ՀՀ փաստաբանների անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան 6 ամիս առաջ ուղարկված «Սուխուդյանը Հայաստանի դեմ» գործին գրանցման համար է շնորհվել:
Դիմումատուի ներկայացուցիչը հայտնել էր, որ 2009թ.փետրվարի 2-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, իսկ օգոստոսի 8-ին էլ քրեական օրենսգրքի «Սուտ մատնություն» հոդվածով մեղադրյալ էր ներգրավվել բնապահպան շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:
Վերջինն իրեն մեղավոր չէր ճանաչել:
Կարդացեք նաև
ԵԴ դիմումում, դիմումատուի ներկայացուցիչ փաստաբանը տեղեկացնում է նաեւ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն 2009թ. օգոստոսի 21-ի ասուլիսի ժամանակ անդրադառնալով դիմումատուին առաջադրված մեղադրանքին, ասել է հետեւյալը.«Նա անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց, անչափահասներին դրդել պատժելի արարքների»: Խոսքը Նուբարաշենի հատուկ դպրոցում բացահայտված մանկապղծության դեպքերի մասին հայտարարությունների մասին էր:
Իսկ ոստիկանության ՏՎ նախկին պատասխանատու Սայաթ Շիրինյանն էլ «Տարեգիր» թերթում ասել էր հետեւյալը. «Հակափաստարկը կլսեք դատարանում: Մենք պարզաբանում տվել ենք, նախաքննության մարմինը մեզ բավականին ծավալուն տեղեկանք տվել է, հիմա ինչ հիմքով պիտի դադարեցնենք հետապնդումը»: Ու երբ հետեւել է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջ են ներկայացրել հասարակական-իրավապաշտպան կազմակերպությունները, Ս. Շիրինյանն ասել է. «Ով ուզում է լինի, եթե մարդու իրավունքների պաշտպանություն ա, կամ չգիտեմ ինչ ա, եթե իրա ձեռքի տակ ոչ նյութեր կան, ոչ բացատրություններ կան, ոչ ցուցմունքներ, որտեղի՞ց հանեցին, որ պնդում են, թե ոստիկանությունը պիտի դադարեցնի: Մենք հիմա հավասար իրավիճակներում ենք. ինչպես դուք, այնպես էլ ես: Նույն ձեւով էլ ինչ-որ անուններ եք տալիս՝ ինտերնեյշընլ, չգիտեմ ինչեր, դրանք եթե ձեռքի տակ նյութեր չունեն, մենք ինչի մասին ենք խոսելու… Մարդու իրավունքների ոտնահարում. դե, ներողություն էլի, եթե Սուխուդյանը գնում ա սուտ մատնություն ա անում, բա էդ մարդկանց իրավունքները չի ոտնահարո՞ւմ: Դա ձեր կողմից ճնշում ա իրավապահ համակարգի վրա»:
Ոստիկանության մամուլի նախկին պատասխանատուն ավելի հեռուն է գնացել եւ հանցագործ է համարել ակտիվիստին:
Ըստ դիմումատուի, ՀՀ ոստիկանապետն ու նրա մամուլի պատասխանատուն, ի դեմս նրանց՝ ՀՀ ոստիկանությունը, խախտել են իր անմեղության կանխավարկածը, ինչպես նաեւ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դիմումատուի իրավունքը:
Դիմումատուն եվրոպական դատարանից խնդրել է բեկանել հայաստանյան ստորադաս դատարանների որոշումները, ի խախտումն անմեղության կանխավարկածի՝ հատուցել բարոյական վնասը՝ հօգուտ իրեն բռնագանձել 1 մլն ՀՀ դրամ: Այսինքն, ըստ դիմումատուի, արդարացի փոխհատուցումը տրվելու է իր իրավունքների խախտման համար: «Ամենայն համոզվածությամբ եւ գիտակցաբար հայտարարում եմ, որ սույն դիմումում ներկայացված տեղեկատվությունը ճշգրիտ է»,- եզրափակել էր ԵԴ դիմումատուն:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ