Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին Ծաղկավանը ամեն պահի կարող է կտրվել «արտաքին աշխարհից»

Հուլիս 12,2012 17:39

 2011թ. ապրիլին փլուզում եղավ միջպետական ճանապարհից Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան գյուղ տանող միակ, ասֆալտապատ ճանապարհին: Այդ ճանապարհի առաջին կիլոմետրում սողանքից փլվել է 30 մ երկարությամբ, 15 մ լայնությամբ եւ 20 մ խորությամբ հատված, հողը թափվել է գյուղը սնուցող, 130 մմ տրամագծով խմելու ջրագծի վրա, շարքից հանել այդ ջրագծի 30 մետրանոց հատվածը: Պատահարից հետո ջրագծի վնասված հատվածը արագ վերականգնվել է: Գյուղ մտնող ճանապարհը թեեւ նեղացել, սակայն երթեւեկելի է:

Ի՞նչ է փոխվել անցած մեկ տարի եւ 3 ամսվա ընթացքում: Ներքին Ծաղկավան համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանը հայտնեց, որ ճանապարհի երթեւեկելի մասում, ասֆալտին 2 սմ լայնությամբ եւ 2 մ երկարությամբ ճեղք է գոյացել, որը գնալով աճում է: Ճեղքի լայնանալով՝ ճանապարհն ամբողջությամբ կարող է փլվել: Այդ դեպքում հողը կթափվի մոտ 20 մ բարձրությունից եւ հետո շատ դժվար ու ծախսատար կլինի գյուղն «արտաքին աշխարհին» կապող միակ ճանապարհի նորոգումը:

Նաիրի Աթաբեկյանն ասաց, որ այս տարվա մայիսի 5-ին կապի եւ տրանսպորտի նախարարությունից եկել են, սողանքի վայրում ուսումնասիրություն կատարել: Դրանից հետո գյուղապետը եղել է Տավուշի մարզպետարանի տրանսպորտի բաժնում, ուր ծանոթացել է ճանապարհի վերականգնման նախագծին եւ ստորագրությամբ հավանություն տվել դրան :

Այդ նախագծով նախատեսվում է, որ նոր ճանապարհը ձգվելու է սողանքի վայրից աջ գտնվող տարածքով, 4-5 տուն այդ գոտուց հանվելու է, դրանից տերերին փոխհատուցում կտրվի,- ասաց Ն. Աթաբեկյանը:

Գյուղապետը չգիտի, թե որքան է կազմում նոր ճանապարհի կառուցման արժեքը, եւ այդ ծրագիրը երբ կսկսի իրականացվել: Ավելի քան մեկ տարի պահանջվեց ճանապարհի վերականգնման նախագիծ պատրաստելու համար, որքա՞ն ժամանակ կպահանջվի ֆինանսավորում սկսելու եւ ճանապարհը կառուցապատելու համար: Իսկ սողանքը չի սպասում, այն ակտիվ է: Այդ ճանապարհը ներկայումս բանուկ է, այնտեղով երթեւեկողների գլխին մշտապես կախված է տարերքի «դամոկլյան սուրը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031