Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարություն արեց. «Հաշվի առնելով, որ 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունները հասարակական մեծ հնչեղություն են ստացել` առաջացնելով հանրային դժգոհության մեծ ալիք եւ ինքնաբուխ զանգվածային ակցիաներ,
Նկատի ունենալով, որ ԱԺ կողմից արագ եւ համարժեք արձագանքը կնպաստի հասարակության մեջ լարվածության թուլացմանը, անպատժելիության մթնոլորտի վերացմանը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության եւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների ապահովմանը,
Նկատի ունենալով, որ դեպքերի կապակցությամբ շոշափվում է ԱԺ պատգամավորի մասնակցության եւ պատասխանատվության հարցը,
Հաշվի առնելով, որ դեպքերի ոչ համարժեք եւ թերի քրեաիրավական գնահատականը կարող է բացասական ազդել Հայոց բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա,
Կարդացեք նաև
Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցության» եւ «Ժառանգության» խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները որոշում ենք այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին ժամը 12-ին հրավիրել Աժ արտահերթ նստաշրջան «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով»:
Նաեւ հավելեց. «Նախագիծը պատրաստ է, համատեղ աշխատանքը նախագծի վրա շարունակվում է, մենք այսօր ժամը 6-ից 5 րոպե պակաս ձեւաթուղթ կստանանք քարտուղարությունից, որից հետո պետք է փորձենք հավաքել 44 ստորագրություն: Այդ ստորագրությունների հիմնական մասը մենք կհավաքենք՝ աշխատելով խմբակցությունների հետ, բայց մենք կաշխատենք նաեւ անկախ պատգամավորների հետ, կաշխատենք հասցնել նրանց այս ինֆորմացիան, խնդրում ենք բոլոր այն պատգամավորներին, որոնք պատրաստ են աջակցել այս նախաձեռնությանը, ժամը 13-ից 15-ը լինել Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ի սենյակ: Բնականաբար, նախաձեռնությունը շահարկվելու , ասելու են, որ քննություն է գնում, ուստի մենք նաեւ հետեւյալ մոտեցումն ենք ցուցաբերել, ինչը հնարավոր է, ուղղակի տեղափոխել ենք մարտի 1-ի հանձնաժողովի մասին որոշումից այս որոշում»:
Պարոն Զուրաբյանը բացատրեց, որ ինչպես ստեղծվել է Մարտի 1-ի հանձնաժողովը, ճիշտ այդ որոշման նույն ձեւակերպումները նշել են նաեւ այս նոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մեջ. «Ուստի ոչ ոք չի կարող ասել, որ մենք որեւէ ապօրինի բան ենք պահանջում»:
Դիտարկմանը, թե մի քանի օր առաջ կասկածում էիք, որ այդքան ստորագրություն կհավաքեք՝ Զուրաբյանը պատասխանեց. «Մենք վստահություն չունենք, որ իսկապես կարող ենք հավաքել 44 ստորագրություն, շատերն ասում են՝ եթե լիներ նախաձեռնություն՝ մենք կմիանանք, դրա համար էլ հիմա մենք նախաձեռնում ենք: Եթե անգամ դա չհաջողվի, սա նախազգուշական զանգ է»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, հաշվի առնելով, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն վերջերս հատկապես սերտորեն համագործակցում են ԲՀԿ-ի հետ, իսկ ԲՀԿ-ն մեծ խմբակցություն ունի, ինչո՞վ է բացատրվում Ձեր անվստահությունը, որ 44 ստորագրություն չեք հավաքի՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ մեզ կհաջողվի, թե չի հաջողվի հավաքել ստորագրություն: Ինչ վերաբերում է համագործակցությանը, այստեղ շատ հստակ պետք է ձեւակերպենք, ունեցել ենք խորհրդակցություններ՝ 4 խմբակցության ֆորմատով, այդ խորհրդակցությունները եթե կարելի է համարել համագործակցություն, դրան մասնակցել է 4 քաղաքական ուժ, չեմ կարծում, որ որեւէ ուժի կարելի է առանձնացնել»:
Մեր հարցին, թե ո՞վ է նախաձեռնել ու հրավիրել մյուսներին, առաջին քայլն ո՞վ է արել՝ պարոն Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Ասել առաջին քայլն ով է արել՝ ապակառուցողական մոտեցում է եւ անառողջ մրցակցություն է բերում քաղաքական դաշտ, ոչ ոք չի ուզում իրեն վերագրել առաջին նախաձեռնողի դափնիները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ