Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ մեծ մայրն էլ դաջվածքներ ուներ»

Հուլիս 13,2012 10:58

Շվեդաբնակ ռեժիսոր Սյուզան Խարտալյանի աղմկահարույց «Տատիկին դաջվածքները» (2011 թ.) ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում։ Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է։ Խարտալյանը փորձում է հետաքննել իր մահացած տատի՝ Խանումի կյանքի իրական պատմությունը, ում, ջարդերի օրերին, 12 տարեկան հասակում բռնաբարել էր քուրդ կապիտանը, եւ անդրադառնում է այնպիսի դեպքերի, որոնք 1915-ի Ցեղասպանության ժամանակ տեղի են ունեցել շատ կանանց հետ։

«Խանում տատը մյուսների նման չէր։ Մանկուց նրան իբրեւ վատ կին եմ հիշում։ Խուսափում էր ֆիզիկական շփումից։ Նա մի տատ էր, որը երբեք չէր գրկում կամ համբուրում։ Եվ ձեռնոց էր դնում՝ թաքցնելով իր ձեռքերն ու դաջվածքները։ Թաքցնելով իր գաղտնիքը»,- այսպես է Սյուզան Խարտալյանը նկարագրում իր տատին։

Ֆիլմը ցուցադրվել է արաբական 200-միլիոնանոց լսարան ունեցող «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով, եվրոպական մի շարք երկրներում։ Չնայած գործադրվող ճնշումներին, այն ցուցադրվել է նաեւ Թուրքիայում՝ Կանանց միջազգային կինոփառատոնի ընթացքում։ Թուրքական մամուլը ֆիլմը որակել էր Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված «քարոզարշավ», ուր, իբր, ամեն ինչ ներկայացված է միակողմանի։ «Որոշ թերթեր գրեցին, իբր դաջվածքները վտանգավոր չէին, թերեւս բարի կամեցողության նշան էին, որ փրկում էին այդ աղջիկների կյանքը,- ասում է ռեժիսորը։- Իմ պատասխանն այս հարցին շատ հստակ է։ Կյանքը ազատեցին, բայց ի՞նչ գնով, պարտադրաբար դարձնելով թուրք, արաբ, քուրդ։ Սա ցեղասպանության մասին հռչակագրի 3-րդ կետն է. բռնությամբ խմբի անդամներին մեկ այլ խումբ տեղափոխելը»։

Խարտալյանը Թուրքիայում ֆիլմի ցուցադրությունից հետո նաեւ հարյուրավոր այլ բնույթի նամակներ է ստացել։ Հիմնականում ասվել է հետևյալը՝ «Իմ մեծ մայրն էլ դաջվածքներ ուներ»։

Ակնհայտ է, որ «Տատիկին դաջվածքները» հուզել է հազարավոր մարդկանց սրտեր, իսկ կարո՞ղ է ինչ-որ բան փոխել քաղաքական դաշտում՝ ի նպաստ Ցեղասպանության ճանաչման։ «Ես նման ամբիցիաներ չունեմ, թե հայկական հարցը պիտի լուծեմ այս ֆիլմով,- ասում է ռեժիսորը։- Բայց վերջերս մի տեսանյութ եմ ստացել, որտեղ ամերիկացի կոնգրեսմենը Ցեղասպանության ճանաչմանը նպաստող իր ելույթում մեջբերում է «Տատիկին դաջվածքները»՝ որպես նոր իրադարձություն՝ դաջված կանանց իրականություն։

Իմ ֆիլմերը հարցեր չեն լուծում, բայց օգնում են, որ այն խնդիրների մասին, որ նկարահանում եմ, ավելի շատ խոսվի»:

Շվեդաբնակ ռեժիսորը ավելի քան 20 ֆիլմ է նկարահանել, որոնք ցուցադրվել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում։ 1988-ին նկարահանած «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմը կինոյի պատմության մեջ առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքն է Հայոց ցեղասպանության մասին։ Այն, որպես լավագույն շվեդական կինոնկար, արժանացել է «Ոսկե բզեզ» մրցանակի, որն «Օսկարի» համարժեքն է Շվեդիայում։ Խարտալյանն իր գործերում անդրադարձել է նաեւ արցախյան պատերազմին, այս թեմայով երկու կինոնկար է ստեղծել։ Նա չի ժխտում, որ իր բոլոր ֆիլմերը, գուցե, տանում էին դեպի «Տատիկին դաջվածքները», դեպի ինքնության վերադարձը։

«Ուզում էի այնպիսի ֆիլմ նկարահանել, որ «ցեղասպանություն» բառը չգործածվի, բայց յուրաքանչյուր մարդ հասկանա, որ դա իմ ինքնությունն է,- ասում է նա։- Այս պատմությունը, ասես, ինձ հետ էր եղել։ Մեր ընտանիքն ապրում է դրա հետ, հաշտվում ենք, բայց չենք մոռանում»։

Տատիկի դաջվածքները տարիներ անց թոռնուհուն ստիպում են սեփական մարմնի վրա զգալ հարազատի կրած ստորացումները, եւ դա բնական է. սեփական ազգի հոգու, կենսագրության դաջվածքներն ի՞նչը պետք է ջնջի։

Հատկանշական է, որ Եղեռնը վերապրածներն իրենց զավակներին պատմել են

Անդրանիկի, Նժդեհի մասին, հայկական երգեր են երգել, բայց ստորացումների

մասին հիմնականում լռել են։

Սա էլ է բնական, որովհետեւ իրական ցավը լուռ է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031