Խորհրդային ժամանակներում «գաղտնիք» բառը առանցքային էր մեր կյանքում՝ ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, «հայրենիք» կամ «կուսակցություն» հասկացությունները։ Իսկ որպեսզի չմոռանայինք, որ մեր գաղտնիքներից կարող է օգտվել թշնամին, թողարկվեց ցուցապաստառ, որի վրա կարմիր գլխաշորով կինը՝ մատը շուրթերին դրած, լուռ նախազգուշացնում էր. «Մի՛ շատախոսիր»։
Բայց ինչի՞ մասին կարելի էր շատախոսել, եթե մեզանից գաղտնի էին պահվում քաղաքական եւ սոցիալական ցանկացած իրադարձություններն ու դեպքերը, իսկ քաղաքացիները ստիպված էին տեղեկանալ դրանց մասին գաղտագողի՝ «Ամերիկայի ձայնի», «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներից, մի կերպ հաղթահարելով խլացուցիչների տրակտորային ղռղռոցը։
Ընդդիմության ջանքերի շնորհիվ, որն այս օրերին տարված է 2013 թվականի նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու գաղափարով, «գաղտնիք» բառը վերստին դառնում է առանցքային։ Չէ՞ որ ոչ ոք մարդավարի այդպես էլ չի բացատրում, թե կոնկրետ ում նկատի ունեն։ Թեեւ թափանցիկ ակնարկների պակաս չի զգացվում։
Կրկին եւ հաճույքով վերադառնալով մեր խորհրդային անցյալին, հիշեցնենք, որ բազմաթիվ կարեւոր քաղաքական որոշումներ այն ժամանակ ընդունվում էին «կա այսպիսի կարծիք» կախարդական բանաձեւի արտաբերումից հետո։
Այսօր ՀԱԿ ներկայացուցիչները գնալով ավելի հաճախ են օգտագործում այդ հնարքը՝ ապացուցելու, որ միակ արժանավոր միասնական թեկնածուն Տեր-Պետրոսյանն է։
«Մեզ պետք է այնպիսի թեկնածու, որը կարողանա մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին։ Դա պետք է լինի մարդ, որը, մի կողմից, ունի ամենամեծ կոնսոլիդացիոն հնարավորությունը, համախմբման հնարավորությունը, այսինքն՝ մի մարդ, որի հեղինակությունը այնքան հզոր է, այնքան անհերքելի է, որ նրա շուրջ կհավաքվեն առավելագույն քանակով քաղաքական ուժեր։ Մյուս կողմից՝ դա լինի մի մարդ, որը անկաշառ է, ռեժիմի հետ որեւէ գործարքի չի գնա եւ վճռական կլինի մինչեւ վերջ»,- գրում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Ես տրորեցի աչքերս։ Տեր-Պետրոսյանի բնութագիրը չանհետացավ։ Որքա՜ն նրբորեն, ինչպիսի՜ ճշգրտությամբ, ինչքա՞ն նրբանկատորեն են մատնանշված առաջնորդի արժանիքները. մտածեցի ես։ Ինչպիսի՜ ներզգացողությամբ, որքա՜ն խելամտորեն է որսացել համակարգողը կոնյունկտուրայի տատանումները։ Ես հրճված ու հիացա՛ծ եմ։
Ինչպիսի՜ կարգախոսներ։ Ինչպիսի՜ խոսքեր։ Ափսոս, որ դա նման է Մադագասկարի ջունգլիներում ապրող ահռելի դոդոշների համերգին. բարձրահունչ խառնաղմուկ, մարմինդ համակող սարսուռ. եւ ոչ մի արդյունք։ Քանզի ընդդիմության առաջնորդներից յուրաքանչյուրը միասնական թեկնածուի դերում տեսնում է բացառապես իրեն։
Եվ այդուհանդերձ միասնական թեկնածու, այսինքն՝ պարագլուխ ընտրել պետք է։ Ինչպե՞ս դա անել։ Կան տարբեր միջոցներ։
Հայտնի՞ է արդյոք ձեզ, ի դեպ, թե ինչպես են անտուն կատուներն առաջնորդ ընտրում։ Նրանք նստում են շրջանաձեւ ու նայում իրար աչքերի։ Իսկ հետո ցրվում իրենց գործերով, եւ նրանցից մեկն արդեն առաջնորդ է։ Կարելի է փորձել։
Կամ՝ կողպել միասնական թեկնածուի հավակնորդներին որեւէ տարածքում եւ ուտելիք չտալ։ Թող խժռեն մեկմեկու, մինչեւ որ մնա մեկը՝ ամենից ուժեղն ու կատաղին։
Թեպետ ինչ միջոց էլ ընտրեն, արդյունքը նույնը կլինի. միասնական թեկնածու կդառնա Տեր-Պետրոսյանը։ Սակայն բնավ ոչ Զուրաբյանի նկարագրած հատկանիշների շնորհիվ. «կարողանա մարտահրավեր նետել», «համախմբել», «անկաշառ», «վճռական», «կգնա մինչեւ վերջ»…
Հիմարություններ են այդ ամենը, մանկական հեքիաթներ։ ՀԱԿ առաջնորդը կհաղթի իր ընդդիմադիր մրցակիցներին այլ արժանիքների շնորհիվ.
«… լինելով պոետ, փոփոխամիտ ու երազկոտ, նրան պակասում էր կենսական հմտությունը, եւ նա օգուտ չքաղեց ո՛չ իր ռազմարշավներից, ո՛չ էլ իր տեքստերից։ Դա անշահախնդիր հոգի էր, մերթընդմերթ հմայված կամ վրդովված, որն անհաղթահարելիորեն տրվում էր իր բոլոր մղումներին։
Նրան տեսել են միամտորեն սիրահարված ամեն հիասքանչին, մեծահոգուն ու ազնվաբարոյին, տրված ռոմանտիկ անուրջներին կամ սիրային երազանքներին, տաքարյուն մաքառելիս մարտադաշտում, մերթ խորասուզված մտորումների մեջ, մերթ անհոգ զվարթ… Զարմանալի եւ միամիտ մարգարե, հերոսական՝ իր պատուհասների եւ բարի՝ իր հանճարեղության մեջ»։
Սա ասված է Սերվանտեսի մասին, տեքստը պատկանում է նրա լավագույն կենսագրին՝ Շալ անունով։ Բայց իրականում յուրաքանչյուր բառը Տեր-Պետրոսյանի մասին է։ Հավելելու ոչինչ չկա։
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայոց աշխարհ»