Կապանում շարունակում է օրակարգային մնալ խմելու ջրի անվտանգության հարցը: «Առավոտում» հետեւյալ հրապարակմամբ անդրադարձել ենք, որ օրերս Կապանի խմելու ջուրը պղտորվել էր, որի պատճառները կապանցի մասնագետները համարել են ոչ միայն հորդառատ անձրեւները, այլեւ քաղաքին ջուր մատակարարող ջրառի տեղանքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնց արդյունքում պղտորվել են Կապան քաղաքին ջուր սնուցող գետի ջրերը:
Կազմակերպությունն ունի համապատասխան արտոնագիր՝ տեղանքում հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, որտեղ պղնձի եւ ոսկու պաշարների հանքերեւակում է նախանշված: Հետագա հետախուզական աշխատանքներն իրականացնելու համար կազմակերպությունը ճանապարհի վերականգնման աշխատանքներ է իրականացնում, ինչի արդյունքում աշխատող տեխնիկան տարբեր տեղերից հատում է գետի հունը:
ՀՀ բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը «Առավոտի» թղթակցին հաղորդել է, որ կազմակերպության ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնել այդ աշխատանքները` խնդրի լուծման օպտիմալ տարբերակ գտնելու համար, եւ ներկա դրությամբ այնտեղ ոչ մի տեխնիկա չի աշխատում: Տարբերակներից մեկը համարում են այլընտրանքային ճանապարհի անցկացումը, որը կշրջանցի ջրհավաք ավազանը:
Կարդացեք նաև
Ըստ տարածքային բաժնի տվյալների` հետախուզական աշխատանքները կազմակերպությունը նախատեսում է իրականացնել նաեւ Կապանի սանիտարական գոտու հատվածում:
Կապանի կազմակերպությունների պատասխանատուները մտահոգված են, որ հանքավայրի հնարավոր շահագործումը կարող է վտանգավոր լինել քաղաքի խմելու ջրի համար: Թեեւ պատասխանող կողմից հավաստիացնում են, որ հանքավայրն այլ տարածքում է լինելու եւ որեւէ կապ չի ունենալու ջրի հետ:
Հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանը նշում է, որ այս օրերին ջրից թունավորման, հիվանդանալու դեպքեր Կապանում չեն արձանագրվել: «Այս օրերին մեր բժիշկները եղել են ջրառում եւ պարզել են, որ աշխատող տեխնիկան ժամանակավոր է: Բայց նույնիսկ ժամանակավոր աշխատանքների դեպքում ընկերությունը պարտավոր էր այդ մասին մեզ տեղյակ պահել, ինչը չի արել», – հավելում է տիկին Մալինցյանը: Լրագրողների եւ հ/կ-ներկայացուցիչների խումբը մեկնել էր ջրհավաք ավազան` իրավիճակին տեղում ծանոթանալու համար, սակայն տեղանքի հարեւանությամբ տեղակայված սահմանապահ զինվորների կողմից նրանց արգելվել է լինել տեղանքում` նշելով, որ իրենց հրաման է եկել ոչ մեկին տեղանք չթողնել, եւ ջրառի հատվածում աշխատող տեխնիկան էլ իջեցվել է:
Կապանի խմելու ջրի խնդրին ավելի մանրամասն՝ առաջիկայում «Առավոտ» օրաթերթում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ