Այսօր «Գոլդեն Թուլիպ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում ֆրանսիացի ռեժիսոր Պիեռ Շյոլեռը ներկայացրեց «Միջազգային մրցույթ» ծրագրի խաղարկային բաժնում ներգրավված «Իշխանավորը» ֆիլմը: Վերջինս ներկայացնում է ֆրանսիացի պաշտոնյայի «ոդիսականը»:
Ռեժիսորը նշեց, որ ցանկացել է ցույց տալ քաղաքական գործիչների առօրյան` ընդգծելով Ֆրանսիայի կառավարության պատասխանատվության աստիճանը. «Միշտ չէ, որ կառավարությունն ի զորու է խնդիրներին լուծում տալ: Կոնկրետ քաղաքական գործիչներ չեն ներկայացվում, հերոսի կերպարը ձեւավորել եմ մի քանի պաշտոնյաների հետ շփման արդյունքում: Շեշտադրվում է ոչ այնքան քաղաքականությունը, որքան քաղաքական գործչի էմոցիաները` վախ, էրոտիկա, չափազանցության հակումներ: Սովորաբար, քաղաքական գործիչներից զզվում ենք, բայց քաղաքականությունը մեր կյանքի մի մասն է կազմում»:
Շյոլեռի բնութագրմամբ` հերոսն աշխատանքին նվիրված կերպար է` քաղաքական գործչի բոլոր առանձնահատկությունների խտացմամբ. «Մի կողմից նա մարդկային է, մյուս կողմից` ունի սատանայական հակումներ»:
Կարդացեք նաև
Ռեժիսորը փաստեց, որ նկարահանման աշխատանքների ընթացքում որոշակի դժվարություններ են հաղթահարվել. «Ձնաբուք սկսվեց, եւ Փարիզը մթնեց: Մարդիկ ճանապարհներին թողնում էին իրենց մեքենաները, եւ ստիպված եղանք հինգ ժամում ոտքով անցնել քսան կիլոմետր»:
Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է Նիկոլա Սարկոզիի կառավարության ժամանակ. «Նախարարների շրջանում բացասական արձագանք եղավ ֆիլմի նկատմամբ. բարկացել էին, որովհետեւ ճշմարտությունը վիրավորական է: Կարծում եմ` Սարկոզին չի տեսել այն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ