Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ինչպե°ս է գնահատում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ «Հարսնաքարի» գործի քննությանը չմիջամտելու որոշումը: Նա պատասխանեց. «Թեև պարոն Աբրահամյանը շարժվել է ֆորմալ առումով ԱԺ կանոնակարգ օրենքով, երբ ուղղակիորեն նման պարտականություն ԱԺ նախագահին վերապահված չէ, բայց կա հստակ ամրագրված նորմ, որ ԱԺ նախագահն ապահովում է ԱԺ բնականոն աշխատանքը: Այս դեպքում կարծում եմ, որ սա բավարար հիմք էր պնդելու, որ չորս խմբակցությունները կարող են դիտվել ԱԺ-ում բնակակոն գործունեության շրջանակներում: Հասկանում եմ, պարոն Աբրահամյանի մտահոգությունը այն է՝ չմիջամտել քրեական վարույթի ընթացքին: Բայց անընդունելի համարելով այս ոճը, որ զերծ են պահում ԱԺ-ում քննարկելու հնարավորությունից, միաժամանակ ուզում եմ նշել, որ քրեական վարույթի պատասխանատու մարմինները հանդես են գալիս ասուլիսներով: Ուստի մենք որոշել ենք ստեղծել աշխատանքային խումբ, որն այսօր իր առաջին նիստը կունենա, որտեղ կձևավորվի հարցաշար՝ ուղղված պետական մարմիններին: Իմ կարծիքն է այն, որ մենք միայն «Հարսնաքարի» վրա չպետք է կենտրոնանանք, սա ունի համատարած բնույթ, որի ախտորոշում պետք է կատարվի հարցաշարի միջոցով, որը պիտի լինի ընդգրկուն, խորքային և ավելի փոփոխություններին միտված»:
Մեր մյուս հարցին՝ արդյոք համամի՞տ է այն կարծիքին, թե Հանրապետական կուսակցությունում ինքնամաքրման գործընթացներ են սկսել, պարոն Մինասյանը պատասխանեց. «Ամեն մի բնական օրգանիզմ պետք է ինքնամաքրման նման պրոցես անցնի: Կարծում եմ՝ գոնե բնականություն ՀՀԿ-ի մեջ կա, ուստի պետք է անցնի նաև այս երևույթը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ