Անվանի նկարիչ եւ քանդակագործ Երվանդ Քոչարի մասին պատմող «Եվրանդ Քոչարի տարածական նկարչությունը» ֆիլմի պրեմիերան կայացավ այսօր՝
հուլիսի 12-ին, Մոսկվա կինոթատրոնում՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում:
16-րոպեանոց ֆիլմի առանցքում նկարչի 1927 թ-ի գլուխգործոցներից մեկն է: Ստեղծագործությունը Երեւան է բերվել Փարիզի « Մինոտավր» ցուցասրահից: Նախաձեռնողը «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնն է: « Նկարը շուրջ երեսուն տարի գտնվել է հայտնի ֆրանսիացի կոլեկցիոներ Պատրիս Տրիգանոյի մասնավոր հավաքածուում: 2005-ին աշխատանքը գնել է «Մինոտավր» ցուցասրահի տնօրեն Բենուա Սապիրոն»,-այս մասին հայտնում է կուրատոր Գալուստ Հովսեփյանը:
Ռեժիսոր Ռուբեն Քոչարը ցավ է ապրում, երբ տեսնում է Մոսկվա կինոթատրոնի դիմաց տեղակայված եռաչափ պատկերի հանդեպ ունեցած մարդկանց ոգեւորությունը. «Հիմա բերել են մեզ մոտ, ցույց են տալիս 3D նկար. դա նախ 3D չի: Երկրորդ` բերել եւ ցույց են տալիս մի երկրում, որտեղ 3D իրենց կողքն է ծնվել: Քոչարը ստեղծել է նաեւ քառաչափ պատկեր, իսկ դա ժամանակն է: Նա իր ժամանակից առաջ է ընկել եւ դեռ այն ժամանակ ստեղծել: Այսօր ուղղակի ծիծաղելի է այս պատկերով փորձել զարմացնել հայությանը»,-ասում է նա: Քոչարը նշեց, որ հաջորդ տարի սկսվելու են նաև նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որը պատմելու է Քոչարի ամենահայտնի գործերից մեկի` «Սասունցի Դավիթ» արձանի կերտման, և Քոչարին շրջապատող արվեստագետների մասին, որտեղ սցենարը գրելու է Ռուբեն Հովսեփյանը:
Քրիստինա Միրզոյան