Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի գլխավոր գուշակը կանխագուշակել է Հայաստանի ապագան

Հուլիս 13,2012 11:52

Արդեն մոտ 20 տարի է բանակցություններ են տարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, բայց խնդիրը դեռ իր վերջնական, առնվազն դիվանագիտական լուծումը չի ստացել, չնայած այն բանին որ, թե՛ միջազգային հանրությունը, թե՛ հակամարտության կողմերը պարբերաբար դեմ են հանդես գալիս status quo-ի պահպանմանը: Ամեն անգամ, երբ հայկական կողմը հանդես է գալիս որևէ հայտարարությամբ, ադրբեջանական կողմը պարտադիր կերպով արձագանքում է և փորձում փոքր-ինչ սարկազմով, երբեմն էլ կոշտ քննադատությամբ, պատասխանել և ներկայացնել սեփական մոտեցումը՝ կապված հիմնախնդրի վերջնական լուծման հետ և հակառակը: Բոլորն էլ ուզում են հարցը լուծել միջազգային իրավունքի շրջանակներում, խաղաղ և «արդար» պայմաններում, սակայն, միևնույն ժամանակ, բոլորն ունեն սեփական պատկերացումներն այդ ճանապարհին հասնելու ուղղությամբ, դրա համար էլ այսօր ունենք այն, ինչ ունենք, այսինքն status quo: Սրա հիմնական պատճառը հանդիսանում է կառուցողական մոտեցման իսպառ բացակայությունը, որն էլ իր հերթին փոխվստահության մթնոլորտի բացակայության արդյունք է: Այսօր ադրբեջանական հասարակությունն այնքան է կաղապարված և ագրեսիվ տրամադրված հայերի նկատմամբ, որ գործնականում հաշտության եզրեր գտնելն անգամ մոտ ապագայում բացառվում է, և սա արդյունքն է Ալիևյան սադրիչ և անհեռանկար քաղաքականության: Մեր հարևանների ամբողջ վերնախավը ոչ մի առիթ բաց չի թողնում անել ռազմատենչ և հակահայկական հայտարարություններ` ճնշվելով պարտվածի բարդույթից և չկարողանալով առանց ջղաձգումների բանակցել և փողզիջումային ճանապարհներով հասնել հարցի վերջնական կարգավորմանը:

Մի քանի օր առաջ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը, կառավարության ընդլայնված նիստի ժամանակ կրկին անդրադարձել է Արցախին և ամենայն վստահությամբ նշել, որ շուտով ադրբեջանական դրոշը ծածանվելու է Ստեփանակերտում: Ալիևի ելույթի անկյունաքարը հանդիսանում էր Հայաստանի «թուլացումը» և Ադրբեջանի շարունակական «ուժեղացումը»: Կարճ ասած՝ Ալիևը հույսը դրել է հայերի ապիկարության վրա: Նա ադրբեջանական հասարակությանը կոչ է անում համբերությամբ լցվել և սպասել Հայաստանի փլուզմանը և դրան զուգահեռ Ադրբեջանի ծաղկմանը: Նրա կարծիքով դրան շատ քիչ է մնացել և շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի:

Անկեղծ ասած դժվար է պատկերացնել, թե նման «նաստրադամուսյան» գուշակությունը Ադրբեջանում ով է լուրջ ընդունում, բայց, այնուամենայնիվ, հայտարարություն անողը ոչ ավել ոչ պակաս երկրի Նախագահն է, «հարգենք» մեկ րոպե լռությամբ: Փաստը մնում է փաստ. Այսօր Արցախը կրկին հայկական պետականություն է, և մենք ունենք այնպիսի բանակ, որը տարածաշրջանային մակարդակով պարտադրում է խաղաղություն:

 

Հ.Գ. պրն. Ալիև, անհարմար է, վերջ տվեք Ձեր տարօրինակ սովորությանը՝ քննարկել Արցախի հարցը կառավարության ընդլայնված նիստերի ժամանակ, որոնք, մասնավորապես, նվիրված են լինում երկրի սոցիալտնտեսական զարգացմանը:

 

Էրիկ Երիցյան  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031