Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Դադարեցրել եմ կապը ընդհանրապես Կոնգրեսի հետ քաղաքագիտական հայտնի վերլուծությունից հետո»

Հուլիս 12,2012 23:34

Հատված «Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարին պաշտպանության նախկին փոխնախարար, ՆԳ նախկին փոխնախարար, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի նախկին անդամ, ներկայումս «Ժողովրդավարության անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցից:

– Պարոն Քոչարյան, 2008-ից եղել եք համաժողովրդական շարժման, 2008-ի նախագահական ընտրությունների, ընդհանրապես, ՀԱԿ-ի կազմավորման և գործունեության առանցքային ղեկավարներից, և կարծես թե դադարեցրել եք Ձեր անդամակցությունը ՀԱԿ-ին: Ինչպե՞ս եք գնահատում այն անցած ուղին, որ Ձեր գործունեությամբ նշանավորել եք և մասնակցել շարժմանը:

– Նախ ուզում եմ ասել, որ ոչ թե «կարծես սառեցրել» եմ, այլ դա համապատասխանում է իրականությունը: 2011 թվականի աշնանից ես դուրս եմ եկել ՀԱԿ-ից: Դա ունեցել է իր դրդապատճառները: Սկզբնական շրջանում դադարեցրել եմ Կոնգրեսի գրասենյակի հետ կապը, իսկ այնուհետև նոյեմբերից դադարեցրել եմ կապը ընդհանրապես Կոնգրեսի հետ քաղաքագիտական հայտնի վերլուծությունից հետո: Դրդապատճառները կապված են այլակարծության հետ, իմ ակտիվ հարցազրույցների հետ` տրված տարբեր լրատվամիջոցներին, իսկ ինձ համար ընդունելի չէ, որ ՀԱԿ-ն ունենա իր համար ընդունելի կամ ոչ ընդունելի լրատվամիջոց, և ես շարունակելու եմ հարցազրույց տալ այն լրատվամիջոցներին, ում որ ինքս հարմար եմ համարել, կամ ովքեր ցանկացել են ինձանից վերլուծություն ստանալ: Առաջին քայլի հիմնական պատճառը հիմնականում դա է եղել:

– 2011 թվականի աշնանը Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունը, նաև այլ ընդդիմադիր գործիչների` ՀԱԿ-ի մաս կազմող, ստիպեց, որ նրանք ևս նույն հիմքով դադարեցնեն իրենց գործունեությունը: Ես կուզեի, որ այս մասով ևս փակագծերը բացեիք և ասեիք, թե այդ քաղաքագիտական վերլուծությունը Ձեզ համար ինչ շարժառիթ է ծառայել:

– Մի շարք հարցազրույցներ եմ տվել տարբեր լրատվամիջոցների, որոնցում չեմ թաքցրել իմ կարծիքը` կապված Ռ. Քոչարյանի և ԲՀԿ-ի հետ: Ես կարծում եմ, որ դա բերել  է նրան, որ եղել է նաև ՀԱԿ-ի գրասենյակի կողմից դիրքորոշման նկատմամբ անհամաձայնություն, բայց երբ արդեն քաղաքագիտական վերլուծությունը դարձավ իրականություն, ես հասկացա, որ դա դարձել է որոշակի կենտրոնական ուղղվածություն ունեցող քաղաքական գիծ, որն ինձ համար չէր կարող ընդունելի լինել մի պարզ պատճառով. դրա մեջ տեսնում էի Ռ. Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հնարավորություն: Կարծում եմ, որ այդպիսի հեռանկար տեսել են նաև իմ ընկերներից Արամ Զավենի Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Աշոտ Զաքարյանը և էլի շատ շատերը: Շատերը, որոնք այս պահին դեռ չեն արտահայտվել, բայց անպայման կարտահայտվեն, որովհետև օր օրի, ամսաամիս այդ տեսանկյունը դառնում է գերիշխող և տեսանելի: Իսկ որքան տեսանելի է դառնում, դառնում է այնքան վտանգավոր, և կարծում եմ, որ այդ վտանգները զգացող մարդիկ չեն կարող հանդուրժել դրա հնարավոր վատթարագույն հեռանկարը, որ իշխանության կարող է բերել այնպիսի ուժերի, որոնք Հայաստանին բերել են միայն հետընթաց և արյուն:

– Մարտի 1-ի առնչությամբ չեմ կարող այս հարցը չտալ.  ՀԱԿ-ը  մարտի 1-ի բացահայտումը հռչակել էր որպես գլխավոր առաջնահերթություն, և այն հասարակական խմբերը, մտավորական այն շերտերը, որոնք համախմբվել էին, նաև այս խնդրով էին համախմբվել  ՀԱԿ-ի շուրջ և նախանձախնդրորեն պահանջում էին, որպես փաստահավաք խմբի անդամ և ամենակարևոր մանրամասներին տիրապետող մարդ, նաև Ձեզնից ստանալ այն բոլոր մանրամասները, որոնք, ի վերջո, կհասնեն մարտի 1-ի ոճրագործներին պատասխանատվության ենթարկելուն և իրական մեղավորներին պատժելուն: Ըստ Ձեզ, ՀԱԿ-ը հասա՞վ այդ նպատակին, թե՞ դրանից այսօր ինչ-որ պահի առաջնահերթություն չկա:

– Նախ ասեմ, որ եթե ՀԱԿ-ը հասներ մարտի 1-ի լիարժեք բացահայտման, ըստ էության, Հայաստանում արդեն իրականացված կլիներ իշխանափոխություն: Եթե դա չկա, ուրեմն մարտի 1-ի լիարժեք բացահայտում այս պահին տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է, որ 2008-ից սկսած` ՀԱԿ-ը լիարժեք պայքար է մղել մարտի 1-ի բացահայտման համար, դա պետք է ընդունել, որ այդպես է եղել մինչև որոշակի ժամանակաշրջան: Հանրության շատ լայն շերտեր իրենց պայքարը մղելու են մշտական, դա նաև իր թիկունքին զգացել է փաստահավաք խումբը, որը հնարավորություն է տվել համատեղ գործունեության շրջանակներում ձեռք բերել այնպիսի անհերքելի ապացույցներ և դրանք շարադրել այնպիսի անհերքելի զեկույցների մեջ, որ մինչև հիմա որևէ մեկը չի կարողացել կասկածի տակ դնել այդ զեկույցների մեջ ներառված փաստերը: Նույնիսկ իշխանական շրջանակները չկարողացան հերքել այն փաստերը, որ, ըստ էության, ներման ենթակա չէին, չնայած փորձեր շատ արվեցին: Ես կարծում եմ, որ մինչև 2011 թվականի գործընթացները, երբ տեղի ունեցավ նաև երկխոսության գործընթաց, ՀԱԿ-ը իր մարտի 1-ի բացահայտման պահանջատիրությունն իրականացրել է լիարժեք` մինչև երկխոսությունը: Այն, որ, իմ կարծիքով, տեղի ունեցավ սառեցման գործընթաց և շարունակվում է մինչև հիմա, էապես կախված է երկխոսության հետ, որովհետև դրանից հետո ՀԱԿ-ի մոտ նկատվեց պահանջների նկատմամբ որոշակի զսպվածություն, այն, ինչ մինչ այդ չի նկատվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031