Լրահոս
Օրվա լրահոսը

132 հազար գործարարից 2100 են բյուջեին փող տալիս

Հուլիս 12,2012 15:56

Այսօր Հայաստանում բիզնեսով զբաղվող 100 հազարից ավելի ընկերություններ կան, սակայն դրանց ընդամենը 20 տոկոսն է լուրջ դերակատարություն ունենում պետական բյուջեի ձեւավորման մեջ: «80 հազարից ավելի անհատ ձեռներեց կա, սակայն տնտեսական գործունեություն չեն անում, ընդհանուր առմամբ 132 հազար կնիք խփող կա, բայց 2100-են, որ բյուջեում դեր են խաղում: Պետք է գերփոքր կազմակերպություններին տրվող արտոնությունները մեծացվեն, որովհետեւ եթե չունենանք միջին շերտ, չենք կարող ունենալ կայուն հասարակություն»,-այսօր «Փաստարկ» ակումբում խոսելով ՓՄՁ-ի զարգացման մասին՝ ասաց «Հայրենական ապրանքարտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքերով`զարգացած երկրներում ՓՄՁ-ն բյուջեի ձեւավորման մեջ 80 տոկոս է կազմում:

Պարոն Սաֆարյանի ներկայացմամբ, այսօր փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներն անգամ վարկային միջոցներ չեն կարողանում ձեռք բերել, քանի որ թե տոկոսներն են բարձր եւ թե մրցակցությունն է անհավասար. « Խոշոր բիզնեսմեններն ավելի մեծ հնարավորություն ունեն վարկեր ներգրավելու, նրանք նույնիսկ բանկեր ունեն, իսկ փոքրերն անընդհատ վարկ ստանալու փնտրտուքի մեջ են, քանի որ նրանց ծավալները փոքր են, վարկային տոկոսներն էլ բարձր են, շահութաբերությունն էլ ցածր է: Իսկ խոշորը մի քանի ուղղությամբ է աշխատում` մի տեղ չաշխատի, մյուս տեղից շահույթ կունենա: Այ հենց այստեղ է, որ պետությունը պիտի դոտացիա տա, փոխհատուցման քաղաքականություն կիրառվի»:

Անդրադառնալով հազարավոր գյուղմթերքների մթերման խնդրին՝ պարոն Սաֆարյանն ասաց, որ շատ դեպքերում, երբ բավականին լավ բերք է լինում, կառավարությունը ստիպում է մասնավորին մթերում կատարել, որպեսզի գյուղացու բերքը չմնա` փչանա. «Իսկ մասնավորն էլ ասում է` ես հագեցել եմ, այլեւս պետք չէ: Այստեղ պետք է պետական քաղաքականություն, պետությունն էլ մթերման գործարան ունենա, որպեսզի չթողնի մասնավորի հայեցողությանը»:

Գյուղմթերքներից կաթի` բավականին էժան գներով գյուղացուց գնելու խնդրին էլ անդրադառնալով, Վազգեն Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է կաթի փոշու ներմուծման վրա այնպիսի քաղաքականություն վարվի, որպեսզի բնական կաթով արտադրելն ավելի շահավետ լինի, քան կաթի փոշիովը. «Այսօր գյուղացուց գնվող 1 լիտր կաթը 1 լիտր ջրից էլ էժան է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031