Այսօր Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմը պատասխան խաղով, սեփական հարկի տակ հյուրընկալեց Մոնտենեգրոյի «Ռուդարիին»: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով , որի արդյունքում «Շիրակը» կարողացավ հաղթահարել եվրագավաթի որակավորման առաջին փուլը:
Գյումրիում միջազգային խաղի անցկացումը համարելով պատմական պահ` այս քաղաքի բնակիչները մի մարդու պես հավաքվել ու սատարում էին իրենց հարազատ թիմին: Նորակառույց ստադիոնում էր Գյումրու քաղաքապետը, մանկավարժական ինստիտիտուտի ռեկտորն իր ողջ դասախոսական կազմով, քաղաքի բոլոր բժիշկներն ու ոստիկանական համակարգի աշխատակիցները: Նույնիսկ կանայք էին եկել ֆուտբոլ դիտելու: Հետաքրքիրն այն է, որ երկրպագուները երկար ժամանակ «գոլ» էին բացականչում, սակայն տեսնելով , որ սեփական թիմը չի հաջողացնում խփել, նրանցից մեկը, կանգնած տեղից դիմելով մարզիչ Վարդան Բիչախչյանին, զայրացած բացականչեց. «Վարդան, Վարդան, ու՞ր ես , մի հատ ֆուտբոլիստներին ասա գոլ խփեն էլի»: Մյուսները սկսեցին կատակել, թե «ինչ տեսել, տեսել էինք, բայց շաբաշով գոլ չէինք տեսել»: Փաստորեն, «Ռուդար»-ի հետ կայացած երկու խաղերի արդյունքում մեր ֆուտբոլային թիմին հաջողվեց 2-1 հաշվով անցնել հաջորդ փուլ: Գյումրեցիներից այս փաստից այնպես էին հրճվել, որ հյուրերերին ճանապարհելիս` նրանց շարժվող ավտոբուսի հետևից բացականչում էին .«Ոչինչ, ախպերներ ջան, էդպես էլ կպատահի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ