Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասել էր, որ ՀԱԿ-ը, որը խոստացել էր կազմաքանդել իշխանությունը, ինքն իրեն կազմաքանդեց՝ նկատի ունենալով տարբեր քաղաքական ուժերի հետ ՀԱԿ-ի երկխոսությունը: Այս առնչությամբ Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ասաց. «Կարեն Քոչարյանը գործում է ինքն իրեն արդարացնող մարգարեությունների ժանրում, այսինքն՝ ինչ-որ մի բան փորձում է կանխատեսել՝ նպատակ ունենալով, որ իր կանխատեսման հետեւանքով դա իրականանա: Մասնավորապես, նման հնարք նա գործածել էր ընտրարշավի ժամանակ, ինչ-որ մի պահի, երբ ոչ մի հիմք չկար դրա համար, հայտարարեց, որ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին այդ կարգավիճակում փոխարինեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Իհարկե, դա չիրականացավ, բայց, քանի որ նա աշխատում էր «Ժառանգության» ընտրարշավի համար, ինքը, որպես օբյեկտիվ քաղտեխնոլոգ, նման հայտարարություն արեց՝ մեկ նպատակով, որ իրականանա այն, ինչի համար իր կողմից սպասարկվող ընտրարշավը կոչված էր: Կարծում եմ, որ հիմա գործում է նույն հնարքով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ