Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատվել փրկչի առասպելից

Հուլիս 13,2012 13:07

Դաշնակցական գործիչներն իրենց վերջին հարցազրույցներում, հիմնվելով, հավանաբար, իրենց ընդհանուր ժողովի որոշումների վրա, հայտարարել են, որ նախագահական ընտրություններին առաջ են քաշելու կամ պաշտպանելու են այն թեկնածուին, որը ապամոնտաժելու է նախագահական ինստիտուտը: Որքան էլ ես չընդունեմ այդ կուսակցության գաղափարախոսությունը, պիտի համաձայնեմ, որ դա քաղաքական ծրագիր է, որի շուրջ կարող են համախմբվել տարբեր ուղղվածության ուժերը: Եթե լինի այնպիսի թեկնածու, անկախ նրա անուն-ազգանունից եւ կուսակցական պատկանելությունից (ավելի ցանկալի է, որ նա ընդհանրապես կուսակցական չլինի), որը կհայտարարի, թե նախագահ դառնալով մեկ տարում նպաստելու է Սահմանադրության փոփոխությանը, խորհրդարանական կառավարման ներմուծմանը, որից հետո հրաժարական է տալու եւ անց է կացնելու արդար խորհրդարանական ընտրություններ, իսկ այնուհետեւ չի հավակնելու ոչ պատգամավորական մանդատի, ոչ վարչապետի, ոչ նախարարի, ոչ էլ որեւէ այլ պաշտոնի, այդպիսի թեկնածուն, կարծում եմ, շանսեր կունենա շահելու նորմալ քաղաքացիների համակրանքը:

Չէի ցանկանա մտնել կառավարման տարբեր համակարգերի դրական եւ բացասական կողմերի մասին ակադեմիական վեճի մեջ: Հարցն այստեղ այլ հարթության մեջ է. Հայաստանում զարգացման կարեւորագույն խոչընդոտն է անձնականացված մոտեցումը բոլոր հասարակական հարցերում: Փրկչի, շեֆի, հերոսի, թագավորի առասպելը խորը արմատներ ունի մեր ժողովրդի գիտակցության մեջ: Երբ մենք մտածում ենք նախագահի հնարավոր թեկնածուի մասին, առաջին միտքը, որը մեր մեջ ծնվում է՝ «ինչ է անելու այդ մարդը, որ իմ գործերն ավելի լավ գնան»: Շատ քչերի մտքով է անցնում, որ այդ մահկանացուն, որի բարերարություններին ենք մենք սպասում, վաղը այս կամ այն հանգամանքների բերումով կարող է դառնալ չարագործ եւ մեզ համար միանգամայն ատելի կերպար: Ճիշտը, հետեւաբար, ոչ թե բարի թագավորին սպասելն է, այլ այնպիսի մեխանիզմներ ստեղծելը, որոնց պայմաններում ցանկացած  մարդ՝ բարի, թե չար, տաղանդավոր, թե անտաղանդ, կվարվի օրենքի սահմաններում:

Այսքանից ելնելով՝ նախագահի այդքան գայթակղիչ աթոռը, հավանաբար, պետք է վերացնել: Դա, իհարկե, ինքնին իրավիճակի կտրուկ փոփոխություն չի ապահովի, դրա հետ մեկտեղ նոր Սահմանադրության մեջ պետք կլինի ներդնել  զսպումների եւ հակակշիռների ավելի հստակ մեխանիզմ, քան այն, որը կա այսօրվա Գլխավոր օրենքում: Բայց անկախ նրանից՝ ճիշտ է Դաշնակցության մոտեցումը, թե սխալ, այն իր բովանդակությամբ քաղաքական է, այսինքն՝ ուղղված է համակարգին, ոչ թե անձին: Այն, ինչ ընդդիմությունն է 20 տարի շարունակ պահանջում՝ նախագահի անհապաղ հրաժարական եւ արտահերթ ընտրություններ, իրականում քաղաքական չէ: Որովհետեւ դրանից հետո անխուսափելիորեն քննարկվում էին եւ շարունակվում են քննարկվել երեք մահկանացուների թերություններն ու արժանիքները: Իսկ դրանք անպտուղ, խոհանոցային, քաղքենի խոսակցություններ են, որոնք քաղաքականության հետ բացարձակապես կապ չունեն:

Ճիշտ է, այս պահին ընդդիմությունը անհապաղ հրաժարական չի պահանջում: Բայց դա ժամանակավոր երեւույթ է. փետրվարին նորից կսկսի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել