Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի՝ Կոնգրեսից դուրս գալու հայտարարությանը, ասաց, որ նա Կոնգրեսից դուրս չի եկել ու չի կարող գալ. «Ցանկացած մարդ կարող է լինել Կոնգրեսի անդամ կա՛մ անդամակից որեւէ կուսակցության միջոցով, կա՛մ անմիջապես՝ անդամագրվելով Կոնգրեսին, եթե նա որեւէ կուսակցության անդամ չէ: Նման խնդիր առաջացել էր Ալիկ Արզումանյանի հետ, նա լինելով ՀՀՇ-ի անդամ, թեեւ ինչ-որ տարաձայնություններ ուներ Կոնգրեսի հետ, բայց Կոնգրեսից դուրս չեկավ այնքան եւ չէր կարող լքել, մինչեւ չլքեր ՀՀՇ-ի շարքերը: Այնպես որ, Դավիթ Շահնազարյանը մնալով ՀՀՇ անդամ, կամա թե ակամա Կոնգրեսի մեջ է»: Դիտարկմանը, որ նա հայտարարել է, որ դուրս է եկել Կոնգրեսից դեռ ընտրություններից առաջ՝ մարտին, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Կենտրոնական շտաբից է դուրս եկել, ինքը չի ասել Կոնգրեսից դուրս եմ եկել ընտրություններից առաջ, նա ՀԱԿ-ի կենտրոնական շտաբի անդամ էր, շտաբից է դուրս եկել»:
Լրագրողները նաեւ հարցրեցին, թե միասնական թեկնածուի դերում բացի Տեր-Պետրոսյանից, ո՞ւմ եք տեսնում՝ նա պատասխանեց, որ «Այն մարդը, որը կարող է մարտահրավերներ նետի Սերժ Սարգսյանին, նա պիտի լինի իսկապես հզոր քաղաքական ֆիգուր, որի անկաշառությունը, վճռականությունը կասկածի տակ չի կարող առնվել հասարակության կողմից: Դա պետք է լինի մարդ, որն առավելագույնս կարող է քաղաքական լիդերներին, քաղաքական ուժերին համախմբել իր շուրջը, այդ հանելուկի լուծումն էլ դուք տվեք: Եթե մենք խոսում ենք հաղթող թեկնածուի մասին, այդ թեկնածուն պետք է այդ որակներն ունենա, համաձայնեք, չէ՞»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ