ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանը «ադեկվատ եւ դրական» է համարում «իրենց օրենքից բարձր դասող անձանց եւ անպատժելիության մթնոլորտի ձեւավորման ջատագովների դեմ հասարակության տարբեր շերտերի արձագանքը»:
– Առաջիկայում հանրապետությունում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ. ՕԵԿ-ն ի՞նչ չափով է մասնակցություն ունենալու այդ ընտրություններին, որքանո՞վ եք կարեւորում նախագահական ընտրություններից առաջ ՏԻՄ ընտրությունները:
– «Օրինաց երկիր» կուսակցությունը մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել եւ հանրապետական, եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորմանը: Այս անգամ էլ մենք մեր ակտիվ մասնակցությունը կունենանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ինչի համար այս պահին կուսակցությունում ընթանում է ակտիվ նախապատրաստական աշխատանք:
Կարդացեք նաև
Ես ՏԻՄ ընտրությունների կարեւորությունը չէի պայմանավորի նախագահական ընտրություններով: Ընդհանրապես, «Օրինաց երկիր» կուսակցությունը մշտապես կարեւորել է տարածքային համաչափ զարգացման խնդիրները՝ հատկապես մարզերում եւ գյուղական համայնքներում, հետեւաբար կարեւորում ենք ՏԻՄ ընտրությունները. որքան կայացած եւ արդյունավետ լինի տեղական ինքնակառավարման համակարգը, այնքան զարգացած եւ մրցունակ կլինի մեր պետությունը:
– ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում «այսօրվա կոալիցիան կունենա իր միասնական թեկնածուն՝ ի դեմս գործող նախագահի, եւ եթե համամասնական ընտրակարգով իրենց ստացած ձայները գումարում ենք, տեսնում ենք, որ 50 տոկոս չեն, իսկ սա նշանակում է, որ 50 տոկոսից ավելի դաշտ կա, որը ցանկացած քաղաքական ուժ պետք է իր առջեւ դնի համախմբել». որքանո՞վ ընդդիմությունը կհաջողի համախմբվել եւ հաղթել իշխող կոալիցիային:
– Նախ պետք է նշեմ, որ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները միմյանցից տարբերվում են, եւ փորձը ցույց է տվել, որ անհատը, լիդերը հիմնականում ավելի շատ ձայներ է ստանում, քան կուսակցությունը: Մյուս կողմից՝ եթե դիտարկենք գոյություն ունեցող իրավիճակը, ապա կոալիցիոն դաշտում ամեն ինչ պարզ է, եւ «Օրինաց երկիր» կուսակցության դիրքորոշումը բոլորին հայտնի է. 2013թ.-ի նախագահական ընտրություններում մենք սատարելու ենք նախագահ Սերժ Սարգսյանին: Սակայն սրան հակառակ՝ բավականին անորոշ է իրավիճակը ընդդիմադիր դաշտում: Նախ՝ ընդդիմադիր հռչակված երեք ուժերի՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» միջեւ գոյություն ունի ակնհայտ տարաձայնություն, ինչը դրսեւորվեց ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական ժամանակահատվածներում: Ակնհայտ է, որ «Ժառանգությունը» կգնա սեփական թեկնածուով, եւ հաշվի առնելով ՀԱԿ-ՀՅԴ-«Ժառանգություն» հակասությունները՝ դժվար թե ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն պաշտպանեն «Ժառանգության» թեկնածուին: Իսկ մյուս կողմից՝ ՀԱԿ-ում եւ ՀՅԴ-ում ակնհայտ գոյություն ունի լիդերի ընտրության խնդիր, եւ այդ քաղաքական ուժերում տեղի ունեցող վերջին զարգացումները այդ խնդիրը ավելի են խորացնում: Իսկ ԲՀԿ-ի անորոշ պահվածքը ընդդիմադիր դաշտի միավորման եւ մեկ միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունները ավելի է նվազեցնում, եւ եթե տեսականորեն ԲՀԿ-ին էլ համարենք ընդդիմություն, ապա ստեղծված իրավիճակում նույնպես ընդդիմությունը առավելություն չի ստանում գործող քաղաքական կոալիցիայի նկատմամբ:
– Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հայտարարում են, որ իշխանությունները ձախողել են բոլոր ոլորտներում, ինչպե՞ս եք պատկերացնում, ի՞նչ կոնկրետ քայլերով պետք է շտկել իրավիճակը երկրում:
– Ընդդիմության հիմնական առաքելություններից մեկը հենց իշխանություններին քննադատելն է: Նորմալ ու օրինաչափ եմ համարում, որ այսօր ունենք ընդդիմություն, որը կարող է իր կարծիքը հայտնել եւ քննադատել կառավարության գործունեությունը: Նման ընդդիմության առկայությունը նաեւ գոյություն ունեցող իշխանության առավելությունն է, քանզի գոյություն ունեցող խնդիրների լուծման ուղիների ընտրության հարցում ընդդիմության առողջ քննադատությունը կարող է օգտակար լինել: Իսկապես, մեր հասարակության առջեւ ծառացած են մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար կարեւոր է վերջերս Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության 2012-2017թթ.-ի գործունեության ծրագրի կատարումը: Ինչպես գիտեք, կառավարության ծրագիրը կազմվել է՝ հիմք ունենալով ՀՀ նախագահի, կոալիցիոն երկու ուժերի՝ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերը, եւ համոզված եմ, որ եւ ՀՀԿ-ն, եւ ՕԵԿ-ը բոլոր հնարավոր միջոցներով կնպաստեն ծրագրի իրականացմանը: Իսկ ձախողման մասին հայտարարությունները համարում եմ չափազանցված:
– Ինչպե՞ս եք գնահատում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների շուրջ տեղի ունեցող զարգացումները: ՀՀԿ-ականներից որոշները սխալ որակեցին Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը հանձնելու քայլը: Միաժամանակ, շարժման ակտիվիստներն էլ առաջ են քաշում Հայրապետյանին կալանավորելու, ունեցվածքը խլելու պահանջներ:
– Առաջին հերթին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վահե Ավետյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին՝ գիտակցելով, որ այն անդառնալի կորուստ է նրանց համար, եւ հազիվ թե որեւէ մեկը կարողանա ինչ-որ չափով մեղմել նրանց վիշտը: Մենք հրապարակավ դատապարտել ենք այդ երեւույթը, իսկ բոլոր մեղավորները պետք է ստանան իրենց պատիժը օրենքի ամբողջ խստությամբ: Ինչ վերաբերում է այս իրադարձությունների հասարակական հնչեղությանը, ապա կարող եմ ասել, որ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության օրեցօր աճող դերն ու կարեւորությունը՝ միանգամայն ադեկվատ եւ դրական եմ համարում իրենց օրենքից բարձր դասող անձանց եւ անպատժելիության մթնոլորտի ձեւավորման ջատագովների դեմ հասարակության տարբեր շերտերի արձագանքը: Խիստ կարեւոր է քաղաքացիական հասարակության մասնակցությունը նման արատավոր երեւույթների հրապարակայնացման եւ դատապարտման գործընթացում: Այլ հարց է, երբ որոշ անձինք ծայրահեղ քայլեր ձեռնարկելու կոչեր են անում՝ առաջ ընկնելով իրավապահ մարմինների գործողություններից, քանի որ պետության արձագանքը ցանկացած երեւույթի, անկախ իր հնչեղությունից, պետք է լինի միմիայն օրենքի շրջանակներում: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին, ապա նա արել է հնարավորը՝ հրապարակավ ներողություն է խնդրել, հրաժարվել է մանդատից, դատապարտել է կատարվածը: Ցավոք, որոշները փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ եւ անընդհատ տեղի-անտեղի շիկացնում են մթնոլորտը՝ փորձելով ավելորդ շահարկումներով քաղաքականացնել իրավիճակը, որը տեղին չէ տեղի ունեցած ողբերգական դեպքերիքց հետո:
– Ի՞նչ փուլում է ՕԵԿ-ի վերակազմավորումը, ի՞նչ է դա տալիս կուսակցությանը:
– Կուսակցության վերակազմավորման գործընթացն այսօր ակտիվ ընթացքի մեջ է: Վերակազմավորման նպատակը մրցունակության բարձրացումն է: Այն կուսակցության քաղաքական խորհրդի որոշումն էր, որի հիմքում ընկած են 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքների համակողմանի վերլուծությունը, տարածքային կառույցների աշխատանքների արդյունավետության դիտարկումները, ինչպես նաեւ կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը: Մենք չեղյալ ենք համարել նախկին անդամատոմսերը, եւ այժմ ՕԵԿ-ականներին տրվում են նոր անդամատոմսեր: Խստացվել է նաեւ անդամագրման կարգը, տարածքային կառույցներում նույնպես վերակազմավորումներ են ընթանում, որոշ տեղերում կուսակցական կառույցները միավորվում են, իսկ այլ վայրերում նոր գրասենյակներ են բացվելու: Այս գործընթացը ինքնանպատակ չէ, ինչպես համառորեն ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ, այլ ուղղված է կուսակցության արդիականացմանը, տարածքային կառույցների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Վերակազմավորման գործընթացն ունի մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր նպատակ: Ընտրությունները ցույց տվեցին, որ եղան մարդիկ, որոնք տեղի տվեցին չնչին ընտրակաշառքի գայթակղությանը, կան մարդիկ, որոնք այսօր են փորձում մեր շարքերը համալրել՝ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով: Իսկ ահա նրանց կողքին կան բազմաթիվ նվիրված մարդիկ, որոնք թե դժվարությունների, թե հաղթանակների դեպքում մշտապես մեզ հետ են եղել, որովհետեւ կիսում են մեր գաղափարները եւ ընդունելի են համարում պայքարի մեր ձեւը: Մեր նպատակը պատեհապաշտ մարդկանցից ձերբազատվելը եւ գաղափարակից նվիրյալներով կուսակցության շարքերը համալրելն է: Վստահ եմ, որ արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեսանելի կլինեն արդյունքները:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ