Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պաշտոնյա. «Այո, իրականում մեթան տեսակի գազ է լիցքավորված եղել փուչիկներում»

Հուլիս 13,2012 10:27

 Օրերս ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳՎ-ն ստացել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի վերջին համերգ-հանրահավաքի ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը։

Նշված վարչության ՀԿԳՎ ղեկավար Արսեն Այվազյանը երեկ մեր թղթակցին հայտնեց դրա արդյունքների մասին։

– Ճիշտ է, բոլորն էլ ենթադրում էին, բայց առանց փորձաքննության վերջնական արդյունքների նախաքննական մարմինը չէր կարող հայտարարություն անել, բայց քանի որ ձեռքի տակ արդեն ունենք եզրակացություն, կարող ենք ասել՝ այո, իրականում մեթան տեսակի գազ է լիցքավորված եղել փուչիկներում, բոլոր՝ մոտ 7 հազար փուչիկներում։

– Հայտնի՞ է, թե որտեղ էին փուչիկները լիցքավորվել։

– Լիցքավորման մասով մենք լրացուցիչ հրապարակում կունենանք։ Արդեն պարզ է, թե ովքեր են լիցքավորել, ինչպես եւ որտեղ է լիցքավորվել։ Դա պարզ է, պարզապես այսօր բավարարվենք զուտ եզրակացությամբ, հետո լրացուցիչ պրոցեսների ավարտից հետո մյուս տվյալները պարզ կդառնան։ Ծխախոտից, ըստ եզրակացության, նման պայթյուն չէր առաջանա։ Եզրակացության մեջ ուղղակիորեն գրված է, որ պայթյունը տեղի է ունեցել բաց կրակի ներգործությամբ։

– Փորձաքննության արդյունքները ստացվեցին։ Այժմ ի՞նչ գործողություններ եք անելու։

– Նախատեսված են շատ գործողություններ, բայց որպեսզի չթվարկեմ դրանք, ասեմ, որ նախաքննությունը շարունակվում է, մասնավորապես կատարվում են, փորձաքննության եզրակացությունից բխող անհրաժեշտ գործողություններ։

– Այսպես հարցնեմ, փորձաքննության արդյունքից կարելի՞ է եզրակացնել, թե ով է պայթյունի պատասխանատուն եւ մեղավորը։

– Այս եզրակացությունը այլ եզրակացությունների հետ համակցության մեջ գնահատելով՝ մենք սրանից բխող այլ քննչական գործողությունների արդյունքում, արդեն իրավական գնահատականի  մասով,  կսկսենք  որոշակի  գործընթաց,  ձեր ասած՝ ով էր մեղավոր, ով մեղավոր չէր հարցում։ Միայն այս եզրակացությունը դրա համար բավարար չէ։

– Այս փորձաքննության արդյունքները ստանալով՝ նախաքննությունը մոտեցա՞վ ավարտական փուլին, թե՞ ընդամենը մեկ քայլ առաջ գնաց;

– Ես կասեի՝ մի քանի քայլ առաջ գնաց, որովհետեւ հիմա արդեն հաստատված հանգամանքներ ունենք, եւ բավականին առաջ գնաց քննությունը՝ արդյունքների ձեռքբերման մասով։ Կարծում եմ, արդեն ավելի արագ առաջընթաց կունենանք։

– Պարոն Այվազյան, այս պահի դրությամբ այս քրեական գործում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակով մարդ կա՞։

– Այս պահի դրությամբ քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ դեռ չունենք։

Փաստորեն, արդեն ապացուցված է, որ ի սկզբանե փուչիկների մեջ վտանգավոր գազ է եղել, հետեւաբար՝ պարզ է նաեւ, որ պետք է պատասխանատվության ենթարկվի այն անձը, որը կանխամտածված հանցագործություն է կատարել՝ հրապարակ է բերել պայթյունավտանգ փուչիկները, եւ այս դեպքում երկրորդական հարց է, թե ով է լուցկի վառել փուչիկների մոտ:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031