Լրահոս
Օրվա լրահոսը

Սալբի Ղազարյանը զգուշացնում է, որ բարերարի նկատմամբ քաղաքական պատվերը դադարեցնեն

Հուլիս 12,2012 15:42

Հարկային ստուգումները «Սիվիլիթասում» շարունակվում են: Օրենքով նախատեսված է 15 օր, սա դեռ 9-րդ օրն է: «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ իրենց փաստաբան Արթուր Գրիգորյանն այսօր պիտի մտնի դատարան այն հարցով, որ վերացվի ԱԱԾ որոշումը, որի հիման վրա գործը հարուցվել է եւ վարույթն ընդունվել է: Հարցին, գտե՞լ են ինչ-որ բան արդեն՝ նա պատասխանեց, որ գործն ըստ երեւույթին նորմալ ընթանում է, ինչպես որ պիտի ընթանար: Լրագրողները խնդրեցին մեկնաբանել, թե ինչպե՞ս եք բացատրում այն, որ մինչ օրս ոչ մի բան չեն գտնում, չեն կարողանում բացահայտել՝ տիկին Ղազարյանը պատասխանեց. «Որովհետեւ մենք 4 տարի փայլուն գործունեություն ենք արել: մենք ի սկզբանե շատ կարեւորություն ենք տվել այն հարցին, որ մեր գործունեությունը լինի ամբողջությամբ օրենքի դրույթներով եւ թափանցիկ: Եվ ուրախ եմ, որ այն, ինչ մենք ակնկալում էինք, որ իսկապես մեր փաստաթղթային եւ հաշվապահական գործունեությունը մաքուր է եւ դրա համար քրեական խոսակցությունն ընդհանրապես անհիմն է, այդպես էլ պարզվում է, որովհետեւ այնտեղ իսկապես ոչինչ չկա»:

Այն մեղադրանքներին, որ «Սիվիլիթասը» ղեկավարվում է մորմոնների կողմից՝ Սալբի Ղազարյանը պատասխանեց. «Սիվիլիթասը» ֆինանսավորվում է մի շարք անհատների ու մի շարք բաժնեների միջոցով: Այդ բաժնետերերը ոչ թե «Սիվիլիթասին» են ֆինանսավորում, այլ՝ «Սիվիլիթասի» ծրագրերին: Մինչեւ այսօր որեւէ դժգոհանք չեն արտահայտած, ընդհակառակը, մեր բաժնետերերը մինչեւ այսօր շարունակում են մեր հետ գործակցիլ»:

Տիկին Ղազարյանը վստահեցրեց, որ իրենք մորմոնների կողմից չեն ֆինանսավորվում, ֆինանսավորվում են տարբեր անձանց կողմից՝ տարբեր կրոնների պատկանող:

Դիտարկմանը, որ ինչու են ասում, որ «Սիվիլիթասին» են հովանավորում, ուրեմն մի բան կա՝ Սալբի Ղազարյանը պատասխանեց. «Դե ուրեմն Գյումրիում էլ երեւի մի բան կա, որ 20 տարի առաջ պարոն Հանթսմանը Գյումրիում էլ օգնություն բերել է: Գիտեք, արդեն մենք աբսուրդի մակարդակի ենք  իջեցնում եւ մեր դոնորների, բաժնետերերի, ինվեստորների նկատմամբ ոչ իրենց գործունեության մասին ենք խոսում, այլ՝ իրենց կրոնի եւ պատկանելության: Այստեղ արդեն արձագանքելու տեղ չկա»:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը հարցին, թե շանսերն ինչպե՞ս եք գնահատում՝ պատասխանեց. «Շանսերը, բնականաբար, բարձր չի գնահատվում այն պարզ պատճառով, որովհետեւ այստեղ ամբողջ դատաքննչական համակարգը, ներուժը պիտի աշխատի, որ հնարավորինս իրենց ներկայացրած քրգործի հիմքերն ինչ-որ կերպ արդարացնեն: Մենք հիմա չենք ասում, որ ում մեղադրում են, նրանք անմեղ են: Մենք ասում ենք, որ ի սկզբանե այս քրգործը, որ հարուցել եք՝ այս որոշումը վերացրեք»: Պարոն Գրիգորյանը ինքն էլ վստահ էր, որ եթե վերացնեն քրգործը, դա բացառիկ մի բան կլինի ողջ քրեական համակարգի համար, այդուհանդերձ  նշեց, որ հույսները չեն կորցնում. «Հիմա դիմում ենք առաջին ատյանի դատարան, բնականաբար, Վերաքննիչ էլ կդիմենք: Եթե վարույթը միշտ շարունակվի եւ հանկարծ մեղադրանքներ առաջադրեն եւ դատական քննության առարկա դառնա, այդ ժամանակ մենք, կախված հանգամանքներից՝ կորոշենք, թե ինչ լրացուցիչ միջոցների դիմենք»: Թե որոնք են այդ միջոցները՝ փաստաբանը նշեց միջազգային դատարանների մասին:

Փաստաբանը նշեց, որ այն, որ հետեւություն է արվում փողերի լվացման ինչ-որ մի հանգամանքի մասին, մինչդեռ այն ուղղակի բացառվում է. «Այն ձեւակերպումը, որ «Սիվիլիթասին» ուղղվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցներ, դա մեծապես վնասում է «Սիվիլիթասին», իսկ պատիվն ու հեղինակությունը եւս միջազգայնորեն պաշտպանվող արժեքներ են: Մենք կապացուցենք, որ «Սիվիլիթասի» հեղինակությանն անհարկի ոտնձգություններ կատարելու հիմքեր դատաքննչական մարմինները չունեն»:

Հարցին՝ փաստորեն Հանթսմանի՞ն են մեղադրում այս ամեն ինչի մեջ ու ի՞նչ է ստացվում՝ Սալբի Ղազարյանը պատասխանեց. «Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ ոչ լավ բան՝ Հայաստանի համար: Դա կսպառնա Հայաստանի հեղինակությանը, Հայաստանի վարկանիշին՝ իբրեւ գործընկեր: Եթե որեւէ անձ քո պարտնյորն է, քո նվիրատուն է եւ մի քանի տարի հետո ուրիշ նպատակներով դու պատրաստ ես ոտնակոխելու այդ մարդու անունը, դա արդեն կնշանակե, որ մենք պատրաստ չենք անկեղծորեն ու ազնվորեն գործակցելու այն մարդկանց հետ, որոնք իսկապես, բացի բարերարությունից, որեւէ բան չեն ըրած Հայաստանում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Վարդան Օսկանյանն ասել էր, որ այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ կա, հիմա, երբ միջոցներ չեն ձեռնարկվում, քայլեր չկան, կարելի՞ է ասել, որ իշխանությունները մտադիր են այդ քաղաքական հետապնդումը դադարեցնել՝ նա պատասխանեց. «Գործը չի կասեցված, գործը շարունակվում է, մենք շարունակում ենք ասել, որ քաղաքական պատվեր, որովհետեւ ուրիշ բան չկա այնտեղ, մեղք, սխալմունք, խախտում եւ այլն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031