«Ցանկացած ընտրություններ նման են այլ երկրում անցկացվող ընտրություններին, եւ միեւնույն ժամանակ՝ նման չեն այլ երկրում կայացած ընտրություններին»,- ասաց վերլուծաբան Ալեքսանդր Մարգարովը, ի պատասխան Aravot.am-ի՝ հուլիսի 19-ին կայանալիք Արցախի ընտրությունները հայաստանյան ընտրությունների մանրակերտը կլինե՞մ, թե՞ ոչ, հարցին:
Մարգարովը մեր զրույցում մեկնաբանելով Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը Մինսկի խմբի համանախագահների այցի մասին՝ ասաց.
«Այդ մարդիկ դրա համար աշխատավարձ են ստանում, նրանց աշխատանքային պայմանագրի մեջ ըստ էության նշված է, որ նրանց հիմնական զբաղմունքը պետք է կայանա նրանում, որ գտնեն երկարատեւ խաղաղություն հաստատելու միջոցները , մեթոդները, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար: Այս դեպքում, ոչ միայն դեսպանը կարող է հայտարարել, որ Մինսկի խմբի համանախագահողները փնտրում են Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներ, այլեւ ցանկացած մարդ, որին կանգնեցնենք փողոցում, կասի, որ այդ մարդկանց աշխատանքը հենց դա է»:
Կարդացեք նաև
Մարգարովի ձեւակերպմամբ՝ համանախագահները կգտնեն այդ ուղիները, թե ոչ՝ այլ հարց է ու միայն դրանով կարելի է որոշել, թե ինչքանով են լավ կամ վատ կատարում իրենց աշխատանքը նրանք. «Առայժմ լավ են աշխատում, այն իմաստով, որ կողմերը չեն հասել այն մակարդակին, որ ասեն՝ ժողովուրդ ջան, շնորհակալություն, ցտեսություն, բայց մենք այդ հարցը ինքներս կլուծենք, այսինքն՝ ռազմական ճանապարհով: Իսկ այն իմաստով, որ նրանք դեռեւս չեն կարող առաջարկել կոնկրետ մի որոշում, որն ընդունելի կլինի կողմերի համար՝ դեռ կատարելագործման տեղ ունեն»,- ասաց Մարգարովը՝ հավելելով, որ համանախագահներն անում են այն գործը, որի համար իրենք կանչված են եղել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ