Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի գլխավորած պատվիրակությանը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի երևանյան քննարկումները կնպաստեն Հայաստանի և ԵԱՀԿ միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահը նաև նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, մարտահրավերներին և ընթացիկ հարցերի շուրջ մտքեր փոխանակելու:
Լամբերտո Զանիերը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ-ի կազմում շատ ակտիվ մասնակից պետություն է և հույս է հայտնել, որ կազմակերպության երևանյան գրասենյակի միջոցով ևս ակտիվ համագործակցությունը շարունակվելու և զարգանալու է:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն