Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիրիա՞ն է խորտակել թուրքական ինքնաթիռը, թե՞ խորտակվել է ինքն իրեն

Հուլիս 13,2012 10:40

Այս միջադեպը հակասական վարկածներով հանելուկի է վերածվել Թուրքիայում

Հունիսի 22-ին, երբ թուրքական հետախուզական ինքնաթիռը խորտակվեց Սիրիայի օդային տարածքում, Անկարան իսկույն հայտարարեց. «Միջադեպը չի դառնա պատերազմի պատճառ, սակայն անպատիժ էլ չի մնա»: Նա միաժամանակ պահանջեց, որ Դամասկոսը ներողություն խնդրի եւ պատժի նրանց, ովքեր խորտակելու հրաման են տվել: Խորտակման փաստը երեք օր քողարկվում էր թուրք հասարակությունից: Հունիսի 25-ին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հոխորտանքով հայտարարեց. «Թող ոչ ոք չփորձարկի Թուրքիայի հանդգնությունը: Կատարելու ենք անհրաժեշտ բոլոր քայլերը»:

Հոխորտացել էր նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. «Մենք, որպես մեծ պետություն, չենք կարող ճանճերով զբաղվել: Սակայն դիմելու ենք իրավական բոլոր միջոցներին եւ սպասելու»: Դեռ սպասում են: Սիրիան առ այսօր ներողություն չի խնդրել: Պարզապես թուրքական կողմին հաջողվեց հայտնաբերել խորտակումից հետո այսպես կոչված միջազգային ջրերում սուզված ինքնաթիռի ջրի երեսում լողացող առանձին մասերը եւ երկու օդաչուների աճյունները: Ինքնաթիռի իրանը դեռ չի հայտնաբերվել:

Դավութօղլուի եւ Էրդողանի հոխորտանքներին զուգընթաց հունիսի 26-ին Բրյուսելում գումարվեց ՆԱՏՕ-ի արտակարգ նիստ: Հակառակ Թուրքիայի պահանջներին, որ ՆԱՏՕ-ն ռազմական գործողությունների դիմի Սիրիայի դեմՙ համաձայն կանոնադրության 5-րդ հոդվածի, ռազմական այս կառույցը ընդամենը համերաշխություն հայտնեց Թուրքիային եւ դատապարտեց թուրքական ինքնաթիռը կործանելու Սիրիայի արարքը:

Հատկանշական է, որ մինչ Թուրքիան շարունակում է աղաղակել թուրքական ինքնաթիռի միջազգային օդային տարածքում խորտակման մասին, ընդգծելով, թե «դա արվել է գետնից արձակված հրթիռով», հանկարծ լույս տեսավ ամերիկյան «Ուոլ սթրիթ ջոռնըլ» թերթի հուլիսի 1-ի համարը: Ամերիկյան ազդեցիկ այս թերթը գրեց, որ հակառակ Անկարայի պնդումներին, ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների տվյալներով, թուրքական ինքնաթիռը վայր են գցել Սիրիայի օդային տարածքում: «Ուոլ սթրիթ ջոռնըլը» մեջբերեց նաեւ ամերիկացի բարձրաստիճան փորձագետի խոսքերը. «Հայտնաբերված մասերի վրա չենք տեսել որեւէ հետք, որը հաստատի ինքնաթիռի գետնից արձակված հրթիռով խորտակվելու հանգամանքը, ինչպես Թուրքիան է պնդում»: Դրանով էլ փաստորեն կասկածի տակ դրվեց խորտակման թուրքական վարկածը:

Մինչ այդ համանման լուրեր տարածել էր նաեւ անգլիական մամուլը: Համենայն դեպս «Ուոլ սթրիթ ջոռնըլի» հրապարակումը պատճառ դարձավ, որ Էրդողանը մի կողմ դնի «Սիրիային պատժելու» հոխորտանքները, հրաժարվի «ինքնաթիռը խորտակվել է միջազգային օդային տարածքում» ձեւակերպումից եւ դա փոխարինի «Սիրիան խախտել է միջազգային իրավունքի նորմերը» ձեւակերպումով:

Դրա հետ թուրք ռազմական փորձագետներն էլ հրաժարվեցին «ինքնաթիռի հրթիռով խորտակման» վարկածից եւ սկսեցին հայտարարել. «Խորտակման բուն պատճառը հայտնի կդառնա, երբ հայտնաբերվի ինքնաթիռի իրանը»: Առաջացավ խառնաշփոթ: Ընդդիմությունը, մեղադրելով վարչապետ Էրդողանին, թե գետնով է տալիս Թուրքիայի հեղինակությունը, կառավարությունից պահանջեց հրապարակել ինքնաթիռի կործանման մասին ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի ունեցած տվյալները:

Դա կհաջողվի՞ Էրդողանի կառավարությանը, թե ոչ, չգիտենք: Բայց որ նախորդ օրը Թուրքիայում շրջանառության մեջ դրվեց մի նոր վարկած, ակնհայտ է: Ըստ այս վարկածի, թուրքական ինքնաթիռը վայր են գցել ոչ թե գետնից արձակած հրթիռով, այլՙ հակաինքնաթիռային արկով, որն, ի դեպ, արձակվել է ռազմանավից: Ակնհայտ է նաեւ, որ Ռուսաստանը ռազմածովային բազա ունի Սիրիայում, եւ Էրդողանը շուտով կմեկնի Մոսկվաՙ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ընդ որումՙ հանդիպման օրակարգի առաջնահերթ խնդիրը Սիրիայում կործանված թուրքական հետախուզական ինքնաթիռն է:

Այս նոր վարկածով էլ ավելի խճճվեց ինքնաթիռի կործանման շուրջն առաջացած խառնաշփոթը: Իսկ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը դա վերածեց կատարյալ հանելուկի: Երեկվա համարում հայտարարությանը տարակուսանքով անդրադարձավ «Ռադիկալը»: Ըստ թուրքական թերթի, հուլիսի 11-ի առավոտյան թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքէջում դեռեւս պահպանված է եղել ինքնաթիռի կործանման մասին 19 օր շարունակ շրջանառվող «Սիրիան առանց նախազգուշացնելու խոցեց» վարկածը: Ցերեկը, սակայն, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Օզելը հանդիպում է վարչապետ Էրդողանի հետ, որի հետեւում է զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որտեղ արդեն նշված է. «Ինքնաթիռ, որի խորտակումը իրենց վրա են վերցնում սիրիական պետական կառույցները» արտահայտությունը:

Մեջբերելով այս արտահայտությունը, «Ռադիկալի» հեղինակ Էյուփ Ջանը հարցնում է. «Ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է, որ այսքան հետազոտությունից, ուսումնասիրություններից հետո գլխավոր շտաբը դեռ վստահ չէ, որ մեր ինքնաթիռը Սիրիան է կործանել: Մինչդեռ դրա համար «գին էր վճարելու»: Ինչպես երեւում է, ոմանք մեզ ձեռ են առնում: Ավելին, ըստ գլխավոր շտաբի հայտարարությանը, ինքնաթիռի մասերի վրա որեւէ պայթուցիկ նյութի հետք չի հայտնաբերվել: Այսինքնՙ եթե Սիրիան կործանելու մասին ձայն չհաներ, ապա կստացվեր, որ մեր ինքնաթիռը ինքն իրեն է խորտակվել»:

Հիրավի Սիրիան պաշտոնական հայտարարությամբ ստանձնել էր թուրքական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը: Եթե ինքը չի խոցել, ապա ինչո՞ւ է ստանձնում կամ ո՞ր դեպքում կարող էր ստանձնել: Այն դեպքում միայն, եթե ինքնաթիռը խոցեր որեւէ գերտերության ռազմանավից արձակված արկը: Մնում է սպասել վարչապետ Էրդողանի Մոսկվա այցի եւ ՌԴ նախագահի հետ հանդիպման արդյունքներին:

Սակայն ինչպիսին էլ լինեն դրանք, ինքնաթիռի կործանման այս հանելուկը թուրքական շատ փայլուն դիվանագիտության հերթական ձախողումն էՙ ամենախայտառակ դրսեւորումներով:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031