադառնալուց հետո ոստիկան դառնալ: «Ես կարող էի նրան փախցնել- տանել Լեհաստան՝ ամուսնուս մոտ, սակայն Նարեկը չհամաձայնեց, պնդեց, որ պետք է գնա ծառայության եւ չի պատրաստվում խուսափել ծառայությունից»,-ասում է տիկին Սուսաննան:

Թե ինչպիսի վերաբերմունքի են արժանանում զոհված զինվորի ծնողները պետության կողմից, տիկին Սուսաննայի խոսքերով, երեւում է իշխանությունների վարմունքից. «Արդեն 7 ամիս է՝ զոհված զինվորի թոշակը չեն տալիս նրա հարազատներին՝ Ալավերդիի սոցիալական բաժնում պատճառաբանել են՝ դիմումը կորցրել ենք: Այս հարցով դիմել եմ պաշտպանության նախարարին, որը հորդորում է համբերել՝ ասելով՝ գումարը պետական բյուջեում է: Բայց ինչքան համբերենք, արդեն մեկ տարին լրանում է»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031