Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող նախագահի հաղթանակին, համոզված եմ, չեն կասկածում անգամ նրա մրցակիցները

Հուլիս 13,2012 11:47

Հուլիսի 19-ի ԼՂՀ նախագահական ընտրությունների ընտրարշավի ավարտին հաշված օրեր են մնացել: Նախագահի թեկնածուները վերջին փորձերն են անում՝ իրենց նախընտրական ծրագրերն առավել հասանելի և ընկալելի դարձնելու համար: Հասկանալի է, որ ընտրության օրվա մոտենալուն զուգահեռ մեծանում է նաև հանրության հետաքրքրությունը այս ընտրությունների նկատմամբ: Արցախյան նախընտրական զարգացումների շուրջ մենք զրուցեցինք ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Պարո՛ն Ղուլյան, մի քանի օրից  ԼՂՀ նախագահի ընտրարշավը կմոտենա ավարտին: Ինչպե՞ս եք գնահատում ընթացքը: 

-Ընտրարշավի ավարտին դեռ մեկ շաբաթ կա, այնպես որ իմ գնահատականը միայն միջանկյալ պիտի համարել: Մի բան կարող եմ վստահ ասել, որ այսօր Արցախում ոչինչ չի խանգարում, որպեսզի թեկնածուներն օգտվեն Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով սահմանված հավասար իրավունքներից:

-Դեռևս ընտրարշավի մեկնարկից առաջ, թե՛ Արցախում, թե՛ նրա սահմաններից դուրս գործող որոշ ուժեր ի սկզբանե կասկածի տակ դրեցին ընտրական գործընթացի թափանցիկությունը, նախագահի թեկնածուներին տրվող հավասար հնարավորությունները և այլն: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակներ է հետապնդում նման «հետևողական» հոռետեսությունը:

-Ձեր նկատած այդ «քաղտեխնոլոգիան» ԼՂՀ ընտրությունների նկատմամբ առաջին անգամ չէ, որ փորձարկվում է, և գուցե հենց  նախորդ նման փորձերի ձախողումն է ստիպել Արցախի ճակատագրով  «մտահոգ» ուժերին` փոխել մարտավարությունը՝ կիրառելով «սեփական ձեռքերով կրակից շագանակներ հանել տալու» տեխնոլոգիան: Այսինքն՝ տպավորությունն այնպիսինն է, որ ԼՂՀ նախագահական այս ընտրությունների շուրջ տեղեկատվական  թնջուկը  մի նպատակ է հետապնդում. փոխել Արցախում ակնհայտ կայուն, հասարակական ներդաշնակության մթնոլորտը: Չեմ կարող ասել, թե ով ինչ նպատակներով է ներգրավված այս «գործարքում», բայց մի բան հստակ է. այդօրինակ խաղերը հաստատ Արցախի օգտին չեն:

Օրերս հայաստանյան լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել ԼՂՀ նախագահական ընտրություններում թեկնածու Վիտալի Բալասանյանին աջակցելու` ՀՀ մի խումբ գիտնականների պատրաստակամության մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին:

-Հարգելով մեր գիտնականների անկախ դիրքորոշում ունենալու իրավունքը, միաժամանակ չեմ կարող տարակուսանք չհայտնել  նման որոշման և, առավել ևս, որոշման ձևակերպման վերաբերյալ: Այն, որ նախաձեռնության հեղինակները ցանկանում են Արցախում զարգացած կրթություն և գիտություն ունենալ, միայն ողջունել կարելի է, սակայն առնվազն անհասկանալի է այդ ցանկության հիմնավորումը: Կարծում եմ, որ գիտությամբ զբաղվող անձը նախքան իր ստորագրությունը որևէ թղթի տակ դնելը, գոնե պետք է ստուգեր իրեն հրամցված նյութի իսկությունը: Խիստ կասկածում եմ, թե նամակի հեղինակները  ծանոթ են բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերին, հակառակ դեպքում կգտնեին իրենց հուզող հարցերի պատասխանները Բակո Սահակյանի նախընտրական ծրագրում ևս:

– Եվ վերջին հարցը:  Չնայած գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները, այդ թվում նաև ընդդիմադիրներից շատերը, ընտրությունների արդյունքները կանխատեսելի են համարում, իհարկե, հօգուտ Բակո Սահակյանի, այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե ի՞նչ կանխատեսումներ ունեք անձամբ Դուք հուլիսի 19-ի ընտրությունների արդյունքների շուրջ:

-Գործող նախագահ Բակո Սահակյանի հաղթանակին, համոզված եմ, չեն կասկածում նաև նրա մրցակիցները: Վստահաբար կարող եմ ասել, որ քվեարկության արդյունքներն արտահայտելու են ընտրողների գերակշիռ մեծամասնության կամքը և ընդունելի են լինելու ողջ հասարակության համար: Կարծում եմ, որ մեզ՝ բոլորիս, այս պահին և այսուհետ անհրաժեշտ է պահպանել ողջախոհությունը և յուրաքանչյուր մարտահրավեր հաղթահարել` հաջորդը կանխելու տրամադրվածությամբ: Հուլիսի 19-ից հետո էլ մենք պետք է կարողանանք անառիկ պահել մեր սահմանները և շարունակել պայքարը` մեր վերջնական նպատակին հասնելու համար:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031