Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր Շահե աբեղա Անանյան. Սնահավատություն է, երբ մարդ տխրում է չջրվելու պատճառով

Հուլիս 13,2012 13:11

Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներից Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառն այս տարի նշվում է հուլիսի 15-ին: Ժողովրդական ընկալումներում Վարդավառը համարվել է նաեւ սիրո տոն: Ներկայացնելով տոնի խորհորդը` այսօր «Հենարան ակումբում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Շահե աբեղա Անանյանը փաստեց, որ տաղավար տոներն իրենց բովանդակությամբ առնչվում են Քրիստոսի երկրային կյանքի հետ. «Վարդավառի պարագայում իրադարձությունն այն նշանավոր դրվագն է, երբ Քրիստոս իր աշակերտների հետ բարձրանում է Թաբոր լեռը եւ պայծառակերպվում` ցույց տալով Իր աստվածության ողջ փառքը: Այն հավատացյալների համար, ովքեր դավանում են Աստվածաշնչի արժեքները, տոնն առավելապես կարեւորվում է Քրիստոսի աստվածակերպության բացահայտմամբ»:

Հայտնի է, որ հայ մատենագիրներից Գիրգոր Մագիստրոսը եւ Մովսես Խորենացին հիշատակել են հեթանոսությունից ժառանգած ծիսակարգերի, մասնավորապես` ջուր ցողելու մասին: «Այսօր այլ պատկերացումներ ունենք եւ Վարդավառն ընկալում ենք նաեւ որպես սիրո տոն: Այդ առնչությամբ առարկություն չունեմ, բայց սիրո տոնը Սուրբ Սարգսի տոնն է` պաշտոնապես հռչակված Առաքելական եկեղեցու կողմից: Ջրի օրհնության եւ ջուր ցողելու ավանդույթը ստացել է քրիստոնեական մեկնաբանություն. պատարագի սկզբում պատարագիչը վարդաջրով օրհնում է հավատացյալներն»,- ասաց Հայր Շահե աբեղա Անանյանը: Նա հավելեց, որ տաղավար տոների խաղիկները ազգագրագետների ուսումնասիորության կենտրոնում են. «Առհասարակ, տոների խաղիկները սոցիալական հավաքականություն ապահովելու միտում ունեն: Մարդկանց մի մասը խաղն ավելի է կարեւորում, բայց դա չի նշանակում, թե հավատքը պակաս կարեւոր է»:

Հոգեւորականը նկատեց, որ հայերը ջուր ցողել շատ են սիրում. «Այդ ավանդույթը մինչ քրիստոնեությունն էլ էր կենդանի: Բայց սնահավատություն է, երբ մարդ տխրում է չջրվելու պատճառով եւ մտածում, թե հաջողություն չի ունենա: Դժվար է երեխաներին հորդորել, որ չջրեն, որ չջրեն մեծահասակներին, բայց վերջիններս հարցին նաեւ ըմբռնումով պետք է մոտենան»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031